«Ամենամեծ ծուղակն այն է, որ մեզ թվում է՝ մեզ կսիրեն, եթե ավելի գեղեցիկ լինենք». Լիլիթ Բասյանը՝ ալեկոծությունից ինքնավստահություն

Հայտնի սերիալային դերասանի հետ ամուսնությունն ու հասարակության աչքին նրան «արժանի» լինելու ցանկությունը Լիլիթ Բասյանին, ինչպես ինքն է ասում՝ ստիպում է մոռանալ՝ ով է ինքն իրականում։ 

Բազմաթիվ կոսմետիկ միջամտությունները, վառ, արտահայտիչ շպարը, համարձակ հագուստը ընդամենը ապարդյուն փորձեր էին՝ լինելու ուրիշների նման և պահելու ամուսնու սերը։ 

Այսօր արդեն՝ տարիներ անց, Լիլիթը գիտի՝ ոչ մի կոսմետիկ վիրահատություն, ոչ մի արտաքին փոփոխություն չեն կարող կնոջն ավելի սիրելի դարձնել։ Լիլիթը հասկացել է՝ մարդուն արժեքավոր են դարձնում նրա ինքնությունն ու ներքին ներդաշնակությունը, որն այլևս երբեք չի փորձի խեղդել հանուն տղամարդու։

«Ամենամեծ ծուղակն այն է, որ մեզ թվում է՝ մեզ կսիրեն, եթե մենք ավելի գեղեցիկ լինենք, ավելի բարեկազմ կամ ավելի ընդգծված դիմագծեր ունենանք։ Իրականում մեզ կա՛մ սիրում են, կա՛մ ոչ, իսկ եթե այդ սերը կախված է կիլոգրամներից կամ սանտիմետրերից, արդյոք այն ձեզ պե՞տք է։ Եթե ուզում եք փոխվել, փոխվե՛ք հանուն ձեզ և միայն ձեզ համար, որովհետև միակ մարդը, որը միշտ ձեզ հետ է լինելու, հենց դուք եք։ Սիրե՛ք այդ մարդուն»,– ասում Լիլիթը: 

Բարդ ամուսնությունից ու ծանր ապահարզանից հետո վերականգնումը Լիլիթի համար ծանր ու երկար էր։ Ընկերների ու հարազատների մեծ մասի համար իր որոշումն ընդունելի չէր, բայց, ասում է՝ ստի մեջ ապրելն իր համար այլևս անտանելի էր։ 

Հենց ինքն իրեն և ուրիշներին չխաբելու որոշումը Լիլիթին օգնեց չկոտրվելու և ոտքի կանգնելու։ Երկար ու վայրիվերումներով լի այդ ամիսներին Լիլիթը սովորեց նորից ապրել, նորից ու երջանիկ՝ իր ու որդու համար։ Սննդաբանի մասնագիտությունն օգնեց զարգացնելու առողջ սննդի բիզնեսը, որ տարիներ առաջ սկսվեց փոքրիկ սրճարանից․

«Միայն ինքս ինձ ընդունելուց հետո սկսեցի նկատել, որ փոխվում է նաև մարդկանց վերաբերմունքն իմ նկատմամբ։ Տարիներ առաջ ես մեդիայի և հասարակության համար անհասկանալի, էքսցենտրիկ, վուլգար արտաքինով կին էի, որն անընդհատ ինչ-որ պայքարի մեջ էր։ Այսօր ես նկատում եմ, որ մարդիկ ինձ սիրում են, որովհետև սկսել են տեսնել այն, ինչ ես եմ տեսնում, այն, ինչպիսին ես կամ»,– ասում է Լիլիթը։ 

Նա համոզված է՝ ինքն այն է, ինչ կա, շնորհիվ փորձությունների, որ կյանքն իր առջև դրել է՝ ստիպելով ընտրել՝ պարտության ու հաղթանակի, փախուստի ու պայքարի միջև: Լիլիթը պատմում է՝ դեռ մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը որոշում է Հայաստանից Ռուսաստան տեղափոխվել: Հետագա տարիներին փոքրիկ Լիլիթը ստիպված էր շատ բարդություններ հաղթահարել: 

«Ես շատ տարբեր էի իմ տարիքի երեխաներից՝ գիրուկ ու չափազանց հայկական արտաքինով։ Երեխաները ամենադաժանն են, և դա նաև իմ նկատմամբ էր դրսևորվում դպրոցում, բակում, գրեթե ամենուր։ Հիշում եմ՝ 11 տարեկան էի, երբ բակի տղաներից մեկը մոտեցավ և սկսեց ծաղրել, հետո նա փորձեց ինձ վառել որպես պատիժ: Այդ պահին հասկացա, որ ես պիտի պաշտպանեմ ինձ, քանի որ եղբայրս, հայրս ու մայրս կողքիս չէին: Հասկացա, որ ոչ մեկը դա իմ փոխարեն չի անելու: Չգիտեմ՝ ինչպես ինձ հաջողվեց փրկվել, բայց ես որոշեցի, որ այլևս երբեք թույլ չեմ տալու նեղացնել ինձ։ Այդպես էլ անում եմ»,– հիշում է Լիլիթը։

Հայտնի դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ վաղ ամուսնությունն ու հասարակության արձագանքը դրան Լիլիթի համար նոր փորձություն էին։ 

