«Ես ինձ հրամայեցի ապրել այն ժամանակ, երբ ապրելու շանս չունեի». Տիտանը՝ կյանքը սիրող ռազմական բժիշկը

«Շուշիում էինք: Ռմբակոծությունը մի քիչ թուլացավ, սոված էինք ու շա՜տ ծարավ, բայց մեր բախտից լավ խիտ մառախուղ էր: Բերաններս բացեցինք, որ կուլ տանք, ծարավն անցնի: Սկսեցինք երազել: Հարցրի՝ Դավո՛, որ պատերազմն ավարտվի, առաջինն ի՞նչ կուզես, ասաց՝ ժարիտ եմ ուզում ուտել: Ես էլ ասացի՝ իսկ ես մի մեծ բաժակ բանանի սմուզի կխմեի: Քիչ անց մեր սանհրահանգիչներից Սամոն եկավ՝ ափերի մեջ մանդարիններ առած: Կերանք՝ ի՜նչ համով էին»: 

Նարնջագույն մանդարինները մոխրագույն պատերազմի ֆոնին մի տեսակ հակադրություն են, դաժանության դեմ գունավոր ու միամիտ պայքար: Քիչ անց Տիտանն իմացավ, որ մանդարինները դիակների տակից էր պատահմամբ գտել սանհրահանգիչը, ու դրանց մի մասը արյունոտ էր: 

Ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ 26 տարեկան էր: Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

2020-ի աշնան առաջին ամսվա 27-րդ օրը հերթական օր էր՝ անսովոր ոչինչ չէր կատարվում։ Հավանական պատերազմի վտանգի մասին զգուշացրել էին, ինքն էլ ամեն բան պատրաստ պահած ուներ, հագուստն էլ զորամաս գնալու ճանապարհին հագավ։ Պատերազմի սկզբին, երբ դեռ նորաթուխ բժշկին հայտնի չէր, թե ինչ է կռիվը, ամեն բան հաջողվում էր ըստ պլանի ու արարողակարգի անել՝ բուժտագնապ, տարհանում, այլ վայրում ծավալման հրահանգներ և այլն։ 

«Նկարում էի, վերջացրի, պառկեցի քնելու։ Առավոտյան արթնացա Հաթերքի դիրքերի ռմբակոծության ժամանակ։ Ինձ թվում էր՝ երկինքը հիմա գլխիս կփլվի։ Մտածեցի՝ սկսվեց»։ 

Սաղավարտը մոռացած, բոթասներով ու անհրաժեշտ իրերը ձեռքին ճանապարհ ընկավ: Մտքում հիշեց դասական բժշկության բոլոր մանրուքները, որ հետո պիտի հերքվեին հազար անգամ: 

«Հրամանատարս այնքան անխռով էր կանգնել շտաբի մուտքի մոտ, որ մի պահ քարացա։ Մտածում էի՝ հիմա դիտողություն կանի, որ սաղավարտ չեմ հագել, բայց նայեց ինձ ու ասաց՝ դո՛ւխ տուր էնտեղ, դու «Եղնիկներում» ծառայած ես, բոլորից լավ գիտես ամեն ինչ։ Պատրաստ ես, չէ՞։ Ճիշտ այդպես, պարո՛ն փոխգնդապետ»: 

Տիտանն ասում է, որ պատերազմում տպավորիչ շատ բան է լինում։ Այդ ընթացքում ողջ տպավորությունն իհարկե լղոզվում է սահմռկեցուցիչ դեպքերի պատճառով, բայց հետո վերլուծելով՝ սկսում ես գիտակցել, որ կռվում անկարևոր ու կարևոր պաշտոններ, մարդիկ չկան։ 

«Երբեք չեմ մոռանա բուժքրոջս՝ Ալլա Էմիրյանի քաջությունը, հոգատարությունը։ Մատաղիսում ո՜նց էր վազում պայթող արկերի տակ, ո՜նց էր ինքն իրեն մոռացած օգնում վիրավորներին։ Մի անգամ Ալլան չլացեց, ընդհակառակը՝ հույս էր տալիս, որ ամեն ինչ լավ կլինի։ Երբ իմացանք, որ հրամանատարը զոհվել է, զորքի մեծ մասի ճակատագիրն էլ անհայտ էր, Ալլան էր, որ չհուսահատվեց այն դեպքում, երբ ես հուսալքված՝ չգիտեի գլուխս ո՛ր պատին տալ։ Շատ տղամարդիկ լքեցին Արցախը, Ալլան մնաց»: 

