Այդ պահին հասկացա՝ ոչ մեկին երբեք իրավունք չեմ տալու ոտք դնել երազանքներիս վրա, այդպես էլ անում եմ․ Քրիստինե Հովսեփյան` դհոլի թագուհին

«8 տարեկան էի, Ամանորին հորս ընկերոջ տուն էինք գնացել: Երեխաներով խաղում էինք, երբ սենյակի անկյունում նկատեցի պատյանի մեջ դրված դհոլը: Խաղալիքները մի կողմ թողեցի ու մոտեցա դհոլին: Վերցրեցի ու սկսեցի նվագել: 

Նվագել չէ, խփել, բայց անգամ դրա մեջ կար մի բան, որ ինձ անսահման դուր էր գալիս: Վերադարձանք տուն, ու նույն օրը ծնողներիս ասացի՝ ուզում եմ դհոլի գնալ: Նրանք, իհարկե, լուրջ չընդունեցին, մտածում էին՝ փոքր եմ, որոշ ժամանակ անց ոգևորությունս կանցնի: Որոշել էին խաղալիք դհոլ առնել, որ հավեսս հանեմ: 

Վերջին պահին հայրս փոշմանել էր ու ինձ համար իսկական դհոլ առել՝ տարիքիս համապատասխան, փոքր»,- ասում է Քրիստինե Հովսեփյանը, որի գեղեցիկ, խնամված, բարակ մատների տակ միշտ կոշտուկներ կան, որոնք ոչ թե նեղացնում, այլ երջանկացնում են, որովհետև վկայում են երազանքի կերտման ամենօրյա, չհոգնեցնող, սիրով արված աշխատանքի մասին: 

Ընտանիքը երբեք դեմ չի գնացել իր ընտրությանը, անգամ 8 տարեկանում։ Ծնողները սովորեցրել են չկասկածել երազելիս ու չկոտրվել, երբ ճիշտ է։ 

Դհոլը ձեռքին փոքրիկ աղջկան երթուղայինում հաճախ էին ավելորդ հետաքրքրությամբ նայում, հարցնում՝ ի՞նչ գործ ունես, դհոլն աղջկա գործ չէ: Այդ տարիքում, իհարկե, նեղանում էր, բայց թույլ չէր տալիս, որ կողքի կարծիքներն ազդեն իր վրա: 

«Մանկությանս ամենասարսափելի հիշողությունը, երևի, առաջին համերգիս հետ է կապված։ Աբովյանի դրամատիկական թատրոնում համերգ պետք է տայինք։ Ստուդիայի ղեկավարն ասաց, որ աղջիկները պետք է հագնեն սև կիսաշրջազգեստ, տղաները՝ տաբատ։ 

Բայց կար մի խնդիր․ կիսաշրջազգեստով դհոլ չես կարող նվագել։ Ես, բնականաբար, հագել էի սև տաբատ։ Երբ ղեկավարն ինձ տեսավ այդ տեսքով, սկսեց բղավել վրաս, պայման դրեց, որ տաբատով բեմ չեմ բարձրանալու։ 

Չեմ էլ հիշում, թե աղջիկներից ում կիսաշրջազգեստը հագա, լարված, կծկված, լացակումած բարձրացա բեմ ու սկսեցի նվագել։ Այդ ժամանակ էր, որ հասկացա՝ ոչ մեկին երբեք իրավունք չեմ տալու ոտք դնել երազանքներիս վրա»,– հիշում է Քրիստինեն։ 

Շուրջ 5 տարի Աբովյան քաղաքում դհոլի հաճախելուց հետո ուսումը շարունակեց «Երևանյան թմբուկներ» խմբում։ Այդ ժամանակ էր, որ իր համար մինչ օրս էլ անհասկանալի պատճառով թողեց դհոլը ու շուրջ երկու տարի գործիքին մոտ չգնաց:

«Հիմա չեմ կարող ասել, թե որն էր պատճառը, բայց սկսեցի չսիրել գործիքը։ Թմբուկ էի նվագում, ընդհանուր հարվածային գործիքներ, բայց դհոլին մոտ չէի գնում։ 

Որոշ ժամանակ անց մեջս մեղքի զգացում առաջացավ, որովհետև հասկացա, որ սկսել եմ վատ նվագել, ձեռքերս փակվել են։ Մինչև հիմա էլ շատ եմ ափսոսում այն ժամանակը, որ կորցրել եմ այդ ընթացքում»,– ասում է նա։ 

Քրիստինեն ասում է՝ շատ կարծրատիպեր արդեն կոտրվել են, բայց գործիքի նկատմամբ քամահրական վերաբերմունք այսօր էլ կա: 

