«Մի կյանք ունենք և մենք ենք որոշում՝ լինել զոհ, թե հաղթող». Արուսիկ Մկրտչյան

«Կյանքում ամենակարևորը դրսի աղմուկը ցածրացնելու և միայն սրտի ձայնը լսելու կարողությունն է: Միայն այդկերպ կարող ես հասկանալ՝ ով ես դու, որքան ուժեղ ես դու և ինչերի կարող ես հասնել: Քեզնից բացի ոչ ոք չի կարող որոշել քո կարողությունների և հնարավորությունների սահմանը»,– ասում է Արուսիկ Մկրտչյանը՝ Հայաստանի առաջին հայտնի կին DJ-ը՝ Վակցինան:

Միշտ զբաղված, վազքի մեջ՝ այս կնոջ կյանքը արկածների մի ամբողջական շարան է՝ դժվար մանկություն, հիվանդություն, անպտղության վտանգ, ընտանեկան բռնություն… Բայց, ասում է, որ հենց այդ դժվարություններն են իրեն ուժ տվել և կերտել, գույն և կերպար տվել, ինչպես իր հայտնի՝ վառ կարմիր շրթներկը:

«Կարող է տարօրինակ թվալ, բայց շատ փոքր տարիքում հասկացա, որ հույսս կարող եմ միայն ինձ վրա դնել: Այդ ժամանակ ես սովորեցի պահանջներ չունենալ, քչով արարվել, սովորեցի նեղություն չտալ ծնողներիս, որովհետև տեսնում էի՝ որքան բարդ էր պատերազմող երկրում ապրող մարդկանց կյանքը: Ես ուրախ ու շնորհակալ էի, եթե տարին մեկ անգամ ինձ շապիկ կամ բոթաս էին գնում, ինձ համար դա բավական էր: Այդ տարիները կոփեցին ինձ, ես սովորեցի կախված չլինել նյութական որևէ բարիքից»,- հիշում է նա:

Արուսիկը հիշում է, որ 14 տարեկան էր, երբ երազանքներից մեկը երաժշտությունը դարձավ: Ասում է՝ հենց այդ ժամանակ հասկացավ ճիշտ երազելու կերպը՝ երազանքը դարձնել նպատակ ու շատ աշխատել՝ դրան հասնելու համար։ Աշխատասիրությունը և նպատակներին հասնելու ձգտումները Արուսիկին 17 տարեկանում տարան ռադիո, որտեղ նա սկսեց միջոցառումներ կազմակերպել, դիջեյության առաջին քայլերն անել: Ասում է՝ դարձավ ֆինանսապես անկախ, սկսեց գումար վաստակել և այդ տարիքում մտածել սեփական բնակարան գնելու մասին: 

Սակայն, դեպի հաջողություն տանող ուղին բարդացավ, երբ 19 տարեկանում աղջկա մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկան, հաջորդող տարիներին ընդունած հորմոնալ դեղերի կողմնակի ազդեցության հետևանքով բժիշկների ծանր դատավճիռը չուշացավ՝ երեխա ունենալ չի կարող։ 

«25 տարեկանում երեխաներ չունենալու միտքը դատավճիռ էր դարձել, որի հետ համակերպվել չէի կարող: Թողեցի դեղերն ու անցա բացարձակ առողջ ապրելակերպի, ինձ երեք տարի ժամանակ տվեցի պայքարելու համար, որից հետո միայն խոստացա ինքս ինձ, որ կհամակերպվեմ երեխա չունենալու մտքի հետ»,- հիշում է Արուսիկը։ 

Անհաջող բուժումներից և հուսահատությունից հետո, Արուսիկը հիշում է, որ իր համար անսպասելիորեն իմացավ, որ հղի է: 

«Բժիշկս ասաց՝ «այս երեխան անպայման պետք է ծնվի, որովհետև սա հրաշք է, որ պատահել է»»,- հիշում է Արուսիկը:

