«Միշտ հիշել եմ մորս խոսքը՝ երբեք կանգ չառնել ճանապարհի կեսին, ու գնացել եմ առաջ».  Մոնիկան՝ դժվար կյանքից գեղեցկության թագուհի 

Հոր կարած հեքիաթային զգեստը առաջինն էր, որ Մոնիկան հագավ՝ բեմ բարձրանալիս, մանկապարտեզում։  15 տարի անց հեքիաթն իրականություն դարձավ․ Վանաձորի մանկապարտեզի փոխարեն՝ «Միսս տիեզերքի» հսկայական բեմն էր, կախարդական զգեստի փոխարեն՝ ընկերուհուց ժամանակավորապես վերցրածը։ 

Մոնիկա Գրիգորյանի մուտքը մոդելային բիզնես, իրոք, նման էր հեքիաթի․ Վանաձորից Երևան ու հետո՝ ԱՄՆ․ բայց սա «Մոխրոտի» պատմությունը չէ, այլ որոշումը՝ երբեք ճանապարհից չշեղվել:

«Այս ընթացքում տասնյակ անգամներ ինքս ինձ ասել եմ՝ չեմ ուզում, բավական է, չեմ կարող։ Հետո միշտ հիշել եմ մորս խոսքը՝ երբեք կանգ չառնել ճանապարհի կեսին, ու գնացել եմ առաջ։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ ճանապարհը կտանի դեպի հաղթանակ, բայց անգամ պարտության դեպքում ես հստակ կիմանամ՝ գնացել եմ մինչև վերջ՝ ուղիղ մեջքով ու պարզ ճակատով։ Ինձ համար դա ավելի կարևոր է»,– ասում է «Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը ներկայացրած Մոնիկա Գրիգորյանը:

Նրա ճանապարհին, սակայն, սայթաքելու կամ, առնվազն, հոգնելու պատճառների պակաս չի եղել:

«Ես հրաշալի մանկություն եմ ունեցել, շատ գունեղ։ Սիրված, փայփայված երեխա եմ եղել, որին միշտ ասել են՝ դու կարող ես։ Մենք աշխարհի ամենասիրուն ընտանիքն էինք և կանք այդպիսին․ հիմա միայն հայրս է պակասում։ 

11 տարեկան էի, երբ հայրս մահացավ։ 40 օր անց մահացավ նաև մորեղբայրս։ Այս երկու կորուստներն անասելի ծանր էին մեր ընտանիքի համար։ Պապիկս զոհվել էր Արցախյան պատերազմի ժամանակ, և մենք հանկարծ մնացինք բոլորովին մենակ՝ առանց տղամարդկային ուժի։ 

Այդ ժամանակ մենք՝ մայրիկիս հետ, որոշեցինք, որ պետք է շատ ուժեղ լինենք՝ նախ՝ մեր, հետո նաև՝ եղբորս համար, որն ամենափոքրն էր, և որի համար մենք թուլանալու իրավունք չունեինք»,– հիշում է Մոնիկան։

Հոր մահից հետո ընտանիքի ֆինանսական ծանր բեռը մնաց մոր վրա։ Արտագնա աշխատանքի մեկնելուն այլընտրանք չկար։ Եվ երեք երեխաները մնացին միայնակ՝ միմյանց և կենցաղի հետ:

«13 տարեկան էի, երբ սկսեցինք առանձին ապրել քրոջս և եղբորս հետ։ Ես միջնեկ երեխան եմ, բայց այնպես էր ստացվել, որ ամենակազմակերպվածն էի կենցաղային իմաստով։ Իհարկե չափազանց ծանր էր այդ տարիքում հասցնել ամեն բան՝ սնունդ, մաքրություն, կենցաղային գործեր, դասեր․ եղբայրս էլ առաջին դասարան գնաց, և դա էլ շատ բարդ էր։

Բայց մենք սովորեցինք գլուխ բերել ամեն բան։ Ավելին՝ շատերի համար մենք օրինակ դարձանք։  Մայրս, չնայած հոգատարությանը, բարեբախտաբար մեզ ինքնուրույն էր մեծացրել, և դա մեծապես օգնեց մեզ չկոտրվելու։ Այդ ընթացքում մեզ շատ էր օգնում քեռուս կինը։ Մինչև օրս էլ մեր տանը որոշումների կայացման «մայրիշխանական եռյակ» կա՝ մայրս, մորաքույրս և քեռուս կինը։

Կարող է թվալ, որ մեր կյանքում դրաման շատ է եղել, բայց մենք երբեք մեզ և մեր կյանքին այդ աչքերով չեն նայել։ Մենք հասկանում էինք, որ պետք է օգնենք մեր մորը, և անում էինք դա՝ մեր ուժերի ներածի չափով, պարբերաբար ինքներս մեզ հիշեցնելով, որ մենք արդեն մեծ ենք»,– հիշում է նա։ 

Մոնիկան ասում է՝ երբեք բեմերի մասին չի երազել։ Իր միակ բեմելը մանկապարտեզում է եղել, երբ հայրն իր համար աննկարագրելի զգեստ էր կարել, որի մեջ իրեն ամենասիրունն էր զգում։ Դրանից հետո գեղեցկության մրցույթներն իր ու քրոջ համար սովորական հետաքրքրություն էին։ Միայն բարեկամներն էին մշտապես պնդում՝ եթե ինքը մասնակցեր, անպայման կհաղթեր։ Իր համար, սակայն, այդ զրույցները լուրջ չէին, մինչև ճակատագրական զանգը:

