«Ես Ատլասն եմ, որ իր ուսերին է պահում իր ստեղծած աշխարհը, ու որքան էլ դժվար լինի, չեմ կարող թույլ տալ, որ այն փլուզվի»․ Մարիամ Մուղդուսյան / ԴԱՓՆԵ

«Ես ոչ մի կիսատ բան չեմ ընդունում այս կյանքում՝ կիսատ կյանք, կիսատ սեր, կիսատ ատելություն, կիսատ մարդ։ Ես կյանքում ամեն ինչ կրքով եմ անում։ Ես կյանքից վերցնում եմ այն ամենը, ինչ կարող եմ»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը, որ կյանքն ապրում է իր ամբողջության ու բացարձակության մեջ՝ մարտահրավերներով, հաղթանակներով, ժամանակավոր տապալումներով ու նորից ոտքի կանգնելու իր կարողությամբ: Ինչպես Մարիամն է ասում՝ «այրվելով ու մոխիրներից նորից հառնելով՝ փյունիկի նման»։

Արվեստի միջոցով սոցիալական արդարության հասնելու նպատակով ստեղծված Հայաստանի միակ արվեստանոցի հիմնադիրն ասում է՝ «Մուղդուսյան արվեստի կենտրոնն» իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն է, հանուն որի զոհել է իր ժամանակը, խաղաղությունը, ընտանիքի բարեկեցությունն ու իր առողջությունը։ Բայց այս ամենից որևէ մեկի համար չի ափսոսում, որովհետև իր աչքի առաջ կյանքեր են փոխվել ու դեռ փոխվում են։

Մարիամը ծնվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղում, բժշկուհի մոր ու նկարիչ հոր ընտանիքում: 

«Կարծում եմ՝ հայրս իրոք մեծ, աստվածաշնորհ նկարիչ էր։ Մեկ տարեկան եմ եղել, երբ նրան կորցրել ենք։ Հորս չլինելու փաստը, բնականաբար, ազդել է ինձ վրա, չնայած հիշողությունների,  պատմությունների տեսքով միշտ ներկա է եղել մեր կյանքում, նաև՝ նկարչության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի տեսքով։ Մենք միշտ իմացել ենք, որ հայրս կա, ու մենք նրա շարունակությունն ենք»,- հիշում է նա։

Մարիամն ասում է՝ շատ հակասական մանկություն է ունեցել, պատերազմ ու հետպատերազմական շրջան, սահմանամերձ գյուղ, բազմաթիվ դժվարություններ, բայց մի բան անփոփոխելի է եղել՝ մայրը, որ իր ու քրոջ համար հեքիաթ է եղել, որի հետ իր ու քրոջ կապը նման է Սուրբ երրորդության:․

«Ես միշտ անկոտրում եմ համարել մորս։ Փոքր ժամանակ իրոք վստահ էի, որ մայրս ինչ-որ առասպելական էակ է, օրինակ՝ արծվառյուծ։ Ու երբ մայրս ասում էր՝ ես սար եմ, ես հավատում էի նրան, երբ ասում էր՝ ես առյուծ եմ, ես դրան էի հավատում։ Սրա հետ մեկտեղ՝ մայրս նաև շատ է խրախուսել մեզ»,- հիշում է Մարիամը։

Բերդավանից նախ Մասիս, ապա Երևան տեղափոխվելու որոշումը շրջադարձային եղավ Մարիամի համար։ Դեռ մանկուց է իմացել, որ անպայմանորեն նկարչության հետ կապված կրթություն է ստանալու, բայց արվեստի դպրոցի աշակերտների այցը Երևան՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, ավելի հստակ դարձրեց այդ որոշումը:

«13 տարեկան էի, երբ վերադարձա տուն ու ասացի, որ ուզում եմ ամեն օր  իջնել-բարձրանալ Թերլեմեզյանի քոլեջի փայտե աստիճաններով։ Մայրս, իհարկե, դեմ էր։ Նախ՝ որովհետև դա նշանակում էր ամենօրյա ճանապարհ՝ Մասիսից Երևան, հետո նաև՝ հավելյալ ծախս։ Բացի այդ, ես շատ լավ էի սովորում, և բոլորը կարծում էին, որ կրթությունս կշարունակեմ բանասիրության գծով։ Բայց ես որոշումս քննարկել չէի պատրաստվում։ Ես արդեն այն ժամանակ չէի պատկերացնում, որ կգա մի օր, երբ իմ կյանքում նկարչությունը չի լինի։ Ես կարող եմ զբաղվել բոլորովին այլ գործերով և զբաղվել եմ, բայց սա ես եմ, սա մի բան է, որն ինձնից չի կորի, երբեք»,- ասում է նա։ 

Մոտավորապես նույն տարիքում էլ հասկացավ՝ նկարչությանը զուգահեռ իրեն ինքնադրսևորման, արտահայտման ևս մեկ գործիք է պետք, որը կարող էր տեքստը լինել․ 

«Միջազգային մի կազմակերպություն շարադրությունների մրցույթ էր կազմակերպել։ 12-13 տարեկան էի և գրել էի ընկերուհուս մասին, որին տանը բռնության էին ենթարկում։ Գրել էի այն մասին, թե ինչ է կատարվում երեխայի հետ, երբ մանկությունը դաջվում է կապտուկների տեսքով՝ դեմքին, փորին, մեջքին․․․ Դրանից հետո ինձ շատ խրախուսեցին, որովհետև տեքստս շատ տարբեր էր դասական շարադրությունից։ Այդ ժամանակ էր, որ հասկացա՝ կրթությունս շարունակելու եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որը պետք է դառնար այն տարածքը, որ ինձ գիտելիք ու հմտություն կտար»։ 

Մարիամը խոստովանում է՝ այս որոշման մեջ նաև խիստ ռացիոնալ, անգամ կենցաղային տարր կար․ վճարովի համակարգում սովորել իրեն չէր կարող թույլ տալ։ Այդ պատճառով էլ աշխատում և սովորում էր ուժերի ներածին չափով։ Համալսարան ընդունվելու համար օտար լեզվի քննություն էր պետք, իսկ Մարիամն անգլերեն չգիտեր։ 

Թերլեմեզյանի քոլեջի իր դասախոսը՝ միսս Վարդանյանը, պարապեց նրա հետ անվճար։ Մի քանի ամսվա պարապմունքների արդյունքը համալսարանական անվճար կրթությունը դարձավ։

«Լրագրությունն ինձ համար շատ լուրջ գործիք դարձավ՝ ինքնակրթվելու, խոսքի հղկման, տեքստի հետ աշխատանքի, սոցիալական շատ լուրջ խնդիրների վերհանման իմաստով։ Ես մշակութային լրագրությամբ էի զբաղվում, բայց այդ ողջ ընթացքում մոտս տպավորություն էր, որ ես ֆիեստային դրսից եմ հետևում, կյանքը հոսում է, իսկ ես միայն կողքից եմ նայում, մինչդեռ կարող եմ լինել դրա կիզակետում։ Համալսարանական կրթությունը փոխել է ինձ»,- ասում է նա։ 

Տարիներ անց, երբ կարող էր իրեն թույլ տալ, Մարիամը  որոշեց պարտքը վերադարձնել անգլերենի դասախոս միսս Վարդանյանին․

«Նա ասաց, որ ոչ մի բանի կարիք չունի։ Ասաց՝ «Եթե կարող ես, օգնիր քեզ նման մեկին՝ ընդունվել համալսարան կամ ակադեմիա։ Այլ կերպ վարձահատույց լինելու կարիք չկա»։ Այս միտքն անընդհատ ինձ հետ էր։ Ես մտածում էի՝ նա ճիշտ է, եթե ես պարտքս վերադարձնեմ ինձ տվողին, իմ վարձքը ո՞րն է, այդ կնոջ վարձքը ո՞րն է։ Եկա տուն և ասացի, որ պատրաստվում եմ 8 երեխաների հետ անվճար պարապել՝ քոլեջ կամ ակադեմիա դիմելու համար, որովհետև այդ պարապմունքները բավական թանկ էին, և բոլորը չէ, որ կարող էին իրենց դա թույլ տալ։ Ես որոշեցի պարապել այն երեխաների հետ, ովքեր ինձ նման էին, ովքեր շանս չունեին։ Ինձ այդ շանսը տրվեց գիտելիքի միջոցով, և ես ուզում էի նույնն անել ուրիշ երեխաների համար»,- հիշում է նա։

