«Ես չէի կարող ապրել՝ իմանալով, ինչեր է նա արել երեխաների հետ». Նանա Մանուչարյան՝ խարանից մինչև թրծված ամրություն / ԴԱՓՆԵ

«Այն պահին, երբ բացահայտեցի ճշմարտությունը, ուղղակի չէի ուզում ապրել: Մտածում էի՝ ավելի լավ էր ոչինչ չիմանայի»,- ասում է Նանա Մանուչարյանը, ով 21 տարեկանում բացահայտեց ամուսնու և իր կյանքի մասին սարսափելի իրականությունը. ինքն ապրում էր մանկապիղծի հետ:

Նանան 14 տարեկան էր, երբ ծանոթացավ ապագա ամուսնու հետ:

«Մենք հինգ քույր էինք: Դեռ 6 տարեկանից ստիպված էի ինքնուրույն լինել, ուժեղ, պաշտպանել ինքս ինձ: 14 տարեկանում արդեն ուժերս հատել էին: Ծնողներս բաժանվել էին, իսկ մորս ուշադրությունն ավելի շատ ուղղված էր փոքր քույրերիս: Ինձ միայնակ ու անպաշտպան էի զգում այս մեծ աշխարհում. թվում էր՝ ոչ մի ընկեր չունեմ: Այնքան էի ուզում, որ ինչ-որ մեկը սիրեր ու պաշտպաներ ինձ: Եվ ահա նա՝ բարձրահասակ, սլացիկ, բարետես. նա դարձավ իմ փոքրիկ, երազկոտ կյանքի կենտրոնը: Նա լուսանկարիչ էր, ինձանից 19 տարով մեծ»,- պատմում է Նանան:

Նանան հիշում է, որ լուսանկարիչը դարձավ իր միակ ընկերը, նրան աշխարհի հետ ծանոթացնողը:

«Հիանում էր ինձնով, հոգատար էր, ուշադիր: Կարճ ժամանակ անց սկսեցի վստահել նրան, իր կողքին ապահով զգալ ինձ։ Նա բարի էր, շփվող, հեշտ էր լեզու գտնում երեխաների հետ. մանկապատանեկան կենտրոնում լուսանկարչություն էր դասավանդում»,- պատմում է նա:

Նանան ասում է, որ 17 տարեկան էր, երբ որոշեցին ամուսնանալ: 3 տարի անց ծնվեց «երջանիկ զույգի» որդին:

«Երեխայի ծնվելուց հետո ամուսինս անտարբեր էր դարձել, ուշ էր վերադառնում տուն, գիշերները համակարգչի առջև անցկացնում, իսկ երբ մոտենում էի, արագ փակում էր էջը,- պատմում է Նանան: — Մի օր, երբ տանը չէր, բացեցի համակարգիչն ու սկսեցի փորփրել: Գտա անչափահաս երեխաների` 8-15 տարեկան տղաների ու աղջիկների մերկ, կիսամերկ, սեքսուալ դիրքերով, միայնակ կամ խմբով լուսանկարներ… Չեմ կարող նկարագրել, թե ինչ գարշանքի զգացողություն ունեցա… Հետո գտա որոշ խոսակցություններ՝ սոցիալական ցանցերում: Ես ցնցված էի, դեռ չէի գիտակցում՝ ի՛նչ է կատարվում»:

Սարսափելի իրականությանը բախվելուց հետո Նանան պատմում է, որ որոշում է գտնել լուսանկարներում պատկերված երեխաներին, խոսել նրանց հետ, պարզել ճշմարտությունը:

«Երբ հանդիպեցի երիտասարդ տղաներին ու աղջիկներին և լսեցի նրանց պատմությունները, ուղղակի խելագարվում էի: Նրանց նկատմամբ ամուսնուս կողմից եղել էին սեռական բնույթի գործողություններ, նույնիսկ բռնաբարության դեպքեր, և նրանք տարիներ շարունակ լռել էին այդ մասին»,- «Դափնեին» պատմում է Նանան:

Չնայած կողքից հնչող բոլոր քննադատություններին ու հորդորներին, որ լռի, չբարձրաձայնի կատարվածի մասին, Նանան որոշեց դիմել իրավապահ մարմիններ` ամուսնու դեմ քրեական գործ հարուցելու համար:

«Ես ընդամենն ուզում էի, որ բոլոր ծնողներն իմանան այդ մասին ու պաշտպանեն իրենց երեխաներին, որ այլևս ոչ մի երեխա չտուժեր նրա պատճառով: Ես չէի կարող ապրել այն մտքով, որ իմացել եմ ու չեմ բարձրաձայնել այդ չարիքի մասին»,-պատմում է Նանան:

Ոստիկանություն դիմելուց հետո Նանային սպասում էր պայքարի նոր, ավելի ծանր փուլ. իրավապահ մարմիններն անտեսում էին նրա ցուցմունքները, իսկ շրջապատից միայն նոր հարվածների ու ճնշումների էր արժանանում:

«Քննիչներին ցուցմունք տալուց հետո տարիներ էին պետք, որ սթրեսից դուրս գայի: Ես նրանց ասում էի՝ ամուսինս շարունակում է աշխատել երեխաների հետ, նրա գործողությունները վտանգավոր են, կանխե՛ք, բայց ոչ մի քայլ չէին անում, ասում էին՝ գնացեք, երբ նոր, թարմ դեպք կպատահի, այդ ժամանակ էլ դիմեք մեզ: Բացահայտ գործը կոծկում էին:

«Դիմեցի խնամակալության և հոգաբարձության մարմին: Այնտեղ լսեցին ինձ ու վերջում ասացին՝ աղջի՛կ ջան, նման հարցերը ո՞վ է բարձրաձայնում, խնդի՞ր ունես՝ գնա՛ երկրից: Ես նրանց տանում էի, ցույց էի տալիս քրեական գործի ընթացքում համակարգչից դուրս բերված նյութերը՝ անչափահաս երեխաների նկարները, պոռնոգրաֆիկ նյութերը և ասում, որ ես լուրջ մտավախություն ունեմ, որ այս մարդը պետք է դաստիարակի մեր երեխային, իսկ իրենք ինձ ադեկվատ չէին արձագանքում, ասում էին՝ամոթ է, փակի, չտեսնենք այդ նկարները»,- պատմում է Նանան:

Արդարության հասնելու համար Նանայի իրավական պայքարի առաջին փուլը տևեց գրեթե 2 տարի, մինչև գործի կարճվելը: Ամուսինը մնաց ազատության մեջ, Նանան՝ որդու հետ:

«Ես շարունակում էի պայքարել բոլոր հնարավոր և անհնարին ձևերով, և այդ պայքարը տևեց 6 տարի: Մարդիկ կային, որ ինձ ասում էին՝ ամո՛թ է, քո երեխայի ապագան ես վնասում, քար ես գցում երեխայիդ բախտին, ավելի լավ է՝ լռես: Ծանոթներիս մի մասն էլ անտարբեր էր, ասում էին՝ քո խնդիրն է, ինչ ուզում ես՝ արա: Սիրտս տանջում էին անքուն գիշերների մղձավանջները և ցավը, քանի որ քաջ գիտակցում էի, որ կան և կլինեն նորանոր զոհեր: Բոլոր դռները փակ էին, անզորությունից ձեռքերս ուղղակի թափ էի տալիս»,- պատմում է Նանան:

Նանայի ջանքերի շնորհիվ տղամարդը հեռացվեց աշխատավայրից, որտեղ լուսանկարչություն էր դասավանդում երեխաներին:

Այդ տարիների ընթացքում նախկին ամուսինը պարբերաբար հետևում էր Նանային և որդուն` փնտրելով հանդիպման որևէ հնարավորություն: Իսկ Նանայի աչքի առաջ մեծանում էր չհանձնվելու և պայքարը շարունակելու գլխավոր պատճառը՝ որդին:

Համառ պայքարից 6 տարի անց՝ 2018-ին, Նանայի ամուսնու նկատմամբ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Քրեական գործը, սակայն, հարուցվեց արդեն այն ժամանակ, երբ տղամարդը դիմել էր փախուստի:

«Խոսք կա, թե փորձությունը ուժերից ավելի չի տրվում: Երևի ես այդքան ուժ ունեի, որ կարողանում էի դիմակայել, բայց տարիներ էին պետք, որ հաղթահարեի ու հասկանայի` ի՛նչ է ինձ հետ տեղի ունեցել»,- ասում է Նանան:

Այսօր Նանայի համար փակված են անցյալի բոլոր դռները: Դրանք նա փակել է արդարության ու պայքարի ծանր կապարով: Նանայի կյանքը այլևս լի է բազում գույներով, որ կարծրանում են իր ձեռքերի մեջ հունցված կավի վրա, իր արվեստանոցում: Այսօր Նանան Երևանում և մարզերում խեցեգործության մի քանի կենտրոն ունի, որոնք անվանել է «Terracotta studio»:

«Terracotta լատիներենից թարգմանաբար նշանակում է այրված հող կամ թրծված կավ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր արվեստագետ մշտապես փնտրում է այն անունը, որը բնութագրում է իրեն և իր արվեստը: Ես վաղուց էի այս անվանումը ինձ համար ընտրել: Այժմ, երբ նայում եմ հետ՝ անցյալիս, հասկանում եմ, որ կորցրել եմ վախս ամեն ինչի հանդեպ: Ես շուտ մեծացա… Այս երկար պայքարից հետո իմ կյանքում այժմ կա երեք կարևոր սկզբունք` ժպտալ դժվարություններին ու անարդարությանը, դաս քաղել և միշտ քայլ անել առաջ և երբեք չլռել, երբ կա անարդարություն»,- ասում է Նանան, որ ավելի պինդ է, քան թրծված կավը:



  • Լրագրող` Լիլիթ Առաքելյան
  • Լուսանկարները` Էմմա Գրիգորյան


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.