Մահը պատերազմում շատ արագ է սովորական դառնում։ Տիտանը, սակայն, շատ բաների հետ այդպես էլ չկարողացավ հաշտվել՝ փախուստի, իրար դավաճանելու, լքելու․․․ Հիշում է իր վարորդին՝ կռվի համար շատ երիտասարդ Դավոյին, որ մի վայրկյան չլքեց «դոկտըրին»՝ Տիտանին։ 

«Դավոս լուսավոր կետ է, չէ՛, կետ իմաստով չէ, այլ կենդանու՝ այ այդքան մեծ կետ է ինքը։ Չգիտեմ՝ իրեն եղբայր կոչեմ, ընկեր, հարազատ, Դավոն մարդ է, որի հետ պատերազմ ենք անցել, հերիք ա, չէ՞: Պատերազմում օրեր կան, որ ասոցացնում եմ Ed Sheeran-ի I see fire into the mountains երգի հետ, բառերը լրիվ այդ օրերի համար են գրված:

Նրան ի սկզբանե վստահում էին: Տղաներից շատերն էին հետո Տիտանին խոստովանում, որ երբ իրեն տեսնում էին տարածքում, մտածում էին՝ «որ մեռնենք, տուն կհասցնի, որ վիրավորվենք, հաստատ կփրկի, մեզ չի թողնի»: 

Տիտանը փրկել է երիտասարդի անգամ այն պահին, երբ գիտակցել է, որ իր կարդացած բոլոր գրքերում նման վիրավորում ունեցողները չեն փրկվում: Ասում է՝ ափսոս, որ պատերազմն էլ ընտրություն է կատարում, ու բոլորին փրկել չես կարող. «Նման պահերին սկսում ես քո կյանքն էլ նժարին դնել ու հարցեր տալ՝ ինչո՞ւ եմ ապրում»: 

Դավոյի հետ Շուշի ենք գնացել՝ իմանալով ու լրիվ գիտակցելով, որ հետ գալու հավանականությունն էնքան չնչին է, որ նույնիսկ չարժի մտածել այդ մասին: Նման դեպքերում էնքան պետք են Դավոներ՝ ամուր, վստահ ու ինքնամոռաց»:

Տիտանը հաճախ էր Աստծուն հարցնում՝ ինչո՞ւ պիտի հենց ինքը փրկվի, հետո պատասխանում՝ որովհետև ուզում է լիքը բան անել, որ իր հայկական ազգանունը թնդա ողջ աշխարհով մեկ, որ աշխարհին պիտանի լինի: Առհասարակ կարծում է, որ ամեն հայ պետք է աշխարհահռչակ դառնա, ոչ թե հերթական մեկը, այլ հենց աշխարհահռչակ մեկը՝ գիտնականը, արվեստագետը, ծրագրավորողը… բժիշկը: 

«Գուցե տխուր հնչի, գուցե՝ ոչ ճիշտ, բայց ես ամբողջ ընթացքում ո՛չ մորս, ո՛չ հարազատի, ո՛չ ընկերոջ կարիք չեմ զգացել: Միայն ուզում էի հրամանատարս կողքիս լիներ, իսկ ինքն էլ չկար: Պատերազմն այնքան անգութ է, որ ժամանակ չի տալիս սգալու, ցավելու համար, դաժան է հնչում, բայց սովորական է դառնում ամեն ինչ»: 

Տիտանը եղել է առաջնագծի ամենաթեժ կետերում, տպավորությունները աննկարագրելի են, բայց Շուշին չի մոռանում, գուցե որովհետև այն հետո շատ խորհրդանշական պիտի դառնար բոլորի համար: 

«Կռվում, երբ մահը ռեալ է ավելի, քան երբևէ, մեկ է, բժիշկ ես, ու չկա կյանքից ավելի կարևոր բան՝ մարդու կյանքը գերագույն արժեք է: Ու երբ դու փրկում ես մարդուն, քո գործն արել ես, մահվան բերանից հետ ես բերել, բայց չես կարող տեղանքից հանել, չգիտեմ՝ դրանից դաժան ի՞նչ կարող է լինել»: 

