«Պարտությունը կարող է կոտրել, բայց կարող է նաև ամենամեծ հաղթանակի ծնողը դառնալ․ որոշողը դու ես»․ Վերա Հովհաննիսյան

Հայտնի մարդկանց շաքարե արձանիկներ, շոկոլադե անհավանական քանդակներ, տիեզերք, ստորջրյա թագավորություն և, ի վերջո, «Դիսնեյի» գրեթե բոլոր հերոսները, որոնք կենդանություն են առնում աշխարհահռչակ հրուշակագործ Վերա Հովհաննիսյանի ձեռքերի տակ։
Հենց մուլտհերոսները՝ «Երեք հրացանակիրները»՝ իրենց կենդանի դիմախաղով ու աննկարագրելի ճշգրտությամբ, նրան հաղթանակ բերեցին Լյուքսեմբուրգում կայացած միջազգային խոհարարական մրցույթում՝ աշխարհի գավաթում՝ սահմանելով նշաձող, որ մինչ օրս անհասանելի է մյուսների համար։
«Կողքից քեզ նայող մարդիկ տեսնում են միայն արդյունքը, այն, ինչին հասել ես, բայց երբեք չեն տեսնում ընթացքը, որը բերել է այդ արդյունքին։ Բոլորն ուզում են ունենալ այն, ինչին հասել ես դու, բայց չանցնել ուղին, որով անցել ես»,- ասում է Վերա Հովհաննիսյանը։
Վերան նշում է՝ և՛ հաղթանակը, և՛ պարտությունը մարդու համար են։ Այլ բան է, թե ինչպես ես հարաբերվում դրանց հետ։ Իհարկե, պարտությունը կարող է կոտրել, բայց կարող է նաև ամենամեծ հաղթանակի մայրը դառնալ․ դա ևս ընտրություն է։
«Ինձ համար պարտությունը նման է պարսատիկով հարվածելուն․ որքան ուժեղ ես ձգում ռետինը, այնքան հարվածդ հուժկու է լինում։ Պարտությունը պետք է այդպես ընկալել՝ որպես հետքայլ, որն անում ես առաջ սլանալու համար ուժ հավաքելու նպատակով»,- ասում է Վերան, որի կյանքն առաջին հայացքից նման է իր պատրաստած տորթերին՝ հեքիաթային գեղեցկությամբ ու անկշռելի քաղցրությամբ։
Իսկ իրականում Վերայի կյանքում ամեն ինչ էլ կա, և ամենից շատ՝ երազանք ու ջանք։
«Ես շատ փոքր էի, երբ հասկացա, որ սիրում եմ նկարել։ Առանձնապես լավ չէի նկարում, բայց դա ինձ հուզում էր, ոգևորում։ Հորեղբայրս նկարիչ էր, և ամեն անգամ նրանց տուն այցելելիս ես և քույրս տակնուվրա էինք անում նրա դարակները, գտնում մեզ դուր եկած մատիտները, նկարում ինչ-որ բաներ։ Հիմա երբեմն մտածում եմ, որ հենց դրանք էին իմ մասնագիտական առաջին քայլերը»,- հիշում է Վերան։
13 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան։ Հետո, իհարկե, սկսեց կարոտել Հայաստանը։ Ասում է՝ այսքան տարի անց էլ, միևնույն է, սա միակ տեղն է, որտեղ ինքն իրեն տանն է զգում։
Հրուշակագործությունը Հովհաննիսյանների ընտանեկան գործն է․ նախ՝ պապը, հետո նաև՝ ծնողները հրուշակեղենի արտադրամաս ունեին։ Վերան ասում է՝ իր մանկությունը վանիլի հոտի ու կրեմի փափկության մեջ է անցել։ Թվում է՝ գործը շարունակելու այլընտրանք չուներ, բայց նա ընտրեց հագուստի մոդելավորողի մասնագիտությունը:

«Այդ ժամանակ իմ մեջ երկվություն կար, պայքար։ Մի կողմից հասկանում էի, որ սիրում եմ նկարել և ուզում եմ հագուստի մոդելավորող դառնալ, մյուս կողմից՝ ինձ շատ հետաքրքիր էր նաև ծնողներիս գործը։ Եվ ես որոշեցի խաղալ ճակատագրիս հետ, բայց փոքրիկ խորամանկությամբ։ Ընդունվեցի հագուստի մոդելավորման բաժին՝ հրուշակագործությունն ինձ համար դիտարկելով որպես պլան Բ։ Այսպիսով ես հստակ գիտեի՝ եթե չհաջողեմ մեկում, մյուսում հաստատ հաջողելու եմ։ Ի դեպ, դա դարձավ իմ սկզբունքներից մեկը՝ միշտ ունենալ այլընտրանք, որում հաջողելու եմ»,- պատմում է Վերան։
Երկրորդ կուրսում, երբ արդեն արտադրամասում օգնում էր ծնողներին, մի քանդակ էր պատրաստել շաքարից։ Ցույց տվեց ուսուցչուհուն, որն էլ միանգամից հրավիրեց խոհարարական միջազգային մրցույթի մասնակցելու:
«Մրցույթը Մալթայում էր տեղի ունենալու։ Շատ էի հուզվում։ Դա իմ առաջին մասնակցությունն էր և առաջին հաղթանակը՝ ոսկե մեդալը։ Այդ հաղթանակն ամենաշատը ոգևորեց ինձ։ Ես սիրեցի հաղթող լինելու զգացողությունը»,- ասում է նա։
Վերայի կյանքը, սակայն, միայն հաղթանակներից չէ բաղկացած․ պարտություններն էլ ցավոտ ու շատ են եղել, բայց նա դրանցից չի վախենում։ Պարտությունները ծանր է տանում, բայց չի կոտրվում։ Իր ընտրությունն է։
Վերան ասում է՝ քանդակներ կան, որոնց վրա աշխատում է ամիսներ շարունակ՝ չնկատելով շուրջը կատարվող մյուս բաները։ Աշխատանքը բարդ է, բայց դրանից երբեք չի հոգնում, որովհետև անում է սիրով, իսկ սիրուց չեն հոգնում։ Միայն երբեմն, երբ տեսնում է վերջնական արդյունքը, չի հավատում, որ դա իր ստեղծածն է:
«Շատերին թվում է, թե ես ուղղակի շատ հաջողակ եմ։ Ես դա, իհարկե, չեմ ժխտում, բայց ես նաև գիտեմ՝ ամեն ինչ սկսվում է մտքից։ Ես երբեք չեմ կենտրոնանում բացասական մտքերի վրա, ին-որ բան ձեռնարկելիս ես հստակ պատկերացնում եմ արդյունքը, որին ուզում եմ հասնել։ Ես վստահ եմ՝ կարևորն առաջին քայլն է, որովհետև ճանապարհը բացվում է քայլողի ոտքի տակ։ Ես համարում եմ, որ մարդկանց՝ բոլորին, կյանքում տրվում են հնարավորություններ, ուղղակի մեկը որոշում է «այո» ասել այդ հնարավորությանը, ջանք գործադրել այդ ուղղությամբ, մյուսը որոշում է կասկածել։ Սա յուրաքանչյուրի որոշումն է։ Ինչ վերաբերում է իմ հաջողություններին, ապա, եթե անկեղծ, ես դրանց արժանի եմ, որովհետև դրանք երբեք ավելին չեն եղել, քան այն ջանքերը, որ գործադրել եմ դրանց հասնելու համար»,- ասում է Վերան։

Նա համոզված է՝ հաջողության գաղտնիքը բեզնեսի, ընտանիքի ու ստեղծագործության միջև համամասնություն գտնելն է, որովհետև միայն դրանց գոյակցությամբ է ինքն իրեն ինքնաբավ զգում․«Եվ կարևոր են մարդիկ, որոնք շրջապատում են քեզ։ Ես շատ երջանիկ եմ, որովհետև նախ՝ ծնողներիս ընտանիքում, հիմա արդեն՝ իմ, ինձ թև են տվել»։
Վերան շատ չի մտածում ապագայի մասին, ապրում է «այստեղ և հիմա»՝ հանգստության մեջ, բայց հաստատ գիտի՝ մի օր իր կյանքում կլինի քանդակը, որի մասին երազում է, որ կպատրաստի ինչ-որ այլ նյութից, որ կապրի դարեր, կլինի Հայաստանը, որտեղ ինքը տանն է, ու կլինի մեծ ընտանիքը, որ թև կտա իրեն։
- Լրագրող՝ Սոնա Մարտիրոսյան
- Լուսանկարիչ՝ Էմմա Գրիգորյան

և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։