«Կյանքը քո ձեռքերում է, դու կարող ես փոխել այն, անհնարին ոչինչ չկա». Լենա Հարությունյանը ՝ հուսահատությունից մինչև հույս տվող / ԴԱՓՆԵ

«Տղաս մեկուկես տարեկան էր, երբ առաջին անգամ բախվեցի իրականությանը: Պարզվեց՝ աուտիզմ ունի: Ինձ շատ մեծ փորձություն էր սպասում կյանքում: Հիասթափվեցի աշխարհից, կյանքից, բարեկամներից, ընկերներից, սեփական մորից ու հորից, անգամ ինքս ինձնից»,- պատմում է Լենա Հարությունյանը, և աչքերն արցունքով են լցվում:

Անցած 11 տարին Լենայի համար լի է եղել հուսահատությամբ, վախերով, հիասթափությամբ և անորոշությամբ:

«Փողոցում աչքերս փախցնում էի անցորդներից, ծանոթ տեսնելիս փոխում էի ճանապարհս, որ հարցեր չտան, չգիտես ինչու՝ արդարանում էի Նարեկիս համար, կարծես ինչ-որ հանցանք էի կատարել, ու թվում էր՝ բոլորն ինձ մեղադրում էին… Սակայն դրանք իմ մտքերն էին, վախերը, մերժում, փախուստ իրականությունից: Ինձ ժամանակ էր պետք հասկանալու, ընդունելու, ապրելու ու նորից սիրելու համար»,- ասում է Լենան:

Տղան մեկ տարեկան էր, երբ ամբողջովին փոխվեց՝ չէր լսում, անվանը չէր արձագանքում, անհանգիստ շարժումներ էր անում, հաճախ լացում, նույնիսկ պարզ բառեր չէր հասկանում:

Ախտորոշումն իմանալուց հետո ժպտերես, վառվռուն աչքերով և կենսախինդ Լենայի համար, ինչպես ինքն է հիշում, «կյանքը մի վայրկյանում դարձավ անիմաստ և ավարտված»: Պատմում է, որ անկարողությունն ու ցավն անմիջապես իր մեջ սպանեցին հույսի բոլոր նշույլները:

«Ես և ամուսինս նույնիսկ չգիտեինք՝ ի՛նչ է աուտիզմը: Մտածում էի՝ երեխայիս մոտ զարգացման խանգարում է, ու էլ երբեք չի վերականգնվելու: Ես կարծես խոր ջրհորում լինեի, ու ոչ ոք ինձ չէր կարողանում բարձրացնել, իսկ ով փորձում էր, պարանը կտրվում էր, ու ես էլի մնում էի այնտեղ»,- ասում է Լենան:

Հայաստանում, ըստ առողջապահության նախարարության ԱԱԻ առողջապահության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի 2017 թ. տվյալների՝ կա աուտիզմ ունեցող 564 երեխա:

Հոգեբան Տաթև Վռշիկյանն ասում է, որ Հայաստանում հասարակությունը պատրաստ չէ ընդունելու աուտիզմ ունեցող երեխաներին, շատերը նույնիսկ չգիտեն՝ ի՛նչ է աուտիզմը:

«Աուտիզմ ունեցող երեխաներին կարող է վիրավորեն, անվանեն դեբիլ, մտավոր հետամնաց, զարմացած հայացքով նայեն: Դա և՛ տեղեկատվության պակասից է, և՛ հասարակության մեջ տարածված կարծրատիպերից, մենթալիտետից: Երեխաներն ու ծնողներն այդ վերաբերմունքից ճնշվում են: Ծնողները հայտնվում են հոգեբանորեն շատ թույլ վիճակում, ընկճվում, դառնում խոցելի, խիստ էմոցիոնալ, անընդհատ կարող են հուզվել, լացել: Նրանք սկսում են հասարակությունից մեկուսացված զգալ իրենց»,- ասում է հոգեբանը:

Անցած 11 տարիները Լենայի և իր ընտանիքի համար դարձան սեփական ուժերը բացահայտելու, կամքը կոփելու և խնդիրները լուծումների վերածելու փորձաշրջան: Նախ նրանք փորձում են հասկանալ, թե ի՛նչ է աուտիզմը։ Խնդրին խորապես ծանոթանալուց հետո սկսում են տարբեր մասնագետների դիմել՝ երեխայի հետ վերականգնողական աշխատանքներ տանելու համար:

«Սակայն Նարեկի վիճակը գնալով վատանում էր. գիշերները չէր քնում, ասածներս չէր հասկանում, հիստերիկ նոպաներ էր ունենում թե՛ տանը, թե՛ դրսում, անիմաստ թռչկոտում էր ու բարձր գոռգոռում, անմարդկային ձայներ հանում: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ երեխային հավաքույթների ու խնջույքների չենք տարել, քանի որ նա իր պահվածքով հայտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում, մարդիկ զարմացած հայացքով սկսում էին հարցաքննել, թե ինչո՛ւ երեխան չի խոսում կամ ինչո՛ւ է իրեն վատ պահում»:

Լենան վերհիշում է իր վերապրած դժվար օրերը։ Հոգեբանական ճնշումը և ընկճվածությունը հանգեցնում են ամուսնու հետ վեճերի։

«Մի օր վեճից հետո ինձ գցեցի լոգարան ու շորերով մտա ցնցուղի տակ: Ոտքերս ու ձեռքերս ոլորեցի, կարծես նորից ընդունեցի մամայիս փորիկում բոլորիս ծանոթ այդ դիրքը: Ցնցուղից ջուրը թափվում էր վրաս, ու ես մտքումս սկսեցի կռվել մորս հետ, թե ինչի՛ է իմ նմանին աշխարհ բերել, որ ես նույնիսկ նորմալ երեխա չեմ կարողացել ունենալ, որ անպետքի մեկն եմ: Սկսեցի լացել, ավելի ճիշտ՝ ոռնալ, որ չեմ կարող այս խաչը տանել, որ հենց տղաս մեծանա, նրան կտանեն գժանոց… Բարբաջում էի»,- պատմում է Լենան:

Նա շեշտում է, որ դժվարին իրավիճակում ամուսինը՝ խիստ անհանգստացած, օր ու գիշեր մտածում էր, թե ինչպես օգնի իրեն: Ի վերջո, կարողանում է դպրոցներից մեկում անգլերենի ուսուցչի աշխատանք գտնել իր համար։

«Գործընկերներս մի թեթև իմացան խնդրի մասին, բայց ես շատ ժպտերեսն էի ու աշխատում էի իմ խնդրի մասին երբեք չխոսել, մտածում էի` ինչի՞ ծանրաբեռնել նրանց: Դասարան էի մտնում շատ առույգ և միշտ ուրախ անցկացնում դասը: Բայց մի օր դպրոցում զանգ ստացա ինձ ծանոթ մի մարդուց, որը հարցնում էր, թե իրոք ճի՞շտ է, որ Նարեկս գիժ է: Դասարանից ուղղակի դուրս թռա ու սկսեցի լացել: Չէի կարողանում ինձ զսպել, աշակերտներիցս մեկը մոտեցավ, գրկեց ինձ ու էլ ոչինչ չասաց, երևի հասկացավ»,- հիշում է Լենան, ու աչքերն արցունքով են լցվում:

Եվ չնայած բոլոր դժվարություններին՝ նա ընդգծում է, որ երբեք չի թաքցրել որդու խնդիրը ո՛չ հանրությունից, ո՛չ ընկերներից, ո՛չ հարազատներից:

Հետ նայելով իր հաղթահարած բարդություններին՝ այսօր Լենան ասում է, թե չէր էլ կարող պատկերացնել, որ կգտնի հոգու խաղաղությունը, կկոտրի շրջապատի կարծրատիպերն ու օգնության ձեռք կմեկնի իր վիճակում հայտնված այլ ծնողների:

Ասում է, որ այսօր ինքը բոլորովին այլ Լենա է՝ ուժեղ, անսահման սիրող և անկոտրում:

«Սա մի ճանապարհ է, որտեղ դու քեզ կորցնում ես, ու թե քանի՛ տարի կտևի, որ քեզ վերագտնես, թե ո՛վ քո կողքին կանգնած կլինի՝ շատ մեծ նշանակություն ունի: Շրջապատից սուր արձագանքներ շատ են եղել, երբ լսում էի այս ամենը, փորձում էի չչարանալ, որովհետև հասկանում էի, որ դա ինձ կկործանի: Հակառակը՝ մի բարի գործ էի անում այդպես խոսող մարդկանց համար, որ նրանց վերաբերմունքը փոխվի»,- անկեղծանում է Լենան:

Նա խոստովանում է, որ իր վերականգնման համար տարբեր հոգեբանական հնարքներ է կիրառել:

«Ձայնագրում էի ինձ մոտ 40 անգամ և անընդհատ ասում, որ իմ երեխան գնալով լավանում է, որ կան դրական արդյունքներ, որ մենք առողջ ենք, երջանիկ, հավատում ենք ու սիրում: Հետո միացնում էի ձայնագրությունը և անընդհատ լսում իմ ձայնը: Ես իմ ենթագիտակցությանը ստիպում էի մտածել, որ ամեն ինչ լավ է, չէի թողնում որևէ բացասական միտք ներխուժի գլխիս մեջ: Ես խաբո՞ւմ էի, թե՞ չէի խաբում իմ ինքնագիտակցությանը՝ կարևոր չէր։ Կարևորը, որ դա օգնեց ինձ դուրս գալ այդ ջրհորից… Անցավ ժամանակ, ես ուժ հավաքեցի ու գտա նաև այն մեթոդը, որն օգնեց մեզ»,- պատմում է Լենան:

Տարիներ շարունակ պայքարելուց և տարբեր մեթոդներ կիրառելուց հետո Լենան հայտնաբերում է աշխարհում հայտնի դիսկրետ վիդեոմոդելավորման (ԴՎՄ) ամերիկյան մեթոդը և կապ հաստատում հիմնադիրների հետ: Նա սեփական ռեսուրսներով հայաֆիկացնում է այս մեթոդը, որն էլ նպաստում է երեխայի մոտ խոսքի ընկալման զարգացմանը, արձանագրվում են դրական արդյունքներ:

Սերը դեպի կյանքը, համառ պայքարն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ ի վերջո փոխում են Լենայի ու նրա որդու կյանքը. Նարեկն այսօր հաճախում է ներառական դպրոց, արդեն որոշ չափով խոսում է, գրում, ինքնասպասարկում, զարգացած է նրա մատների մոտորիկան, իսկ վարքում կան շեշտակի դրական փոփոխություններ:

ԴՎՄ մեթոդը ամերիկյան Gemiini համակարգի հայաֆիկացված տարբերակն է, որի նպատակն է երեխային սովորեցնել շրջակա միջավայրում առկա ամեն ինչի մասին, ճանաչել ու արտաբերել բառեր, նախադասություններ և հաղորդակցվել՝ կիրառելով այդ ամենը: Էկրանին ներկայացվող պատկերները կամ գործողությունները համադրվում են խոշորացված պլանով բերանի շարժման հետ՝ կրկնվող բառերի արտաբերումով: Այս մեթոդն ապահովում է պասիվ բառապաշարի ակտիվացում, զարգացնում խոսքի ընկալումը, ստեղծում է միջավայր՝ կենտրոնացնելով երեխային ու կրկնօրինակելով խոսքը, վարքը, ճանաչողությունը:

Արդեն 2 տարի է՝ Լենան հիմնադրել է «TMM – Սովորեցրո՛ւ ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնը, որն զբաղվում է Հայաստանում աուտիզմ, մտավոր հետամնացություն և Դաունի համախտանիշ ունեցող երեխաների խնդիրներով: Այսօր կենտրոնում աշխատում են հատուկ հոգեբաններ, լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ, էրգոթերապիստներ, արտթերապևտներ և հոգեբաններ: Կենտրոնի գործունեության հիմքում հենց ԴՎՄ մեթոդի կիրառումն է:

«Այժմ կենտրոն է հաճախում է 60-ից ավելի երեխա թե՛ Երևանից, թե՛ մարզերից, թե՛ արտերկրից: Ծնողներն սկզբում գալիս են մեզ մոտ հուսալքված, անպաշտպան, փրկության մի դուռ փնտրելով, ինչպես ժամանակին ես էի: Դրանք ինձ ծանոթ փուլեր են, որոնց միջով անցնում են բոլոր ծնողները: Բայց ես ուրախ եմ, որ այսօր մենք մեր փորձով կարողանում ենք օգնության ձեռք մեկնել, ուժ, հավատ և սեր փոխանցել այն ծնողներին, որոնք դիմում են մեզ: Ամիսներ անց նրանք անձամբ են նկատում իրենց երեխաների առաջընթացն ու դրական փոփոխությունները: Իսկ ծնողների երջանկությունից փայլող աչքերն ինձ նոր ուժ և էներգիա են հաղորդում իմ աշխատանքը շարունակելու համար»,- ասում է Լենան և հավելում, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ծրագիրը գործում է բարեգործական հիմունքներով: 

Ուժեղ, անկոտրում և հավատով լեցուն Լենայի համար այսօր այլևս չկա իր նպատակներին հասնելու որևէ խոչընդոտ, սակայն նրա ձեռքբերումների հետևում իր ապրած ծանր օրերի հիշողությունն ու փորձն են:

«Առաջինը ե՛ս փոխվեցի: Չպետք է տրտնջաս ու դժգոհես, որ քեզ ու քո երեխային մարդիկ չեն ընդունում: Եթե նստես ու անընդհատ լացես, որ դու տանջված ես, դատապարտված, ապա ավելի կխորացնես խնդիրը: Դու պետք է ինքդ փոխվես ու ներկայացնես մարդկանց քո խնդիրն այնպես, ինչպես կա, ու կտեսնես՝ մարդիկ կժպտան քեզ»,- անկեղծանում է Լենան:

Հայացք նետելով անցյալին` Լենան խոստովանում է՝ այդ ցավը միշտ կա իր հոգում, որ երեխան խնդիր ունի: Բայց դրանք փուլեր են, որոնց միջով անցել է ու դեռ պետք է անցնի:

«Դու սովորում ես ներդաշն ապրել այդ խնդրի հետ: Ես իմ սեփականությունը դարձրեցի այս խնդիրը ու կարող եմ ասել, որ հաղթահարել եմ: Ես հիմա ավելի ուժեղ եմ: Կյանքը քո ձեռքերում է, դու կարող ես փոխել այն: Անհնարին ոչինչ չկա՝ ես փոխել եմ իմ կյանքը: Սա է մեր առօրյան, մենք ամեն վայրկյան պայքարում ենք, սթրես տանում, լացում, հետո նորից սրբում արցունքներն ու էլի ժպտում և ապրում»,- ժպտում է Լենան:


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.