«Հասկացա՝ եթե մտածեմ անցյալի մասին, ոտքի չեմ կանգնի, իսկ ես ուժեղ եմ, ես չեմ հանձնվում». Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ցավից՝ հաղթանակ

Հայաստանի երբեմնի լավագույն կին ծանրամարտիկներից մեկը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, որակազրկման 6 տարիների ընդմիջումից հետո վերադարձավ մեծ սպորտ՝ իր իսկ ձևակերպմամբ՝ բարի համբավը վերականգնելու: 

Հունիսին Ալբանիայի մայրաքաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնությունում 35-ամյա Հռիփսիմեն ուժեղագույնների պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը: Ավելի քան 20 տարվա մարզական կարիերայից և շուրջ 90 մեդալներից հետո այս մասնակցությունն առանձնահատուկ կարևորություն ուներ Հռիփսիմեի համար․ եկել էր իրեն ու մյուսներին ապացուցելու՝ ինքը չի հանձնվում:

«Իմ որոշումը մեկն էր՝ ես հետ չեմ նայելու։ Երբեք։ Միայն առաջ։ Այո՛, հետևում ես այնքան բան ունեի թողած՝ արժեքավոր, կարևոր, բայց ես հասկացա՝ եթե մտածեմ միայն անցյալի մասին, ոտքի չեմ կանգնի։ Իսկ ես նույն Հռիփսիմեն եմ՝ ուժեղ, չկոտրվող, ես չեմ հանձնվում»,- ասում է ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը։

Առաջին անգամ Հռիփսիմեն մարզադահլիճ մտավ 11 տարեկանում, ծնողներից թաքուն՝ պարապմունքներին հետևելու։ Մարզիչը՝ Արմեն Եսայանը, միանգամից նկատեց կիսաբաց դռան արանքից նայող փոքրիկ աղջկան, ստուգեց արմունկներն ու միանգամից ասաց՝ սա քոնն է, դու չեմպիոն ես դառնալու։ 

Առաջին անգամ միջազգային մրցման մասնակցեց 14 տարեկանում։ Առաջին աղջիկ ծանրամարտիկն էր, որ ներկայացնելու էր Հայաստանը։ Ինքը 38 կգ էր, բարձրացրած ծանրաձողը՝ 40։ Հռիփսիմեի առաջին մեդալն էր և անրակների վրա առաջին կոշտուկները։ Հռիփսիմեն հիշում է ծանրաձողը բարձրացնելիս պարանոցի պրկված, կապույտ երակը ու կրծքավանդակից դուրս թռչող սիրտը․ վախենում էր չարդարացնել իր նկատմամբ եղած վստահությունը։ Վախն անցավ, երբ պարանոցից կախվեց առաջին մեդալը:

«Մինչև առաջին հաղթանակս՝ շուրջբոլորը մարդիկ անընդհատ զարմանում էին, թե աղջիկն ի՞նչ գործ ունի ծանրամարտում։ Ինչի՞ համար։ Ասում էին՝ մարմինդ մկանոտ կլինի, չես ամուսնանա, երեխա չես ունենա։ Բայց մարդիկ սիրում են հաջողակներին։ Առաջին մեդալից հետո ամեն ինչ փոխվեց․ նույն այդ մարդիկ շարունակ հպարտանում էին ինձնով ու իմ հաղթանակներով, գոնե՝ առերես»,- ասում է Հռիփսիմեն:

20 տարին սպորտում Հռիփսիմեի համար անցավ աննկատ։ Ավելի քան 70 մրցաշարի է մասնակցել, գրեթե բոլորից մեդալներով վերադարձել։ Երազանքը օլիմպիական չեմպիոնի տիտղոսն էր։ 2008-ի օլիմպիական խաղերին մասնակցությունը, 2012-ին՝ օլիմպիական բրոնզե մեդալը մոտեցնում էին երազանքին։ Ու այն պահին, երբ թվում էր՝ օլիմպիական ոսկին միայն իրեն է շողում, կյանքը կանգ առավ՝ ուղիղ 6 տարով։ Դոպինգային սկանդալն ու որակազրկումը մի վայրկյանում արժեզրկեցին տարիների տանջանքն ու վաստակած փառքը:

«2016-ի օլիմպիական խաղերին մեկ ամիս էր մնացել, ես ուսումնամարզական հավաքների էի, պատրաստվում էի խաղերին։ Գնում էի մեդալ բերելու։ Այդ օրը շատ ծանր մարզումներ էինք ունեցել, ես էլ վնասվածք ունեի։ Հոգնած զանգահարեցի ապագա ամուսնուս, լաց եղա, ասացի՝ այլևս չեմ կարողանում, արի ինձ տար։ Մի քանի ժամ հետո նա արդեն ինձ մոտ էր։ Զարմացա, ասացի, որ կատակ եմ արել թուլության պահին, որ չեմ պատրաստվում կիսատ թողնել մարզումներս։ Եվ հանկարծ նա ասաց, որ վատ լուր ունի․ Օլիմպիական կոմիտեն վերստուգել է 2008-ի օլիմպիական խաղերից հետո վերցրած փորձանմուշները և եզրակացրել, որ ես արգելված խթանիչներ եմ օգտագործել»,- պատմում է Հռիփսիմեն։

Առաջին մի քանի ժամն ուղղակի չէր պատկերացնում՝ ինչպես է ապրելու։ Նրա համար մինչ օրս էլ պարզ չէ, թե ինչո՛ւ Օլիմպիական կոմիտեն որոշեց վերափորձաքննության ենթարկել 8 տարի առաջ վերցված փորձանմուշները, որոնք մեկ անգամ արդեն մաքուր էին եղել։ Միայն հասկանում էր՝ կորցնում է ամեն ինչ, անգամ օլիմպիական բրոնզե մեդալն ու բարի անունը:

«Որակազրկման 6 տարիները շատ բան պարզաջրեցին․ դրանք մոռացության տարիներ էին ինձ համար։ Ես հասկացա՝ ով եմ ես, և ովքեր են շուրջս եղած մարդիկ։ Գուցե այս փորձությունը պետք էր հենց դրա համար, որ շրջապատս մաղվեր կեղծ մարդկանցից, և ես հասկանայի՝ որքան ուժեղ եմ իրականում, և որքան մեծ է սերս սպորտի նկատմամբ»,- ասում է ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը։

Դրանից հետո Հռիփսիմեի կյանքում բացարձակ միայնության շրջան էր։ Կողքին միայն ամուսինն ու մարզիչն էին։ Անգամ երբ կոտրվածք ստացավ, երբեմնի հարազատներից ոչ ոք չհետաքրքրվեց իրենով։ Բայց Հռիփսիմեն ասում է՝ դա իրեն պետք էր լավը վատից զատելու, կեղծն ու անկեղծը տարբերելու և որոշումներ կայացնելու համար:

«Այս պատմությունն ինձ մի բան սովորեցրեց․ Պետք է ընկնես, որ հասկանաս՝ ով կմնա կողքիդ ամենածանր պահին։ Սա կարևոր է»,- ասում է նա։

Դոպինգ սկանդալից հետո մի տարի լրագրողները ոչ մի րոպե հանգիստ չէին տալիս նրան, հարցնում էին՝ ինչ ու ինչպես եղավ։ Հռիփսիմեն ասում է՝ իսկական դժոխք էր։ Մի տարի հետո նա այլևս գոյություն չուներ մեդիայի համար:

«2012-ի օլիմպիական խաղերից հետո ինձ աստվածացնում էին, սկանդալից հետո՝ նույն այդ մարդիկ քարկոծում։ Անարդարության այդ դրսևորումը շատ վիրավորական էր։ Մեր հասարակությունը չի սիրում պարտվողներին։ Եթե մեդալ չունես, անգամ օդանավակայանում չեն դիմավորում։ Բայց չեն հասկանում, որ մարզիկն էլ մարդ է, գուցե վնասվածք ունի, գուցե չի հաջողել։ Եվ, ի վերջո, հաղթանակները շատ կարևոր են, բայց միայն պարտությունն է ուսուցանում, ցույց տալիս սխալներդ ու թույլ կողմերդ, որոնց վրա պետք է աշխատես։ Բայց քեզ չեն ներում թուլությունդ։ Եթե թույլ լինես, կանցնեն վրայովդ»,- ասում է Հռիփսիմեն։

