«Այո՛, ես «կանաչ ձեռնափայտ եմ նետել» մարտահրավերներին». Անուշը՝ կարծրատիպեր կոտրող աղջիկը՝ Վանաձորից

Լոռու մարզի Դարպաս համայնքից նա, իր զարդանախշ գունավոր ձեռնափայտով, որոնց գույնը փոխվում է ըստ տրամադրության, դուրս է գալիս տնից, բավական երկար քայլում մինչև գյուղի հայտնի խանութը, որտեղից երթուղայինը քաղաք է տանում: Այդ կանաչ, երբեմն՝ դեղին ձեռնափայտով նա ձեռնոց է նետում թե՛ հասարակության գորշությանը, թե՛ սահմանափակ մտքերին:
32-ամյա Անուշ Ասլանյանին Վանաձորում գրեթե բոլորն են ճանաչում: «Էրեո» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է ու սոցիալական ձեռներեց: Անուշն է: Իսկ Անուշ դառնալու ճանապարհը հաճախ դառն է եղել:
Անուշ Ասլանյանն ունի մանկական ուղեղային կաթված ու բազմաթիվ զարտուղի ճանապարհներ է անցել՝ սկզբում իր հավատարիմ ձիու՝ Օրլիկի, հետո՝ ամեն ամիս գույնը փոխող իր ձեռնափայտերի հետ: Հասարակական կազմակերպության նպատակն է հավասար հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար Լոռու մարզում:
«Ես ու Օրլիկն ընկերներ էինք, դե, ո՜նց չլինեինք, ամեն օր իրար հետ դասի էինք գնում, այնքան ժամանակ, մինչև մի օր Օրլիկին գողացան: Գողացողը երևի չգիտեր, որ եթե Օրլիկը չլիներ, ես դպրոց չէի կարող գնալ, դրա համար էլ հանգիստ խղճով տարել էր: Երբ իմ՝ այստեղից այնտեղ տեղափոխելու միակ օգնականն էլ չկար, մերոնք պիտի որոշեին՝ կա՛մ ինձ դպրոց ուղարկել, կա՛մ տնային ուսուցում տալ: Այդ ժամանակ ես ինքնուրույն ոչինչ չէի կարող որոշել, որովհետև «ես չէի ինձ դպրոց տանողը»՝ մյուս երեխաների պես: Սա բեկումնային պահ էր, ու այնքան ուրախ եմ, որ թե՛ ինքս երկու ոտքս մի մաշիկի մեջ դրեցի, թե՛ ծնողներս համառ գտնվեցին»:
Սկզբում քայլակով, հետո մոր ուղեկցությամբ, իսկ հետո արդեն՝ իր աչք ծակող գունավոր ձեռնափայտով, որ մի տեսակ ձեռնոց էր նետում երբեմն իր կարծրատիպերի մեջ պարփակված հասարակությանը, նա սկսեց ինքնուրույն դառնալ: Անուշի փոխարեն ցանկացած մեկը ձեռնափայտի համար աչքի չզարնող մի գույն կընտրեր, բայց նա սիրում է մարտահրավերներ:
90-ականներին շատ ընտանիքներում ընդունված էր հաշմանդամություն ունեցող երեխաներին պահել տանը, մարդամեջ դուրս չբերել, իսկ Անուշենց տանը հակառակն էր: Նա փոքր ժամանակ անգամ հովիվ է եղել, վարուցանք արել, գյուղի բոլոր աշխատանքներին մասնակցել: Դասընկերների համար նա սովորական երեխա էր բոլոր սովորական երեխաների նման:
«Ծնողներս երբեք չեն ասել՝ դուրս չգաս, չանես, չխաղաս: Ընդհակառակը՝ գյուղում երեխաներով խաղում էինք, ամենավերջինը ինձ էին տուն կանչում: Ես երբեք ինձ տարբերվող չեմ համարել, քանի դեռ համալսարան չէի գնացել: Ես անսովոր դարձա, երբ ընդունվեցի Վանաձորի պետական մանկավարժական համալսարան: Դժվարանում էի տրանսպորտից օգտվել, մայրս գալիս էր, նստում, սպասում, մինչև դասերն ավարտվեին: Կուրսընկերներս, որ մեկը մյուսից լավն էին, հետո խոստովանում էին, որ վախենում էին ինձ մոտենալ, չգիտեին՝ ինչպես»:

