«Թատրոնն իմ երազանքն էր, որի համար ես պատրաստ էի դեմ գնալ ամբողջ աշխարհին». Վահան Բադալյանը՝ երազանքները կյանք բերողը

«Երբ մաթեմատիկայիս ուսուցչուհին իմացավ, որ որոշել եմ թատերական ինստիտուտ ընդունվել, խեթ-խեթ նայեց ու ասաց՝ տղա՛ ջան, լուրջ գործով զբաղվիր, ի՜նչ թատրոն: Որևէ մեկը, իսկապես որևէ մեկը չէր կարծում, որ թատրոնը լուրջ գործ է, և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ինձ համար այն ոչ թե պատանեկան հոբբի էր կամ դեռահասի ապստամբություն՝ ապացուցելու, որ իրենց ուզածը չի լինելու, այլ թատրոնը իմ երազանքն էր, որի համար ես պատրաստ էի դեմ գնալ ամբողջ աշխարհին»:
Երևանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը 17 տարեկան էր, երբ ծնողներից պահանջեց տան նկուղը ամբողջությամբ տալ իրեն, որ ներկայացում բեմադրեր:
«Օազիսը»՝ նկուղային թատրոնը, 1994-ին այնքան հայտնի դարձավ քաղաքում, որ հանդիսատեսը շտապում էր տոմսեր գնել մի նոր ասելիք լսելու ու տեսնելու համար: Հերթական՝ Իոնեսկոյի «Դասը» բեմադրության ժամանակ տոմս ձեռք բերածների շարքում էր նաև նկարիչ Հենրիկ Իգիթյանը: Այդ օրը 17-ամյա տղան առաջարկ ստացավ գնալ ու աշխատել Փոքր թատրոնում ու զբաղվել լուրջ արվեստով:
«Ես որոշեցի ու ինքս ինձ ասացի՝ Վահա՛ն, ջնջի՛ր մաթեմատիկան քո կյանքից, դա քեզ պետք չէ, չնայած ընկերներս, որոնք դիտում են իմ բեմադրած ներկայացումները, ասում են, որ դրանք երկրաչափական ճշգրտությամբ են մտածված: Իմ համառությունը ստիպեց ծնողներիս ճիշտ ժամանակին զենքերը վայր դնել ու պարզապես աջակցել ինձ: Ի դեպ, դա լավագույն բանն է, որ մենք կարող ենք անել երեխաների համար՝ չփաթաթել մեր չիրականացած երազանքները նրանց վզին, այլ թույլ տալ, որ ազատ լինեն»,- ասում է Բադալյանը:
Նա մերկացրել է արտիստին բեմում այն ժամանակ, երբ ավանդապաշտության ու պահպանողականության տակ քողարկված հասարակությունը բարձրաձայն քննադատում էր արարքը, ցածրաձայն՝ հրճվում նրա համարձակությամբ, նա հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց մեկ բեմում ստիպել է կանգնել ու հիացնել հանդիսատեսին՝ կարծրատիպեր ունեցող հանդիսատեսին, նա Փոքր թատրոն է բերել աշխարհի ժամանակակից թատրոնի արտիստների, արել տարբեր միջազգային նախագծեր, ու ամեն բան դեռ առջևում է:
Բակային թատրոն, հետո՝ 20 հոգանոց նկուղային թատրոն, Երևանի Փոքր թատրոն… միջազգային համագործակցություններ: Սա չափազանց ճշգրիտ երկրաչափական պատկեր է՝ վայրիվերումներով լի անկանոն շարժում, որի մեջ միակ ճշմարտությունը երազանքն է, իսկ դրա հետևից պետք է գնալ՝ անկախ շարժման կանոնավոր լինելուց կամ չլինելուց:
«Վերջին երկու տարվա վիճակագրությանը նայելիս տեսնում եմ, որ արվեստում տղաների թիվը նվազել է: Արական սեռը հեռանում է արվեստից. այդպես չի կարելի: Բայց դա էլ կրկին չի կարելիների հետևանք է: Ձեզ տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում կասեն՝ մի լուրջ գործով զբաղվիր: Կամ դուք կհետևեք նրանց խորհրդին ու կկորցնեք ձեզ, գուցե լավ էլ վաստակեք, կամ դուք համառ ու պինդ կգտնվեք, թափ կտաք ձեր ուսերին նստած ու ձեր փոխարեն որոշում կայացնող հանրույթին ու ձեզ հնարավորություն կտաք երազել»,- նշում է Վահան Բադալյանը:
Նա հավելում է՝ ժամանակակից աշխարհում պետք է մտածել շատ ավելի առաջ, այնինչ մեր երկրում դերասանի վարպետություն ուսումնասիրող երիտասարդին հրամցնում են այն, ինչ ակտուալ էր մեկ դար առաջ:
«Փաստորեն, նա սովորում է մի բան, որ այլևս գոյություն չունի, ու նորից արհեստական մատուցում դա՝ առանց փոխակերպելու»,- ասում է նա:
Թատրոնը, որ ոչ ֆորմալ կրթության լավագույն ձևերից մեկն է, Հայաստանում չի կարողանում կրթել մարդուն:
«Ինտելեկտուալ թատրոնը բացարձակ չի զարգանում, այն թատրոնը, որը հանդիսատեսին ստիպում է վերլուծել, մտածել, կռիվ տալ, քննարկել: Փոքր թատրոնում հաճախ կարելի է տեսնել հատակին նստած մարդկանց. այստեղ հանդիսատեսն ազատ է, հարմարավետության զգացում ունի, վստահ է, որ իրեն չեն ճնշի: Հաճախ որևէ երևույթի չափազանց վեհացումը բերում է դրա անհասանելիության: Այդ ժամանակ հասարակությունը պարտվում է, քանզի վեհացնելով որևէ բան՝ հեռացնում է իրենից: Մարդկային, մարդուն մոտ, մարդու մասին է թատրոնը. այն պիտի հասանելի լինի»,- նշում է նա:
Երբ 2013 թվականին Վահանը Հայաստանում բեմադրեց ներառական ներկայացում, ներառական կրթությունը դեռ չէր հռչակվել պետական քաղաքականություն: Անպատրաստ հասարակությանը դժվար էր մատուցել մի բան, որի հետ կապված տաբուներ ու կարծրատիպեր ուներ:
«Ես սիրում եմ ուսումնասիրել մարդկային մարմինը, շարժում տալ դրան, կոտրել դրա բոլոր թվացյալ «սահմանափակությունները»: Մարտահրավեր էր՝ ճկել մարդկային մարմինը ու ստիպել հանդիսատեսին մոռանալ, թե բեմում ով է: Հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ ինձ աշխատել ստիպեց պարզ հետաքրքրությունը մարմինների հանդեպ»,- պատմում է Վահան Բադալյանը:

