«Եթե որոշել ես օգնել մարդկանց, պատրաստ եղիր, որ քեզ ատելու են». Զարուհի Հովհաննիսյանը՝ պարտվածներին սիրողը

Օգնել մարդկանց, ու փոխարենը դառնալ թիրախ։ Դառնալ, բայց հետ չկանգնել ընտրած ճանապարհից, չատել փոխադարձաբար։ 

Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ սա է իրավապաշտպան կնոջ ուղին Հայաստանում, որն անցնելու և ինքդ քո սկզբունքներին չդավաճանելու համար անասելի խիզախություն է պետք և անվերջանալի ջանքեր՝ սիրելու ու համբերատար լինելու:

«Հասարակությունը չի ներում նրանց, ովքեր ուզում են օգնել մարդկանց։ Հասարակությունը չի ուզում, որ դու մարդուն օգնես, որովհետև այդ նույն հասարակության կառուցվածքում, անգամ ամենափոքր մոդելներում՝ միջանձնային, ընտանեկան հարաբերությունների մեջ, մարդիկ պատանդներ են։ Երբ մարդիկ ազատագրվում են վախից, վտանգավոր են դառնում այդ սիստեմի անխախտելիության համար»,- ասում է Զարուհին։

Մտավորականների ընտանիքում ծնված, մասնագիտությամբ երաժիշտ Զարուհուն իրավունքի պաշտպանության դաշտ բերեց լրագրությունը։ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին աշխատանքի անցավ նորաբաց հեռուստաընկերություններից մեկում։ Որոշ ժամանակ անց հասկացավ՝ լրագրությունն իր համար այլևս բավարար չէ անարդարության դեմ պայքարելու համար:

«Որպես լրագրող՝ գրեթե ամեն օր տեսնում էի մարդկանց, որոնց իրավունքները ոտնահարվում էին։ Ես անընդհատ տեսնում էի, թե ինչ շատ է անարդարությունը շուրջբոլորը, հատկապես կանանց նկատմամբ։ Բացի այդ, լրագրության մեջ ևս կանանց ընկալում էին միայն որպես զարդ, եթերի ատրիբուտ, որը խոսքի կամ վիճարկելու իրավունք չունի։ Ես դրա հետ համակերպվել չէի ուզում և չէի կարող»,– հիշում է Զարուհին։ 

Այդ հանգամանքն էր, որ ստիպեց Զարուհուն դուրս գալ լրագրությունից և զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ, որտեղ իր ձևակերպումները, կարծիքը, գնահատականը արդեն վերաբերմունք էին ձևավորում այս կամ այն իրողության նկատմամբ։ 

Բայց իրավունքի պաշտպանության ոլորտում ևս ամեն ինչ հարթ չէր․ այս դաշտում ևս տղամարդկանց ձայնն ավելի լսելի էր։ Զարուհին ասում է՝ միմյանց և աշխարհի համերաշխությունը տղամարդկանց նկատմամբ կանանց շատ խոցելի է դարձնում:

«Լաչառ է», «տուն-տեղ չունի», «դժբախտ է»՝ ասում են նրա մասին, ով երջանիկ ընտանիք, երեք երեխա ու մյուսներին պաշտպանելու հանդգնություն ունի։

«Կին իրավապաշտպանների դեպքում քննարկվում է ամեն ինչ՝ արտաքին տեսքից մինչև անձնական կյանքի տիրույթ։ Տղամարդ իրավապաշտպանների դեպքում երբեք չեք հանդիպի նման քննարկումների։ Նախկինում, երբ կարդում էի իմ մասին նյութերի տակ արված մեկնաբանությունները, ատելության մի քանի շերտ էի զգում ինձ վրա։ Չէի հասկանում՝ ինչպե՞ս կարող է մարդ թիրախավորվել միայն այն պատճառով, որ փորձում է օգնել մարդկանց։ Ինչո՞ւ»,– ասում է Զարուհին։

Այսօր արդեն՝ տարիներ անց, Զարուհին գտել է այդ հարցի պատասխանը․ սիրո, փոխադարձ հարգանքի ու համերաշխության վրա հիմնված հարաբերությունները բացառիկ երևույթ են մեր հասարակությունում։ 

Եվ երբ որևէ մեկը սկսում է խոսել այդ արժեքներից, դա ուղիղ սպառնալիք է հասարակության գործող մոդելին, որտեղ յուրաքանչյուրը փորձում է ինքնահաստատվել մյուսի նկատմամբ ճնշման ու բռնության միջոցով։