Հղիության մասին խոսելիս Արուսիկն ասում է, որ երբեք չի կաշկանդվել և չի մտածել, թե ինչ կմտածեն մարդիկ իր մասին, եթե իմանան, որ երեխան հայր չունի: 

«Դա ինձ համար անկարևոր աղմուկ է եղել։ Որդուս ծնունդն իմ կյանքի մեծագույն հաղթանակն էր, այդ պատճառով էլ նրան Վիկտոր եմ անվանել՝ հաղթանակ կյանքի, հասարակական կարծրատիպերի, ախտորոշման նկատմամբ»:

Արուսիկն ասում է՝ իր կյանքն ընդհանրապես պարտությունների մասին չէ, այլ հաղթանակների՝ դժվար տրված, չարչարված, բայց վաստակած հաղթանակների: 

Տարիների, ճանաչման և հաջողության հետ մեկտեղ վառ արտաքինով, բարձրահասակ, ուժեղ այս կնոջ համար փորձությունների մի նոր շղթա է սկսվում, երբ ընտանիք է կազմում, ծնվում է երկրորդ որդին:

5 տարի համատեղ կյանքից հետո Արուսիկը որոշում է երկու երեխաների հետ, առանց աշխատանքի, առանց ապագայի հստակ պատկերացման, վերադառնալ ծնողների տուն՝ հստակ որոշած, որ սա հերթական բաժանումը չէ, որն ավարտվում է «ընտանիքի փրկության» անհեռատես փորձով:

«Դա միակ դեպքն էր, երբ ես մտածում էի հանրային կարծիքի մասին՝ լռեցնելով ներքին ձայնս: Ու հիմա գիտեմ՝ դա կլինի նաև վերջին դեպքը, որովհետև երբեք չի կարելի թույլ տալ, որ քեզ զոհաբերեն: Մեր հերթական բաժանության ժամանակ ծանոթներիցս մեկն ասաց՝ սերը պետք է հեշտ լինի: Այդ միտքը մինչև հիմա ինձ հետ է, որովհետև, իրոք, սերը, որի պահպանման համար դու անընդհատ ստիպված ես ջանք գործադրել, տանջվել, դատապարտված է»,- ասում է Արուսիկը:

Հիմա՝ տարիներ անց, Արուսիկը վստահ է՝ իր ուղին ճիշտ էր: Դա ճանապարհն էր, որ պետք է անցներ դառնալու այն, ինչ կա:

«Այսօր ես գիտեմ՝ ինձ կոտրելը հեշտ չէ: Ես այնքան ուժեղ եմ, որ կարող եմ օգնել ինձ ու մյուսներին: Ես հասցնում եմ ամեն ինչ՝ ընտանիք, սիրելի աշխատանք, բարեգործություն: Արդեն մեկ ամիս՝ մի նախագիծ եմ անում, որը կոչվում է «Ի գործ». ամեն օր նոր գործատուի մոտ եմ աշխատում, իսկ վաստակած ողջ գումարն ուղղում եմ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որն աջակցում է առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներին: Իհարկե, բարդ է համատեղել այս ամենն ընտանիքի հետ, բայց սա հաստատ իմ կարողությունների սահմանը չէ»,- ասում է նա:

Արուսիկն ասում է, որ այսօր երջանիկ է, ընտանիքի հետ ապրում է Երևանի կենտրոնում գտնվող իր ամենասիրելի փողոցի բնակարանում, սիրում է կյանքը: 

Այսօր սերը հեշտ է, զավակները՝ երջանիկ, տունը՝ լուսավոր, ինքը՝ ինքնաբավ, գործերը՝ շատ, կյանքը՝ արագ: Ու այդ ամենի մեջ իր ազատությունը՝ լինել այն, ինչ կա, լինել երջանիկ:

«Մենք այս մի կյանքն ունենք և մենք ենք որոշում՝ լինել զոհ թե հաղթող»,- ժպտում է Արուսիկը՝ ռիթմերի և երաժշտության ներդաշնակության մեջ սավառնող DJ Վակցինան:



Հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը
և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.