2014-ին իր արվեստանոցի  չբնակեցված երկրորդ հարկում Մարիամը հավաքեց 8 երեխա, որոնց հետ պատրաստվում էր անվճար պարապել։ Տարեվերջին նրանց թիվը 40 էր, հաջորդ տարի՝ ևս 60։ Մինչ օրս «Մուղդուսյան արվեստի կենտրոնում» անվճար կրթություն է ստացել սոցիալապես խոցելի ընտանիքների ավելի քան 300 երեխա, նրանցից շատերն ընդունվել են արվեստի բուհեր, անվճար սովորել և ավարտել: Մարիամն ասում է՝ իր կյանքն ու որոշումներն իր համար միշտ շատ հստակ գծված են եղել, և ինքը երբևէ չի շեղվել դրանցից՝ չնայած բոլոր դժվարություններին և շրջապատի մարդկանց թերահավատությանը։ Իր անսանձ բնավորության ու նույնքան անսանձ երազանքների մարմնացումն այսօր աչքի առաջ է՝ իր արվեստի կենտրոնը:

«Կենտրոնը մի բան է, որ ես արել եմ ոչ ինձ համար։ Եվ այստեղ ես չափազանց ազնիվ եմ։ Սա իմ տարածքն է, որտեղ ես ամեն վայրկյան հասկանում եմ, որ շատ լավ բան եմ արել, չափազանց լավ։ Թեև ոչ ոք չէր հավատում, թեև ժամանակ առ ժամանակ չափազանց դժվար է եղել, ես գիտեմ, որ այս գաղափարը երբեք չի ձախողի, որովհետև դրա հիմքում դրված նպատակը չափազանց բարի է»,- ասում է Մարիամը։

Միտքը, որ իրեն ոչ ոք չի աջակցում, ավելին՝ խանգարում են բոլոր կողմերից, Մարիամին չէր նեղացնում։ Համառությունը սովորեցրել էր չնկատել այդ ամենը, որովհետև գիտեր՝ ցանկացած թերահավատություն չքանալու է, երբ իր երազանքը նյութական դառնա։ 

Մոր աշխատավարձը, իսկ հետո նաև կենսաթոշակը, իր աշխատած ամեն լուման, սրճարանի և հագուստի համար հատկացված գումարը, անգամ վիրահատության և քաղցկեղի դեմ բուժման համար նախատեսվածը Մարիամը ներդրել է արվեստի կենտրոնի մեջ, որովհետև սա այն տարածքն էր, որտեղ պարտվելու իրավունք չուներ:

«Երբ աշխատում ես սոցիալապես շատ խոցելի խմբերի հետ, անկախ քեզանից հոգսաշատ ես դառնում։ Բացի այդ, կենտրոնը կորցնելու անընդհատ վախը, գումար չունենալու, չհասցնելու մշտական սթրեսը, ի վերջո, հիվանդության պատճառ դարձան։ 2018-ին պետք է մեկնեի Կանադա, ու թռիչքից առաջ որոշեցի ուղղակի բժշկական ստուգում անցնել։ 

Պարզվեց, որ վահանաձև գեղձի քաղցկեղ ունեմ։ Հորս էլ ենք քաղցկեղից կորցրել։ Սկզբում այդ բառը ինձ սարսափեցրեց, ես անգամ ինքնասպանության մտքեր ունեի։ Ես չէի վախենում մահից, բայց վախենում էի հիվանդ լինելուց։ Մահվան նկատմամբ վերաբերմունքս շատ բնական է, բայց հիվանդության նկատմամբ ես չունեմ նույն հանդուրժողականությունը։ 