«Եթե որոշել ես օգնել մարդկանց, պատրաստ եղիր, որ քեզ ատելու են»,– ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ 

Մարդկանց խնդիրներին ականջալուր լինելը, անտարբեր չլինելը, օգնելը Զարուհու ամեն օրն են: Ամուսնությունից և երեք երեխաների ծնունդից հետո անգամ Զարուհին չդադարեց գործունեությունը։ Խոստովանում է՝ հաճախ թիրախում հայտնվել է նաեւ ընտանիքը: Բայց նաև հավելում է՝ իր զույգ աղջիկների և որդու համար ինքն ուժեղ է և սկզբունքային:

«Այս հարցում ինձ շատ է օգնում այն, որ ես երբեք եսակենտրոն չեմ եղել։ Ես երբեք չեմ զատել իմն ու ուրիշինը։ Այո՛, իմ երեք երեխաները ծնվել են իմ ընտանիքում, և ինձ է տրված նրանց խնամելու, նրանց մասին հոգ տանելու պատասխանատվությունը, բայց ինձ համար ուրիշի երեխաներ չկան։ Ես չեմ կարող մտածել իմ երեխաների բարօրության կամ հանգստության մասին և չտեսնել կողքի երեխաների կարիքները։ Ինձ համար կարևոր են ցանկացած մարդու ցավն ու ուրախությունը։ Եվ ես փորձում եմ, որ երեխաներս այդ մթնոլորտում մեծանան»,– ասում է նա։

Զարուհին ասում է՝ մայրությունը երբեք խոչընդոտ չի եղել իր համար և երբևէ չի մտածել դադար վերցնելու մասին: 

Ավելին, երրորդ` իրավաբանական կրթությունը՝ ստացավ այսօր արդեն ուսանող երկվորյակ դուստրերի՝ Արուսյակի և Շուշանիկի հետ զուգահեռ, և տանը միանգամից երեք գերազանցության դիպլոմ հայտնվեց:

«Երաժիշտ, լրագրող, փաստաբան։ Թվում է` ոչ մի ընդհանուր բան չկա, բայց սրանք բոլորն էլ ստեղծագործելու տեղ են տալիս։ Բացի այդ, ես հասկանում էի, որ մարդկանց պաշտպանելու համար միայն ցանկությունը բավարար չէ, դրա համար համապատասխան գիտելիքներ են պետք, երբեմն՝ շատ նեղ իրավաբանական»,- ասում է Զարուհին։ 

Հիմնական խնդիրը ժամանակը ճիշտ կառավարելն է, որպեսզի ընտանիքն ու երեխաները շատ չզգան իր պակասը։ Զարուհին ասում է՝ ամենաբարդը երեխաներին իր նկատմամբ հարձակումներից հեռու պահելն է, իր հասցեին արված տհաճ արտահայտությունները նրանց հետ քննարկելը, պատճառները բացատրելը․

«Ես շատ եմ զրուցում երեխաներիս հետ, հարցնում նրանց կարծիքը, դիրքորոշումը։ Իհարկե, երբ քո նկատմամբ ագրեսիան շատ է, դա անդրադառնում է նաև ընտանիքիդ վրա։ Բարդ է երեխաներիդ հետ խոսել քո արտաքինի, սեռական կողմնորոշման վերաբերյալ տհաճ, սուտ, վիրավորական մեկնաբանությունների մասին։ Բայց ամենաբարդը սպառնալիքներն են հենց զավակներիդ նկատմամբ։ Եղել է շրջան, երբ սպանության սպառնալիքից հետո երեխաներիս մեկ շաբաթ դպրոց չենք տարել»,– ասում է նա։

48-ամյա Զարուհին խոստովանում է՝  նման պատմություններից հետո  հաճախ է հիասթափություններ ունենում, մտածում գործունեությունը թողնելու մասին։ Հատկապես ծանր ապրումներ է ունենում կնասպանության հերթական դեպքից կամ անազատության մեջ գրանցվող մահերից հետո։ Ասում է՝ հենց այս պահերին է, որ ծանր հիասթափությանը զուգահեռ՝ սկսում է կասկածել՝ արե՞լ է արդյոք հնարավոր ամեն բան կյանքերը փրկելու համար․

