«Ես ընտրում եմ չհանձնվելը». Անի Սամսոնյանը՝ քաղաքականության սպիտակ ագռավը 

Անի Սամսոնյանը քաղաքականության մեջ իրեն սպիտակ ագռավ է համարում, բայց այլևս չի վախենում դրանից։ Ասում է՝ փոխարենը մյուսներն են վախենում իր համարձակությունից։ 

«Երբ զբաղվում ես քաղաքականությամբ, պետք է գիտակցես, որ քեզանից կառչելու են բոլոր իմաստներով, դու խոցելի ես դառնում բոլոր կողմերից։ Զբաղվել քաղաքականությամբ՝ նշանակում է հրաժարվել շատ ազատություններից, որոնք ունեն մյուս մարդիկ։ Բայց չպետք է վախենալ պահարանում պահված կմախքներից։ Կյանքդ՝ լավ թե վատ, միակն է, որ ունես, և ես իմաստ չեմ տեսնում ամաչելու սեփական կյանքից»,– ասում է Անի Սամսոնյանը, որի անձնական կյանքը վերջին տարիներին մի քանի անգամ քաղաքական շանտաժի ու շահարկումների առիթ է դարձել։

Գլխարկով, որ ծածկում է գրեթե կարմիր մազերը, ուղիղ մեջքով ու դասական կոստյումով, որ ամբողջացնում է գունավոր փողկապը, նա գրեթե անխոցելի է թվում։ Հենց այդ պատճառով էլ գուցե պարբերաբար փորձում են նրա կամքի ամրությունը՝ կանգ չառնելով ոչնչի առջև։ 

«Ես ընտրում եմ չհանձնվելը»,- ասում է Անի Սամսոնյանը: 

Պահպանողական, խիստ ընտանիքում ծնված Անին փոքրուց գիտեր՝ ազատությունն իր մտքում է․ այդպես էր այն բոլոր գրքերում, որոնք անհագորեն կարդում էր:

«Ես միշտ եմ իմացել, որ միայն ինքս եմ որոշելու իմ կյանքը, իմ գործունեությունը, իմ ճանապարհը։ Ես հավատում եմ մարդու ազատությանն ու անկախությանը։ Ես շատ եմ հարգում ընտանիքս, ծնողներիս, տատիկիս, բայց ես հստակ գիտեի, որ ես իրավունք ունեմ ընտրելու այն կերպը, որով ապրելու եմ։ Անգամ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու որոշմանս մասին ծնողներիս ասացի միայն այն ժամանակ, երբ հանձնել էի բոլոր քննություններն ու ընդունվել։ Թաքուն չէի պահում, ուզում էի ապացուցել, որ պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր որոշման համար»,– ասում է նա։ 

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելն էլ որոշիչ է դառնում Անիի համար՝ բացելով դեպի քաղաքականություն տանող մեծ ճանապարհը։ Ասում է՝ ամեն անգամ որևէ քաղաքական գործչի մոտ հարցազրույցի գնալիս մտածում էր՝ ինչ կաներ, եթե ինքը լիներ որոշում կայացնող։ Անին համոզված է՝ այդ մտքերն էին, որ նյութականացան, և տարիներ անց մի խումբ համախոհների հետ հիմնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Մարդիկ մտնում են քաղաքականություն իդեալիստական պատկերացումներով, սկզբունքներով, հավատալիքներով, բայց այն ունի իր կոշտ կանոնները, և կարճ ժամանակ անց ստիպված ես լուսնից իջնել: Եթե ուզում ես մնալ այս դաշտում, պետք է պրագմատիկ լինես, եթե ոտքերդ կտրվեն հողից, քեզ քաղաքականության մեջ փոշի կդարձնեն։ Եթե մտնում ես քաղաքականություն որպես սկզբունքային իդեալիստ, պետք է պատրաստ լինես «փչանալու», որովհետև միշտ գալու է մի պահ, երբ անձնական սկզբունքներդ, արժեքներդ բախվելու են խմբայինին, և դու պարտվելու ես։ Այդ պատճառով էլ պետք է չափազանց զգույշ լինել՝ «չփչանալու» և միաժամանակ կուսակցության «ստրուկ» չդառնալու համար»,– ասում է նա։

Նույն ընթացքում Անին որոշեց ամուսնանալ․ ընկերությունը, որ վերաճել էր սիրո, կասկածի տեղիք չէր տալիս։ Մի քանի տարի տևած երջանիկ ամուսնությունը, սակայն, ավարտվեց ամուսնու գործնական խնդիրների պատճառով։ Չափազանց ռիսկային բիզնեսը, որ ձեռնարկել էր ամուսինը, տապալվեց, իսկ ներդրողները վնասի փոխհատուցում էին պահանջում։ Կարճ քննարկումներից հետո որոշվեց, որ ամուսինը պետք է լքի Հայաստանը։ Անին Հայաստանից դուրս կյանքը չէր պատկերացնում:

«Երբ նախկին ամուսինս մեկնում էր, գաղափար անգամ չունեինք, որ ամուսնալուծվելու ենք։ Կարծում էինք, որ խոսքը կարճ ընթացքի մասին է, որ հարցերը կկարգավորվեն, սակայն երկու տարի անց պարզ դարձավ, որ նրա վերադարձը հնարավոր չէ, և մենք բաժանվեցինք։ Այդ ընթացքում ես ժամանակ չունեի սգալու կորուստս, որովհետև ինձ համար դրանից կարևոր բաներ կային, օրինակ՝ միտքը, թե ինչպես այս պատմությունը կանդրադառնա ամուսնուս գործունեությունից տուժած մարդկանց վրա»,– հիշում է Անին։

