«Ես սրտումս ատելություն չունեմ. ես հաղթել եմ, որովհետև ներել եմ». Նելլի Շաղբաթյան՝ երջանկության մեջ` կոտրելով որբության շղթան

«Կյանքումս մի շրջան կար, երբ չէի հավատում, որ երբևէ կզգամ այն, ինչի կարիքն այդքան ունեցել եմ: Երբևէ կհասկանամ, որ մայր եմ դառնալու: Ես 14 տարի մոր կարիք եմ զգացել ու երբ իմացա, որ երեխայի եմ սպասում, առաջին միտքս ո՛չ վախն էր, ո՛չ կասկածը, այլ այն, որ այս երեխայի համար ես անելու եմ ամեն-ամեն ինչ, տալու եմ այն ամենը, ինչ կյանքը չի տվել ինձ և Արսենին»,- ասում է Նելլին` զուսպ, մեղմ ժպիտը դեմքին:

Նելլի Շաղբաթյանը 23 տարեկան է: 7 տարեկանում՝ մոր մահից հետո, քրոջ հետ հայտնվել է Վանաձորի մանկատանը: Հայաստանում մանկատանը հայտնված երեխաների 60 %-ը ծնողներ ունի և որդեգրման ենթակա չի: Նրանք ստիպված են մեծանալ միայնակ։

«Ես ընդամենը յոթ տարեկան էի, երբ քրոջս հետ հայտնվեցինք Վանաձորի մանկատանը։ Այստեղ մեզ բերեց տատս, որը մորս մահից առաջ խոստացել էր մեզ ոչ մի  բարեկամի չհանձնել»,- պատմում է Նելլին։

Պատմում է՝ չմեղադրելով ու չքննելով ո՛չ մորը, ո՛չ տատին, ո՛չ հորը, ո՛չ կյանքը։ Պատմում է, որ հայրն իրենց լքել է դեռևս իր ծնվելուց առաջ, և հղի մայրը մնացել է մենակ՝ երկամյա քրոջ հետ։ Իսկ իր ծնվելուց հետո առողջությունը կտրուկ վատացել է։ Հաջորդող յոթ տարիներին մայրն անցկացրել է անկողնում պառկած։

«Երբ մայրս ինձանով հղի է եղել, հայրս թողել է մեզ ու ամուսնացել ուրիշ կնոջ հետ։ Մորս էլ առանձնապես չեմ հիշում, ինչ-որ պատառիկներ միայն։ Քաղցկեղը շատ արագ էր զարգանում։ Մեզ հիմնականում տատս էր պահում։ Մահից առաջ մայրս տատիկիցս խոստում էր «կորզել», որ եթե նա ի վիճակի չլինի մեզ պահելու, ոչ մի բարեկամի մեզ չվստահի, նաև` հորս, որն արդեն ուրիշ ընտանիք ուներ»,- ասում է Նելլին։

Մոր մահից հետո որոշ ժամանակ անց քույրերը հայտնվել են Վանաձորի մանկատանը, ուր ապրել են 12 տարի։ Նելլին հիշում է, որ միակ մարդը, որ այցելում էր իրենց, տատն էր։ Հայրը մի քանի անգամ օրենքի պահանջով է այցելել մանկատուն` ծնողական իրավունքից չզրկվելու համար: Նելլին ասում է` սկզբնական շրջանում հայրը պնդում էր, թե ցանկանում է պահել դուստրերին, բայց երեխաների խնամքը նրան չեն վստահել թե՛ տատը, թե՛ պետությունը:

«Օգոստոսի 31-ն էր, որ եկանք մանկատուն։ 2004 թվականն էր։ Հիշում եմ՝ բակում երեխաներ էին վազվզում։ Սկզբում մի քիչ վախեցա, բայց հետո տեսա մեր հարևանի երեխային, որ արդեն վաղուց էր մանկատանը։ Նա մեզ ընդունեց, ծանոթացրեց մյուս երեխաների հետ։ Ես մտածեցի, որ հեշտ կհարմարվեմ միջավայրին, որովհետև միշտ շատ աշխույժ եմ եղել, սիրել եմ վազել, խաղալ, շուտ մերվող եմ: Բայց, չնայած սրան, սկզբնական շրջանը շատ բարդ էր թե՛ ինձ համար, թե՛ տատիս: Քույրս ավելի սթափ էր նայում իրավիճակին, հասկանում էր, որ մենք ուրիշ ելք չունեինք»,- պատմում է Նելլին:

Հիշում է, որ տատը հաճախ էր հյուր գալիս: Գիտեր` եթե Նելլին մի քանի օր իրեն չի տեսնում, հիվանդանում է: Երեխան հաճախ էր ջերմություն ունենում, իսկ ամեն անգամ տատի գնալուց հետո փորձում էր նրա հետևից փախչել:

Տատի մահից հետո Նելլի համար աշխարհը սահմանափակվեց ավագ քրոջ գոյությամբ և կրթություն ստանալու մեծ երազանքով: Ասում է` կորուստը ծանր էր տանում, ավելի ծանր, քան մոր ժամանակ:

«Տատիս հետ ավելի կապված էի, միշտ նա էր մեր կողքին եղել, չնայած մեզ հետ արյունակցական կապ չուներ: Նա անգամ մորս չէր էլ որդեգրել: Նա մորս համար մայր էր դարձել մեկ օրում, գնացքի մեջ: Չգիտեմ` ճակատագիր է դա, թե ուրիշ ինչ-որ բան. տատս մի օր որոշում է, որ պետք է գնա մանկատուն՝ երեխա որդեգրելու: Նստում է գնացք, որտեղ, նույն վագոնում, հանդիպում է մի կնոջ` փոքրիկ աղջիկների հետ: Կինը պատմում է, որ ինքն էլ գնում մանկատուն, բայց` երեխաներին թողնելու համար: Ու տատս ուղղակի խնդրում է կնոջը երեխաներից մեկին իրեն տալ: Այսպես տատս տանից դուրս է գալիս մենակ, իսկ վերադառնում արդեն դստեր հետ»,- ասում է նա:

Նելլին հիշում է, որ տատի մահից հետո հայրը մեկ անգամ էլ այցելել է իրենց, առաջարկել իր հետ ապրել: Ավագ քույրը միանգամից հրաժարվել է, իսկ ինքը ընտրել է քրոջը:

«Ես չէի կարող քրոջիցս հեռու լինել, նա իմ միակ հարազատն է: Նա մինչև հիմա հորս չի ներում, որովհետև տեսել է մորս տառապանքը` նրա պատճառով: Նա հիշում է՝ ինչպես է մայրս` ինձանով հղի, ստիպված եղել անտառից փայտ կրել` տունը տաքացնելու համար, տարբեր գործեր արել` հորս խմիչքի գումարը վաստակելու համար: Հորս ընտանիքը մեզանից մի քանի մուտք այն կողմ էր ապրում: Քանի դեռ տատս կար, ամեն կերպ փորձում էր մեր միջև կապը պահպանել, մեզ ամեն օր հորս տուն հյուր էր տանում: Բայց այնտեղ մեզ վատ էին վերաբերվում, և, բնական էր, որ տատիցս հետո մենք դրան չէինք գնա»,- պատմում է Նելլին:

Նա խոստովանում է` մանկատանը ոչ մի բանի կարիք չի ունեցել` ո՛չ հագուստի, ո՛չ սննդի, ո՛չ ուշադրության, բայց, միևնույն է` ինքն անմայր էր: Օրվա մեծ մասն անցկացնում էր վոկալի ուսուցչուհու հետ, որ իր համար փոխարինեց մորն ու տատին:

Հենց երգն էլ միացրեց Նելլիին ու Արսենին։

Մեկ տարի իրար հետ զուգերգ երգելուց հետո մանկատանն արդեն բոլորը գիտեին` Արսենը սիրում է Նելլին:

Նելլիի համար թեման փակված էր` ոչ մի տղա, իրեն միայն կրթություն էր պետք, սակայն Արսենը բանակից վերադառնալուց հետո չնահանջեց, և բոլորը հասկացան, որ հարսանիքի օրը մոտ է։ Այսօր զույգը սպասում է որդու՝ Տիգրանի ծննդին։

Վարձակալած փոքրիկ բնակարանում փոքրիկ ընտանիքը մեծ ուրախությամբ սպասում է համալրմանը։ Նելլին ասում է, որ փորձելու են որդու մանկությունը սիրով ու գույներով լցնել, այն գույներով, որոնցից ինքն ու Արսենը կյանքի բերումով զրկված են եղել։

Նելլին խոստովանում է` հիմա մոր կարիքն ավելի շատ է զգում, իրեն մայր, որդուն` տատիկ է պետք: Հոր մասին խոսելիս Նելլին չարություն չի զգում։ Ասում է, որ թեև ոչ մի զգացմունք չունի հոր հանդեպ, սակայն այն օրը, երբ երբ հայրն իր կարիքն ունենա, ինքը կողքին կլինի.

«Ինձ շատերն են մեղադրում, որ ես հորս ներել եմ: Չեն պատկերացնում` այդքանից հետո ինչպես եմ հետը շփվում: Բայց ինձ համար ամեն ինչ պարզ է. եթե գա մի օր, երբ նա զանգահարի և ասի, որ իմ կարիքն ունի, ես կողքին կլինեմ, կխնամեմ նրան: Անկախ ամեն ինչից` հայրս է: Ես չեմ կարող սրտումս ատելություն ունենալ, դա ինձ համար պարտություն կլինի: Ես հաղթել եմ, որովհետև ներել եմ»,- ասում է Նելլին:


  • Լրագրող՝ Սոնա Մարտիրոսյան
  • Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.