Փոքր թատրոնի ներկայացումները, որտեղ հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող մարդիկ պարում են բեմում, մոռանալ են տալիս «սահմանափակ» բառը: Այստեղ շարժումներն ու ազատությունն այնքան շատ են, այնքան ներդաշնակ, որ հարցեր չեն ծագում:
«Սա բեկումնային պահ էր նաև իմ գործունեության մեջ: Գուցե այն ժամանակ չէի մտածի, որ մասշտաբն այսքան կմեծանա, իսկ հիմա արդեն գործում են Փոքր թատրոնի ուսումնական կենտրոնները, որտեղ հաշմանդամություն ունեցող ու հաշմանդամություն չունեցող մարդիկ ուսումնասիրում են արվեստը՝ հավասար, առանց արտոնությունների»,- նշում է նա:
Վահանի կյանքի տարբեր փուլերում, երբ նա որոշել է հերթական համարձակ կամ խելահեղ քայլն անել, ինչպես ներառական բեմադրության դեպքում, նրան ասել են՝ չի ստացվի, մեր երկրում դա չի աշխատի, իզուր այդ ծանր բեռը ուսերիդ մի՛ վերցրու: Բայց, ի տարբերություն խոնարհաբար հասարակության կարծիքների հետ հաշտվողների, Վահանը սիրում է փորձություններ, նրան շատ բնորոշ են պատանուն հարիր վստահությունն ու հանդգնությունը՝ ցույց տալու, որ երբեմն պետք է հոսանքին հակառակ շարժվել:
Մարդիկ, որոնք գալիս են նրա ներկայացումները դիտելու, հաճախ կանխակալ վերաբերմունք ունեն հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունների նկատմամբ, բայց նրանց չափազանց հաճելի հիասթափություն է սպասում:
Ու երբ Փոքր թատրոնի բեմում հերթական ներկայացման ժամանակ անվասայլակով տեղաշարժվող դերասանուհին կանգնում է ու վալս պարում խաղընկերոջ հետ, այդ ժամանակ առավել քան պարզ են դառնում արվեստի՝ «ԱՆ»սահմանափակ լինելը և այն, որ մաթեմատիկան պետք է ճշգրտությամբ դեպի երազանք տանող ճանապարհը անցնելու համար:
«Քանի դեռ ապրում եք, ձեզ միշտ առաջարկելու են ավելի լավ գործ գտնել, ավելի ճիշտ մասնագիտություն ընտրել, աղջկան կամ տղային հարիր մի բան անել: Հիշե՛ք՝ լավագույն պատասխանը ձեր կամքն ու աշխատասիրությունն է: Մի՛ թողեք ձեր երազանքին առանց ձեզ»:
- Լրագրող՝ Կուշանե Չոբանյան
- Լուսանկարիչ՝ Էմմա Գրիգորյան

և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։