«Իրենց կայացած երաժիշտ համարող մարդիկ դհոլին լուրջ չեն վերաբերվում, որովհետև այն չունի նոտա, որովհետև դհոլահարներին դհոլչի են ասում, որովհետև համարում են, որ այս գործիքը նվագողը կրթություն չունի, մասնագետ չի կարող լինել։ Համարում են, որ դհոլը ռեստորանի գործիք է։ Իսկ ամենամեծ ցավն այն է, որ շատ դհոլահարներ ևս այդպես են համարում»,– ասում է նա։ 

Այսօր, սակայն, այս ամենը ոչ թե կոտրում է, այլ մղում նոր գործերի․ արդեն շուրջ մեկ տարի է՝ Քրիստինեն աշխատում է դհոլի ձեռնարկի վրա, որպեսզի գործիքը նոտաներ ունենա։ Թմբուկի նոտաները վերափոխելով, ադապտացնելով՝ Քրիստինեն փորձում է ստեղծել դհոլի նոտաներ։ Այս մոտեցումն արդեն 2 տարուց ավելի օգտագործում է իր աշակերտների հետ պարապմունքների ընթացքում․

«Աշակերտներիս հետ աշխատանքի ընթացքում ստիպված էի միանգամից մի քանի կարծրատիպերի դեմ պայքարել։ Նախ՝ աղջիկներ կային, որ ուզում էին հաճախել, սովորել դհոլ նվագել, բայց չգիտեին, թե ինչպիսին կլինի ընտանիքի կամ շրջապատի արձագանքը։ Ամաչում էին դհոլով երթուղային նստել, չնայած ես մինչև հիմա էլ չեմ հասկանում՝ ի՞նչ տարբերություն՝ ձեռքիդ դհոլ է, թե՞ ջութակ։ Հաջորդ կարծրատիպը, իհարկե, այն էր, որ ես 18 տարեկան եմ, այն էլ՝ աղջիկ, ես ի՞նչ կարող եմ սովորեցնել մյուսներին։ Ընթացքում, իհարկե, շատ բան փոխվեց։ Հիմա արդեն ծնողներն են բերում իրենց աղջիկներին»,– ասում է Քրիստինեն։

Այդ ժամանակ էլ հղացավ աղջիկների խումբ ունենալու գաղափարը։ Dream Beat աղջիկների խումբը հավաքվեց արագ, իսկ արդեն 2 ամիս անց համացանցում հայտնվեց նրանց առաջին տեսահոլովակը:

«Ինձ համար կարևոր է, որ իմ աշակերտները հասկանան՝ չկա սահման, չկա արգելք երաժշտության մեջ։ Այո՛, մեզ ասում են, որ դհոլը չի կարելի համադրել ռոքի ու ջազի հետ, մեզ ասում են, որ դա աղջկա համար չէ, մեզ ասում էին, որ անհնար է երկու ամիս անց հոլովակում նկարահանվելու պատրաստ խումբ ունենալ։ Բայց ո՞վ է ասում․ նրանք, ովքեր երբեք չեն փորձել։ Երաժշտությունն ազատություն է, մենք, ի վերջո, կարող ենք փորձել։ Մենք փորձում ենք ու հաջողում, մենք փորձում ենք ու ցույց տալիս, որ յուրաքանչյուրն իր համար է սահմաններ գծում»,– ասում է Քրիստինեն։

Իր աշակերտներին, սովորաբար, խորհուրդներ չի տալիս․ գիտի՝ իր օրինակն ամենախոսունն է:

«Ամեն անգամ, երբ ինձ ասում են, որ ես ինչ-որ բան չեմ կարողանա անել, կձախողեմ, միակ միտքը, որ ունենում եմ՝ «կանեմ, կտեսնեք»-ն է: Ես երբեք թույլ չեմ տվել, որ իմ նկատմամբ մարդկանց թերահավատությունն ինձ չարացնի կամ հուսահատեցնի: Իմ կարողությունների ու երազանքների սահմանի մասին ինձնից լավ որևէ մեկը պատկերացում չունի»,- ասում է Քրիստինեն։

Կարծրատիպերը, չհասկացվածության վախը, սիրուն մատների տակ առաջացող կոշտուկներն ու վերքերը ոչինչ են ամուր ձեռքերի, կամքի ու երազանքների առաջ:

«Երազանքներիցս մեկն իրականացրեցի ծննդյանս օրը․ նշեցինք իմ Dream Beat Studio-ի բացումը։ Բայց սա միայն առաջին քայլն է։ Ամենամեծ երազանքս դեռ առջևում է՝ մեծ ու իր մեծության մեջ ճշտություն պարունակող մշակութային դպրոց ունենալը։ Այստեղ կրթությունը կլինի այնպիսին, ինչպես ես եմ պատկերացնում։ Այստեղ կրթությունը ոչ թե կկոտրի, այլ թևեր կտա երեխային»,– ասում է Քրիստինեն։ 


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.