«Արդեն երկրորդ կուրսում էի, երբ քննության ժամանակ զանգ ստացա․ անծանոթ մի մարդ շնորհավորեց և ասաց, որ անցել եմ մրցույթի հաջորդ փուլ։ Ես ասացի, որ սխալ են զանգել։ Մի քանի անգամ զանգելուց հետո որոշեցինք ստուգել հայտում ներկայացված տվյալները․ բոլորը ճիշտ էին։ Պարզվեց՝ քույրս, առանց ինձ ասելու, «Միսս Հայաստան» հիմնադրամ էր ուղարկել իմ տվյալներն ու լուսանկարը։ Այդպես, ես անցել էի մրցույթի հաջորդ փուլ։ Երբ զրույցի վերջում, անակնկալի եկած, շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կգնամ Երևան՝ արդեն տեղում հաջորդ փուլին մասնակցելու, կուրսընկերուհիս ասաց՝ ամոթ է, խելքի արի»,– հիշում է Մոնիկան։

Տանը քրոջ հետ կարճատև վեճից հետո, սակայն, հասկացան՝ ամաչել պետք է միայն այն դեպքում, երբ վատ բան ես անում, մյուս դեպքերում դա անիմաստ է։ Մոնիկան կատակում է՝ Վանաձորում կարճ շրջազգեստ միայն ինքն ու քույրն են կրել, բայց որևէ մեկն իրենց ուրիշ աչքով չի նայել:

«Ո՛չ Վանաձորում մենակ ապրելու տարիներին, ո՛չ արդեն Երևանում՝ այս ոլորտում, ինձ երբեք անպարկեշտ առաջարկ չի արվել։ Այո՛, ես ինքս էլ երբեմն ասում եմ, որ սա շատ կեղտոտ ոլորտ է, բայց եթե գիտես՝ ով ես դու, ինչ արժեքներ ունես, քեզ հնարավոր չէ կոտրել կամ փոխել։ Ինձ համար իմ արժեքները միշտ շատ հստակ են եղել․ ապրել այնպես, որ հայրս ինձնով հպարտ լինի։ Կարծում եմ՝ մայրիկից հեռու, միայնակ կյանքը ևս օգնել է ինձ, որովհետև հասկանում էի, որ ես՝ առավել քան մյուսները, իրավունք չունեմ շեղվելու իմ սկզբունքներից»,– ասում է Մոնիկան։

Երևան եկավ վստահությամբ՝ հաջորդ փուլ չի անցնի, սակայն ճակատագիրն այլ բան որոշեց․ շուրջ կես տարի ամեն օր Վանաձորից Երևան էր գալիս՝ հաջորդ փուլերին մասնակցելու։ Եվ վերջում Մոնիկան դարձավ «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս։

«Թեև այս մրցույթում չհաղթեցի, բայց ինձ համար շատ կարևոր մի բան ստացա․ մարդիկ նկատեցին ու սիրեցին ինձ, ես նրանց համար դարձա՝ մեր աղջիկը։ Կարող եմ ասել, որ հաջորդ օրը ես արթնացա հայտնի դարձած։ Բացի այդ, կոտրվեցին նաև մի շարք կարծրատիպեր՝ կապված հենց մրցույթի հետ։ Հիմա արդեն շատ եմ լսում դեպքերի մասին, երբ մարզերից աղջիկները դիմում են գեղեցկության մրցույթների ու ասում՝ «Մոնիկայի խորհրդով ենք եկել» կամ «Մոնիկայի նման ենք ուզում»»,– ասում է նա։

Արդեն ամիսներ անց առաջարկ եղավ մասնակցելու «Միսս տիեզերք 2020» մրցույթին՝ Մայամիում։ Ընթացքը բարդ էր․ հայ դիզայներները հրաժարվում էին հագուստ տրամադրել մրցույթի համար կամ առաջարկում էին գնել զգեստներ, որոնք միջինում 800.000 դրամ արժեին, իսկ դա չափազանց մեծ գումար էր Մոնիկայի և «Միսս Հայաստան» հիմնադրամի համար։ Հիմնական զգեստը կարեց ֆիլիպինցի դիզայները, մյուսները՝ ընկերուհին տվեց ժամանակավորապես։ Ֆինանսավորում գտնել չէր ստացվում, բայց ճանապարհի կեսին դադար չառնելու իր որոշումը բեկանման ենթակա չէր։ Մոնիկան ասում է՝ այս ամենն իրեն շատ համարձակ ու դիմացկուն դարձրեցին:

«Իմ կյանքն ինձ մի բան է սովորեցրել՝ դժվար է, բայց ելք միշտ կա․ դու քո գլխի տերն ես։ Փորձություններն ինձ սովորեցրին մթության միջով դեպի լույսը գնալ։ Իսկ լույս միշտ կա»,– ասում է նա։

Մոնիկան ասում է՝ այսօր իր կյանքի լավագույն շրջանն է ապրում․ շատ երկար դադարից հետո մայրն իր կողքին է նաև ֆիզիկապես, ընտանիքը՝ միասնական, նույն տանը, աշխատանքի առաջարկները՝ շատ ու բազմազան։ Հիմա տեսնում է լույսը, դեպի որը գնում է, բայց արդեն ոչ մթության միջով: 

«Վերջերս շատ եմ մտածում այն մասին, թե ինչ կլիներ, եթե հայրս այսօր իմ կողքին լիներ, ու կարծում եմ՝ ես նույն տեղում կլինեի, միայն թե նրա աջակցությամբ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ։ Ես գիտեմ՝ նա իմ ամենաամուր հենարանը կլիներ ու հաստատ հպարտ կլիներ նրանով, ինչին հասել եմ և ինչպես եմ հասել»,– ասում է Մոնիկան։



Հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը
և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.