«Մի կողմից այդ ծայրահեղ անզորության, հիասթափության զգացողությունն է, երբ քեզ անարդարացիորեն թիրախավորում են, երբ սկսում ես մտածել, որ քո և գործընկերներիդ անտեղյակության, գուցե անբավարար ջանքերի պատճառով մի կյանք պակասեց, բայց մյուս կողմից էլ միտքը, որ դու կարող ես օգնել թեկուզ մեկին, ստիպում է նորից ոտքի կանգնել։ Նման դեպքերում միայն մարդասիրությունն է, որ թույլ է տալիս ինձ հասկանալ և սիրել մարդկանց, անգամ նրանց, որ վիրավորում են ինձ, և ամեն օր վեր կենալ ու անել աշխատանքս»,– ասում է նա։

Զարուհին ասում է՝ բռնության սիստեմից դուրս գալու համար մարդուց շատ ջանք ու անհատնելի համբերություն են պահանջվում․ իրեն այդ հարցում օգնել են զավակները, որոնք սովորեցրել են սիրել և լսել, խոսել և հասկանալ, աջակցել ու հարգել:

«Ընտրության հարց է՝ հասնել ինչ-որ բանի անվերջ ռեսուրսների ներդրմա՞ն, թե՞ վախի ներշնչման միջոցով։ Իհարկե, վախեցնելով էլ կհասնես արդյունքի, գուցե շատ ավելի կարճ ժամանակում, քան դաստիարակության, մարդու հետ խոսելու, քննարկելու, պատճառահետևանքային կապերը գտնելու միջոցով։ 

Դա ամենօրյա, ամեն վայրկյանի աշխատանք է, որովհետև նախ պետք է հաղթահարես ինքդ քո վախերը՝ դուրս լինելու ընդհանուր համակարգից, ազատագրվելու, չվախենալու։ Սա շատ բարդ է, որովհետև աշխարհն ընդհանրապես ապրում է վախերով, ոչ թե սիրով, հարգանքով կամ փոխվստահությամբ։ Սկզբում մարդը վախենում է ծնողներից, հետո՝ ուսուցչից, որ երկուս կնշանակի, հետո վախենում է, որ աշխատանք չի գտնի կամ կհեռացվի աշխատանքից, հետո՝ երեխայի համար, հետո մահից․ մարդն անընդհատ վախենում է։ Ինձ համար իրավապաշտպանության ճանապարհը վախերից ազատագրման ճանապարհն է»,– ասում է Զարուհին։ 

Չնայած դժվարին ճանապարհին եւ բազում մարտահրավերներին՝ ամուսինը` արվեստաբան, համադրող Ռուբեն Արևշատյանը, երբեք չի խոչընդոտել Զարուհուն զբաղվել իր գործով։ Հաճախ է անհանգիստ ու մտահոգ եղել կնոջ համար, բայց միշտ հիշել է՝ ինչու է հենց նրան սիրում:

«Կարծրատիպ կա, որ կնոջը վերահսկողը պետք է ամուսինը լինի, իսկ եթե նրան չեն վերահսկում, ուրեմն նա ընտանիք չունի։ Հատկապես այն կնոջը, որը բարձրաձայնում է խնդիրների մասին, որոնք տաբուացված են։ Հասարակությունը կարծում է, որ այլոց խնդիրների մասին կարող է բարձրաձայնել միայն չարացած մարդը, իսկ երջանիկ կինը չի կարող մտածել նման բաների մասին»,– ասում է Զարուհին։ 

Նա խոստովանում է՝ իրավապաշտպան գործունեության մեջ երբեք բավարարվածություն չկա, որովհետև ամեն փոքր հաղթանակի կողքին տեսնում ես մյուս մեծ խնդիրները, որոնք չեն լուծվում։ Բայց ինքը գիտի՝ յուրաքանչյուր պարտության մեջ իմաստ կա․ 

«Ես միշտ ասում եմ՝ սիրեք պարտվածներին։ Պարտվեք, ընդունեք պարտությունը ու փորձեք գտնել դրա պատճառները․ հաղթելու այլ տարբերակ չկա։ Պարտությունը չընդունելը կամ անտեսելը ոչինչ չի տալիս։ Ընդունեք սխալները, որ արել եք, ստացեք փորձառությունը, որ բերում է այդ պարտությունը։ Ընկնել կարելի է ամեն քայլափոխի, բայց հենց այդ քայլերն են բերելու ճախրանքի»,– ասում է Զարուհի Հովհաննիսյանը։ 



Հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը
և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.