Ամիսներ շարունակ Անուշը մոր ուղեկցությամբ գնում էր համալսարան, հետո կրկին կտրուկ որոշում կայացնում՝ միայնակ է գնալու: Մի հասարակության մեջ, որը սովոր չէ տեսնել տարբերվող մարդկանց, իսկ հաշմանդամություն ունեցողներին կոչում է սահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ, երկար ջանք էր պահանջվում ապացուցելու, որ նա սահմանափակ հնարավորություններ չունի, այդ միջավայրն է իր հնարավորությունների ու մտածելակերպի մեջ սահմանափակ:
Տուն էր գալիս նեղված, հուսահատված, բայց այս անգամ էլ առաջին քայլն ինքն արեց. ծանոթացավ համակուրսեցիների հետ, բացատրեց, որ բացարձակ վախենալու չի, տարբերվող լինելն էլ՝ դե ո՞վ չի մյուսից տարբերվում:
«Հաճախ եմ նայում մեր տանը ու մտածում, որ նախկինում տնակում էինք ապրում: Ես ու մեր տնակն իրար հետ մեծացանք, իրար հետ ուժեղացանք: Առաջին անգամ, երբ կրթական ծրագրով արտասահման էի մեկնում, դեսպանատան աշխատողը նայեց թրջված ու չորացած անձնագրիս, հետո հարցական հայացքով սկսեց քննել ինձ, ամոթից չգիտեի ո՛նց ասել, որ տնակում անձրև էր եկել»:
Տնակը, որտեղ 20 տարուց ավելի ապրել են Անուշն ու իր ընտանիքը, իր թվացյալ խեղճ վիճակում հյուրընկալում էր նրա ընկերներին ու դառնում նրանց համար մի տաքուկ անկյուն՝ հիշողությունների համար: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Վանաձորը տնակներով լի քաղաք էր: Տարիների հեռվից երբ Անուշը նայում է այդ կյանքին, հաճախ է փորձում հասկանալ՝ ինչպե՛ս ապրեցին:
Նա օրնիբուն աշխատում է, բոլորից էլ շատ զվարճանում ու հաճախ ծիծաղում հաշմանդամության վրա: Վերջին անգամ, օրինակ՝ հիշեց, որ բարեկամների խնջույքներից մեկի ժամանակ խմել են աղջիկների կենացը, բոլորին մաղթել, որ ամուսնանան, իրեն բացառել են, մի լավ ծիծաղել է: Վաղուց են նման բաներն իրեն ի սրտե զվարճացնում, նա չի նեղանում:
«Հիմա մտածում եմ, որ գուցե դա իմ հաշմանդամության հետ էլ անգամ կապ չունի: Ես այնքան զբաղված ու գժական գրաֆիկ ունեցող մարդ եմ, շատ եմ ճամփորդում տարբեր ծրագրերով, տանը չեմ լինում, նույնիսկ չգիտեմ՝ մեր տան սուրճի բաժակները որտեղ են: Գուցե դա է պատճառը, որ մարդիկ իմ ամուսնանալը բացառում են»:
Հայաստանում անձնական կյանք ունենալու տեսանկյունից հաշմանդամություն ունեցող մարդիկ, անկախ սեռից, բախվում են թե՛ բարդ իրականության, թե՛ հորինված կարծրատիպերի: Հաճախ այդ կարծատիպերն այնքան սին են ու չափազանցված, որ նյարդայնացնում են Անուշին:
«Ես չեմ կարող ասել՝ ա՛յ, հաշմանդամություն ունեցող տղամարդու համար ավելի հեշտ է, քան կնոջ, չնայած կանանց համար դժվարություններն իսկապես ավելի շատ են: Բայց եթե անդադար լացեմ ու ընկճվեմ, ասեմ՝ վա՜յ, Անո՛ւշ, ախր ինչո՛ւ հենց դու, ախր էսպես, ախր էնպես, ոչ մի բանի չեմ հասնելու: Այո՛, ես կարողանում եմ ծիծաղել: Զվարճացնելով էլ կարելի է պատմել լուրջ խնդիրների մասին»:
Անուշը յութուբյան ալիք ունի, որտեղ չի փիլիսոփայում, չնայած ալիքը հենց այդպես էլ անվանել է:
Նա ուղղակի ապրում է ու մարդկանց սովորեցնում հասկանալ, որ հասարակությունը ներդաշնակ, գեղեցիկ ու լավն է, երբ ամեն մեկն ընդունում է մյուսի տարբերությունը:
Վանաձորում աղջկան արդեն վաղուց ամեն երկրորդն է ճանաչում, գիտեն, որ հասարակական կազմակերպություն ունի, շատ են դիմում օգնության խնդրանքով: Տարօրինակ է, չէ՞. հաճախ շատերին թվում է, որ այդ հաշմանդամություն ունեցող մարդիկ օգնության կարիք ունեն, բայց արի ու տես, որ Անուշը այդ կարծրատիպն էլ է կոտրել:
Մեծ կամքի ուժ է պետք պահպանողական, միատարր հասարակության մեջ լինել տարբերվող, դուրս գալ ու անտեսել այն հայացքները, որոնք մեխի պես ուղղվում են վրադ:
«Եթե մարդը քաջություն է ունեցել հաղթահարել այդ ամենը, ապա քաջություն ունեցեք ընդունե՛լ նրան»:
- Լրագրող՝ Կուշանե Չոբանյան
- Լուսանկարիչ՝ Էմմա Գրիգորյան

և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։