Դու միշտ մտածում ես, որ աշխարհը քոնն է, որ ամեն ինչ կարող ես և հանկարծ … պարտվում ես: Երբեմն միակ բանը, որ ցանկանում էի, այդ ամենին վերջ տալն էր»,– հիշում է Մարիամը։

Ըստ նրա՝ վախը նաև չիմացության հետևանք էր։ Հետո պետք է պարզեր, որ մահացության ամենացածր ցուցանիշները գրանցվում են քաղցկեղի հենց այդ տեսակից, որ այն իր համար մահացու չէ։ Բայց մտասևեռումը, որ երազանքից հանկարծ շեղվել էր դեպի քաղցկեղ, անտանելի էր:

«Ես որոշել էի մինչև վերջին շունչս պայքարել այս կենտրոնի համար։ Ծանր շրջան էր, մինչև համակերպվեցի մտքի հետ, որ ամբողջ կյանքում դեղեր պետք է խմեմ, որ վզիս վրա սպի եմ ունենալու վիրահատությունից հետո, որ կյանքս այլևս փոխվելու է։ Ամեն հետազոտություն մինչև օրս էլ սարսափելի սթրես է դառնում, երբեմն տապալվում եմ, որովհետև հասկանում եմ, որ ոչ միայն անտապալելի չեմ, այլև ոչինչ եմ՝ տիեզերական մասշտաբների մեջ»,- ասում է նա։

Չնայած այս ամենին՝ Մարիամն ամեն կերպ փորձել է թաքցնել ներքին այս պարտությունները, որովհետև իր հանրային կերպարից է նաև կախված կենտրոնի գործունեությունը։ Բայց այն պահերին, երբ մնացել է մենակ, իրեն նաև հուսահատություն է թույլ տվել:

«Ես նման եմ Ատլասին, որի ուսերին իր ստեղծած աշխարհն էր, ու որը որքան էլ թույլ լինի, պետք է պահի իր աշխարհը, թույլ չտա, որ այն փլուզվի, որովհետև ինձ նայում են իմ աշակերտները, մայրս, քույրս, ու ես պետք է նրանց համար ուժեղ լինեմ»,- ասում է Մարիամը ու խոստովանում՝ հիվանդությունը փոխեց իրեն ու սովորեցրեց արժևորել ամեն նոր օրը։

Մարիամը կարծում է, որ արվեստագետի համար ուսումնասիրության առաջին առարկան հենց ինքը պետք է լինի։ Այդ պատճառով էլ չի խուսափում նաև քաղցկեղի հետ կապված իր փորձառությամբ կիսվել մարդկանց հետ։ Նրա  «Ես եմ. Փյունիկ» խորագրով դիմանկարների շարքը, որի հերոսները կանայք են, որ հաղթահարել են կրծքագեղձի քաղցկեղը կամ դեռևս պայքարում են դրա դեմ, ոչ թե մահվան, այլ կյանքի մասին է:

«Այս նախագծի իրականացման ընթացքում ես հասկացա, որ մենք՝ որպես հասարակություն, երբեմն խեղված ենք։ Որ մենք խնդիր ունենք քաղցկեղ ունեցող կանանց հետ շփումների մեջ։ Մենք սկսում ենք չշփվել նրանց հետ, մեկուսանալ նրանցից, և նրանք անտեսանելի են դառնում։ Քաղցկեղը չափազանց բարդ փորձություն է՝ անկախ հանգուցալուծումից, և այն անդառնալիորեն փոխում է կյանքումդ ինչ-որ բաներ։ Մենք պետք է փորձենք փոխել վերաբերմունքը այս հիվանդության նկատմամբ՝ նաև դրա մասին խոսելու միջոցով։ Մենք առնվազն պետք է սովորենք մինչև վերջ պայքարել դրա դեմ, պետք է սովորենք ասել՝ դու չես հաղթելու, մենք պետք է սովորենք զինվորագրվել կյանքին»,- ասում է Մարիամը։

Այսօր կենտրոնն ավելի կայուն է, քաղցկեղը՝ հաղթահարված, ինքն ավելի ամուր կանգնած ոտքերի վրա: Ապրում է Տորոնտոյում, բայց իր կյանքի վերջին հանգրվանը Հայաստանն է։


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.