Հիշում է, որ ոմանք չէին էլ թաքցնում իրենց զարմանքը, թե ինչպե՞ս է ստացվել, որ «արքայազնն» ընտրել է հենց իրեն։ Իսկ ինքն անընդհատ փորձում էր արդարանալ՝ ավելորդ քաշի, ոչ բարձր հասակի, չափազանց հյութեղ շուրթերի համար, և փորձում էր ուրիշների աչքին արժանի դառնալ։ Լիլիթը խոստովանում է՝ անհավասար ամուսնության մասին զրույցներն այնքան շատ էին, որ ինքն էլ էր սկսել հավատալ, որ արժանի չէ երջանկությանը, որ չի վաստակել այն․

«Հիմա գուցե տարօրինակ հնչի, բայց ես միշտ իմացել եմ, որ ես ուրիշ եմ։ Ինչ-որ տեղ՝ երկրի ու երկնքի միջև։ Ես երբեք նման չեմ եղել մյուսներին, շատերի համար տարօրինակ, խելառ, գիժ եմ եղել։ Իմ արտաքին տեսքի բոլոր փոփոխությունները կա՛մ բողոք էին, կա՛մ անհասկանալի ու ապարդյուն ձգտում՝ դառնալ սովորական։ Բայց հիմա հասկանում եմ, որ այդ ամենը չափազանց անիմաստ էր, որովհետև հնարավոր չէ սիրելի լինել բոլորի համար, առավել ևս՝ հնարավոր չէ սիրելի դառնալ արտաքին տեսքի փոփոխություններով։ Քեզ կա՛մ սիրում են, կա՛մ չեն սիրում։ Մնացյալն ինքնախաբեություն է»,– ասում է Լիլիթը։

Տասնյակ կիլոգրամների կորուստը, բազմաթիվ կոսմետիկ միջամտությունները, ցանկալի մարմինը, սակայն, չփրկեցին Լիլիթի ամուսնությունը։ Ծանր որոշումը չընդունեցին ո՛չ ծնողները, ո՛չ ընկերների մեծ մասը, և Լիլիթը միայնակ մնաց իր ու իրականության հետ:

«Բայց հենց այդ միայնության մեջ ես գտա ինքս ինձ։ Ես ժամերով դիտում էի իմ նախկին հարցազրույցները ու մտածում՝ ինչպե՞ս կարելի էր այդքան չսիրել սեփական անձը։ Ինչպե՞ս կարելի է անընդհատ ջանալ փրկել ինչ-որ մեկին և կորցնել սեփական ինքնությունը։ Ես սովորեցի նորից ապրել։ Ես հասկացա, որ չեմ կարող թույլ տալ, որ իմ երջանկությունը կախված լինի մեկ այլ մարդուց։ Ես պետք է լինեմ իմ երջանկության առանցքը։ Միայնության ու կորստի մեջ ես գտա ինքս ինձ, ընդունեցի նախ հոգիս, հետո՝ մարմինս, գուցե ոչ անթերի, բայց իմը, միակը»,– ասում է նա։

Արդեն շուրջ 9 ամիս Լիլիթն աշխատում է ուսուցողական ծրագրի վրա՝ «Կանայք ապահարզանից հետո», որում փորձելու է սովորեցնել ներդաշնակ լինել մտքի ու մարմնի հետ:

«Սեփական մարմինն ընդունելուց առաջ պետք է սովորել ընդունել սեփական կյանքը։ Ես սիրում եմ տիեզերքը, որում ապրում եմ, և սիրում եմ տիեզերքը, որ ապրում է իմ մեջ։ Ես այլևս չեմ վախենում իմ կնճիռներից, որովհետև դրանցից յուրաքանչյուրը պատմություն ունի․ մեկը՝ ուրախության, մեկը՝ ափսոսանքի, մյուսը՝ տխրության։ Բայց դրանք բոլորն իմն են, իմ կյանքը։ Իհարկե, գուցե մի օր որոշեմ, որ ուզում եմ արտաքինս ինչ-որ կերպ փոխել, բայց դա կլինի միայն ինձ համար, միայն իմ որոշմամբ»,– ասում է Լիլիթը։

Հասարակական կարծրատիպերը փոխարինել սեփական արժեքներով, հայտնի ամուսնու կողակցի կերպարը՝ հաջողակ բիզնես կնոջ, տասնյակ ընկերներին՝ միայն իսկականներով, բազմաթիվ կոսմետիկ միջամտությունները՝ հայելու մեջ հայտնվող բնական ու սիրելի դիմագծերով, ուրիշներից ակնկալվող սերը՝ ինքնաբավությամբ։ Չափազանց ծանր տրված այս փոփոխությունները Լիլիթի համար ինքն իրեն ու աշխարհը ճանաչելու կերպը դարձան։

«Ես այսօր հաշտ եմ ինձ հետ, գիտեմ՝ երկրի ու երկնքի միջև ճիշտ իմ տեղում եմ, մարմնում, որն իմն է ու սիրելի, բացարձակ երջանկության մեջ: Հիմա գիտեմ՝ իմ հաղթանակը ես եմ, այնպիսին, ինչպիսին կամ»,– ասում է Լիլիթը։



Հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը
և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.