Բժիշկը Շուշիում փրկեց վիրավորների, բայց համապատասխան տեխնիկայի բացակայության պատճառով չկարողացավ այնտեղից դուրս բերել վիրավորներին: Նրանցից մեկը զանգեց մորն ու հրաժեշտ տվեց, իսկ ինքը սկսեց կռիվ տալ իր հետ՝ էլ փրկելու իմաստը ո՞րն է: 

Հիշում է, որ ինքն էլ է ցանկացել զանգահարել մորը, բայց հետո որոշել է, որ եթե զանգի, նշանակում է հրաժեշտ է տալիս: 

«Ես ինձ հրամայեցի ապրել այն ժամանակ, երբ ապրելու շանս չունեի: Այդ ժամանակ, երբ Աստծուն շատ մոտ ես, ամենադժվար հրամանն ապրելն է: Գուցե հենց այն պահին, երբ որոշեցի չզանգել մորս, ա՛յ այդ ժամանակ չհանձնվեցի»: 

«Երբ հասկացանք, որ Շուշիում մնալը նշանակում է ուղիղ մահվան ընդառաջ գնալ, հազար ու մի անհնար ճանապարհով փորձեցինք գիշերով հասնել Կրկժան (Քրքջան): Մեր տղաներից մեկը արցախցի էր, լավ գիտեր տեղանքը: Գիշերով ժայռերով, անտառներով հասանք տեղ: Այդ ճանապարհին ուզեցի մորս զանգել, բայց գիտեի, որ եթե զանգեմ, ուրեմն հրաժեշտ եմ տալիս»,- ասում է Տիտանը: 

Չկա գեթ մի դրվագ, որ բժիշկն ուզում է ջնջել մտքից: Ասում է՝ պատերազմի հետ կապված ամեն պատմություն անգին է իր համար: Հիշողությունները ջնջել նշանակում է մոռանալ այն մարդկանց, որոնք չլքեցին, չփախան, ոգեշնչեցին, դո՛ւխ տվեցին: 

«Պատերազմում սովորել եմ հոգ տանել, շատ սիրել: Ես ավելի շատ մտածում էի Դավոյի մասին, քան իմ ու հակառակը: Որ հարցնում են՝ ինչի՞ համար ես կռվում, շատերն ասում են՝ հող ու ջրի, բայց եթե ինձ հարցնեին՝ ես պատերազմում էի միայն հանուն կողքիս մարդկանց, հայրենիքը շատ պաթետիկ մի բան է կռվի ժամանակ, ես մարդկանց՝ ընկերներիս համար էի այնտեղ»,- ասում է Տիտանը՝ պատմելով պատերազմի ժամանակ բացառիկ միասնականության մասին: 

«Ուզում եմ՝ Աստված կարոտ պահի պատերազմին»: 

Ռազմական բժիշկը պատերազմի ավարտից որոշ ժամանակ ծառայելով բանակում՝ թողեց աշխատանքն ու մեկնեց ԱՄՆ ուսանելու ԱՄՆ-ի Տեխաս նահանգում գտնվող ԱՄՆ զինված ուժերի բժշկական գերազանցության կենտրոնում, որտեղ սովորել է «Բուժծառայության կազմակերպում, մարտավարություն և առաջնորդություն»։

Այժմ հետաքրքրված է հանրային առողջապահության ոլորտով ու կրկին ցանկանում է մեկնել կրթությունն այս ուղղությամբ շարունակելու, քանի որ կարծում է, որ միայն համակարգային փոփոխությունների դեպքում բժշկությունը կկարողանա ծառայել նպատակին՝ կանխելով տարատեսակ հիվանդություններ, ոչ թե բուժել:

«Երազանքս չեմ կորցրել, պարզապես փոխակերպել եմ այն, որովհետև ինչ էլ լինի, ուր էլ գնամ, իմ հրամայականը մեկն է՝ ապրեցնել մարդուն»: 

Ասա՜ // ՏԻՏԱՆ


Հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը
և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.