Նրա համար ի սկզբանե պարզ էր՝ ապահարզանը և ֆինանսական մեքենայությունների մասին սկանդալային պատմությունը ազդեցության լծակ են դառնալու իր, ընտանիքի ու կուսակցության համար։ Այդ միտքն էր, որ ստիպեց Անիին հրաժարվել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջին առաջարկից։ Անին խոստովանում է՝ դա միակ դեպքն էր, երբ ինքը թույլ տվեց, որ վախն իրեն հաղթի:

Հաջորդ խորհրդարանում արդեն ընդդիմադիր պատգամավոր Սամսոնյանին մի քանի անգամ հիշեցրին չստացված ընտանեկան կյանքի ու ամուսնու կասկածելի գործունեության մասին։ Հիշեցրին՝ երկրի առաջին դեմքի մակարդակով։ Անին ասում է՝ ինքը դրան պատրաստ էր, սպասում էր, անհանգիստ էր միայն ընտանիքի համար, որին այս անգամ չկարողացավ հետ պահել ստոր զրույցներից: 

«Կյանքն ինձ սովորեցրել է անել ամեն բան՝ անակնկալի չգալու համար։ Իհարկե դա ոչ միշտ է հնարավոր, բայց ես փորձում եմ կառավարել ռիսկերը։ Ամուսնալուծությունից հետո, երբ իմ անձնական կյանքը քննարկման դրվեց երկրի առաջին դեմքի կողմից, ես, անկեղծորեն, անակնկալի չեկա։ Ես սպասում էի դրան, ես գիտեի, որ իմ ընտանեկան ձախողումը իմ դեմ քաղաքական խաղաթուղթ է դառնալու։ Ես անգամ չզարմացա այն փաստից, որ տղամարդը կարող է իրեն թույլ տալ քննարկել իրենից երիտասարդ կնոջ անձնական կյանքը։ Ես դրանում վստահ էի, որովհետև դա իմ միակ խոցելի կետն էր»,– ասում է նա։

Անին համոզված է՝ նույնը երբեք չէր լինի տղամարդ քաղաքական գործչի հետ։ Ասում է՝ Հայաստանում տղամարդկանց կարելի է ամեն բան, կանանց՝ հատկապես քաղաքականության մեջ, ոչինչ։ Տղամարդիկ կարող են ունենալ զուգահեռ կյանքեր, և դա երբեք քննարկման առարկա չի դառնա հանրության կողմից, մինչդեռ կանայք մեղավոր են ամեն պարագայում՝ ամուսնացած լինելու, ամուսնալուծվելու, չամուսնանալու դեպքում:

«Եվ ամենասարսափելին այն է, որ կանանց անձնական և ընտանեկան կյանքի մասին քննարկումները գրեթե միշտ կազմակերպում և հրահրում են հենց տղամարդիկ։ Տղամարդիկ չեն խորշում թիրախավորել որևէ կնոջ, որ անհաջող անձնական փորձ է ունեցել։ Բայց դա ևս որոշում է՝ լսել դրանք, նեղանալ դրանից, թե չվախենալ, չկասկածել, համարձակ, հետևողական, վճռական լինել ու երբեք չամաչել։ Ես ընտրել եմ երկրորդ տարբերակը։ Ես կարող եմ ասել, որ իմ ընտանեկան կյանքը այլոց քննարկման թեման չէ, բայց եթե հայտ եմ ներկայացրել լինելու հանրային, քաղաքական գործիչ, ես շատ միամիտ կլինեմ, եթե մտածեմ, որ իմ անձնական կյանքը՝ իր բարդություններով, չի քննարկվելու»,– ասում է Անին։

Երբ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» չհաղթահարեց անցողիկ շեմը և չհայտնվեց ԱԺ-ում, Անի Սամսոյանն ասում է, որ որոշեց ժամանակավորապես լքել քաղաքական մեծ բեմը: 

Հիմա Անին ուժերը փորձում է գործարարության մեջ։ Խոստովանում է՝ 2020-ի ընտրությունների արդյունքում ԱԺ չանցնելուց հետո քաղաքականությունից դուրս չի եկել, սակայն հնարավորություն է ստացել իրեն ու մյուսներին կողքից նայելու, գնահատելու։ Համոզված է՝ մի օր կրկին կակտիվանա, բայց միայն այն ժամանակ, երբ քաղաքական ճահիճը չորանա:

«Ես կյանքումս ոչինչ չէի փոխի, որովհետև այն բաների միջով, ինչով անցել եմ, բերել է ինձ այնտեղ, որտեղ հիմա կամ։ Ես ուրախ եմ այս հանգրվանիս համար, որովհետև այն իմն է։ Սա կյանքիս հերթական փուլն է, կամուրջը, որի վրա կարող եմ մի քիչ երկար կամ շատ կարճ կանգնած մնալ, բայց առաջ գնալու համար ես դրանով պետք է անցնեմ։ Միտքը, որ ես առաջ եմ գնում, ինքնաբավության զգացում է տալիս այստեղ և հիմա, ու գոհության զգացողություն՝ ոչ թե ունեցածով, այլ ձգտմամբ՝ առաջ գնալու։ Ես վստահ եմ, որ ժամանակը հնարավորությունների շղթա է, և չի կարելի կորցնել ոչ մի վայրկյան։ Փոխարենը պետք է համարձակ լինել, չվախենալ նրանից, թե ինչ կմտածեն մյուսները։ Եթե գիտես, որ ճիշտ ես, եթե հավատում ես քո գործին, ուրեմն հաջողելու ես։ Դա գուցե դուր չգա շատերին, բայց դա չպետք է որոշիչ լինի քեզ համար»,– ասում է Անին։



Հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը
և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.