Այդ ծանր շրջանում Հռիփսիմեի փրկությունը որդիներն էին և ամուսինը, որ ոչ մի վայրկյան թույլ չի տվել կնոջը կասկածել իր ուժերին: Իսկ Հռիփսիմեն օրերն էր հաշվում, թե երբ կկարողանա վերադառնալ։ Երկրորդ հարվածը 2020-ին էր, երբ նախատեսված վերադարձը սպորտ հետաձգվեց ևս երկու տարով՝ պատասխանատուների անփութության պատճառով։ 

Հիմա Հռիփսիմեն մարզվում է կանանց հավաքականի հետ, որտեղ ինքն ամենամեծն է։ Խոստովանում է՝ ինքը աղջիկներին է ոգեշնչում, նրանք՝ իրեն։ Վերադարձը բարդ էր, սկսեց 7 կգ-ից, ինչպես առաջին օրը՝ 11 տարեկանում։

Հռիփսիմեն գիտի, որ կյանքը սպորտում չափազանց կարճ է։ Ափսոսում է այն 6 տարին, որ խլեցին իրենից։ Ասում է՝ եթե իրեն մի հնարավորություն տրվեր ինչ-որ բան փոխելու, կուզեր կրկին 20 տարեկան լինել, որ կարողանար հնարավորինս երկար վայելել սպորտը:

«Ո՛չ վնասվածքները, ո՛չ ծանրությունը, ո՛չ կոտրվածքները չարժեն այն սերը, որ ունեմ սպորտի նկատմամբ։ Սա իմ կյանքի գործն է, իմ ճանապարհը։ Ես չեմ կարող բացատրել, թե ինչու չթողեցի սպորտը երկու որդիներիս ծնվելուց, այս դժվարությունների միջով անցնելուց հետո։ Եթե կուզեք՝ ընդունեք, որ սա կախարդանք է։ Սպորտը կախարդել է ինձ։ Երբեմն թվում է՝ միայն մահն ինձ հետ կպահի սպորտից։ Ես գիտեմ, որ մի օր ստիպված եմ լինելու թողնել սպորտը, բայց գնալն էլ պետք է գեղեցիկ լինի՝ օրինակ՝ օլիմպիական մեդալով»,- ժպտում է Հռիփսիմեն ու խոստովանում՝ դոպինգ սկանդալից հետո իրեն ամենաշատը հենց դա էր տանջում՝ չգնալ հանիրավացիորեն «կեղտոտված»։

Հիմա Հռիփսիմեն մենակ չէ իր ձգտումներում․ ամենամեծ երկրպագուները որդիներն են, որ չեն դադարում հիանալ իրենով, երազում են ծանրամարտով զբաղվել ու իր նման ուժեղ լինել։ Հիմա վստահում է իրեն ու իր ուժերին, շուրջը եղած փոքրաթիվ, բայց հարազատ մարդկանց ու արդարությանը, որ իր կողմն է լինելու:

«Ես գրեթե ամեն ինչի միջով անցել եմ այս տարիներին՝ մեծարվել, քարկոծվել, անտարբերության մատնվել։ Բայց այդ ամենը ես ընդունում եմ ոչ թե որպես պարտություն, այլ որպես փորձություն, որն ինձ պատրաստում է հաղթանակների։ Ես չեմ կասկածում իմ ուժերին։ Կմտածեք՝ խելագար եմ։ Թեկուզ այդպես։ Բայց ես գիտեմ՝ այն ճանապարհը, որով գնում եմ, արդար է ու իմն է»,- ասում է Հռիփսիմեն։



Հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը
և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.