Այն, ինչ դարձել եմ, դարձել եմ ոչ թե ի հեճուկս անհաջողությունների, այլ՝ դրանց շնորհիվ․ Իրինա Հովհաննիսյան / ԴԱՓՆԵ

«Կյանքիս ամենածանր օրը, թերևս, առաջնեկիս կորցնելու օրն էր։ Ընդամենը 18 տարեկան էի։ Հոգեբանական ծանր վիճակից օգնեց դուրս գալ Վերան՝ մորաքույրս։ Նա լուրջ առողջական խնդիրներ ուներ։ Այդ օրը նա մի բան ասաց, որ, կարծում եմ, հիմնովին փոխեց ինձ ու հետագա կյանքս։ 

Նա ասաց. «Լաց մի՛ եղիր, դու հուսահատվելու իրավունք չունես, որովհետև երիտասարդ և առողջ ես, դեռ կարող ես երեխաներ ունենալ, իսկ ես՝ երբեք»։ 

Այս նախադասությունը ստիպեց ինձ հասկանալ, որ ամեն ինչ այս կյանքում հարաբերական է, անգամ՝ կորուստը»,– ասում է Իրինա Հովհաննիսյանը։

Իրինան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն է, միակ կինն է տղամարդկային համարվող այս ոլորտի պատասխանատուների կազմում։ 

Հարկադրված վաղ ամուսնությունը, առաջնեկի կորուստը, առողջական խնդիրներ ունեցող որդու ծնունդը, ամուսնալուծությունն ու դրան հաջորդած բոլոր բարդությունները Իրինան համարում է ոչ թե դժբախտություն, այլ իրեն կռող, ուժեղ դարձնող փորձություններ:

«Կյանքիս առաջին մարտահրավերն այն էր, երևի, որ ծնվել եմ խառնամուսնական ընտանիքում։ Մայրս մոլոկանների ընտանիքում մեծացած ռուս է, հայրս՝ հայ գաղթականների ընտանիքից։ Խառնվածքով ծնողներս չափազանց տարբեր են, և ես ժառանգել եմ նրանց երկուսի ամենակարևոր հատկությունները՝ հորս արկածախնդրությունն ու ռիսկի դիմելու խիզախությունը, մորս՝ ամեն ինչ հաշվարկելու, ծանրութեթև անելու հատկությունը։ Շատերը կարծում են, որ ընդունված չափից ավելի համարձակ լինելս ռուսական հատկանիշ է, սակայն եթե մեկ նախադասությամբ նկարագրելու լինեմ ծնողներիս, ապա մայրս՝ «իսկ ի՞նչ կասեն մարդիկ» արտահայտությունն է, հայրս՝ «իսկ ինչո՞ւ ոչ»»,– ասում է Իրինան։

Իրարից ծայրահեղ տարբեր ծնողները նրա մեջ բազմաթիվ սուր անկյուններ են շտկել՝ դարձնելով նրան և՛ վճռական, և՛ պահպանողական՝ միաժամանակ։ Հենց այս երկու հատկանիշների հավասարակշռումն է, որ երբեք թույլ չի տվել թևաթափ լինել։

17 տարեկան էր, երբ ամուսնացավ։ Իր ընտրությունը չէր, փախցրեցին։ Հետ գնալու մասին չէր մտածում․ գյուղում, այն էլ՝ 30 տարի առաջ, դրա մասին ընդհանրապես հնարավոր չէր մտածել։ Հիմա, երբ հետադարձ հայացք է գցում կյանքին, համոզվում է՝ դա ուղղակի ևս մեկ փորձություն էր, որ պետք է հաղթահարեր՝ այս հանգրվանին հասնելու համար:

«Ամուսնությունից կարճ ժամանակ անց հղիացա։ Պատերազմ, նկուղ, ես՝ հղի․․․ Ծանր ժամանակներ էին։ Հղիության իններորդ ամիսն էր, երբ կորցրեցի երեխայիս։ Պատրաստ չէի մայրանալու, շատ երիտասարդ էի, բայց երեխայի կորուստը շատ ծանր տարա։ Հիշում եմ՝ ծննդատնից դուրս գրվելու օրն էր։ Բոլորին դիմավորում էին հարազատները՝ ուրախ, երջանիկ, ծաղկեփնջերով։ Ծննդատանը ավանդույթ կար․ բաժանմունքի կանայք դուրս էին գալիս ճանապարհելու դուրս գրվողներին։ Ես միայնակ էի, ուրախանալու առիթ չկար, հալվա և ծաղկեփունջ էլ չկար։ Ես կորցրել էի։ Այդ պահին մի տղամարդ, որ ծաղիկներով դիմավորում էր կնոջն ու նորածին երեխային, հանկարծ կնոջ ձեռքից մի մեծ ծաղկեփունջ վերցրեց ու տվեց ինձ, ասելով՝ քեզ ավելի շատ է պետք»,– հիշում է Իրինան։

Ասում է՝ առաջնեկի կորուստը փոխեց իրեն, տարիներ անց առողջական խնդրով որդու ծնունդը՝ կյանքը։ Այս երկու իրադարձությունները արմատական փոփոխությունների սկիզբ դարձան նրա համար:

«Աղջիկս՝ Լիլիթը, արդեն չորս տարեկան էր, երբ ծնվեց որդիս՝ Դավիթը։ Ծնվեց առողջական խնդրով՝ առանց մեկ ականջի։ Մոտս շոկ էր։ Փոքր էր, երբ գնացինք վիրահատության։ Լսանցքը բացելու ծանր վիրահատությունից հետո որդուս մոտ էպիլեպսիա սկսվեց։ Երբեմն մտածում էի՝ չի կարող այսքան փորձություն մեկ մարդու բաժին հասնել, ուղղակի չի կարող։ Բայց նաև ամեն հարվածի հետ հասկանում էի, որ այն այլևս ինձ չի կործանում, չի ջախջախում։ Երևի դիմադրողականություն էի ձեռք բերել»,– պատմում է նա։

Որդու բուժումը չափազանց ծախսատար էր Իրինայի ընտանիքի համար, որը բոլորովին էլ աղքատ չէր։ Այդ ժամանակ էր, որ մտածեց՝ իսկ ի՞նչ են անում այն ընտանիքները, որ անգամ օրվա հացի գումար չունեն։ Իրինան որոշեց հասարակական կազմակերպություն ստեղծել, որն աջակցելու էր հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։ 

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների կազմակերպությունը, որը հետագայում դարձավ Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» հասարակական կազմակերպություն, ստեղծվեց հենց Դավիթի շնորհիվ։ 2003 թ.-ից մինչ օրս կազմակերպությունը գործում է՝ առանց դադարների։ Անկախ այն հանգամանքից՝ որտեղ է Իրինան, ինչով է զբաղված, կազմակերպությունն իր գաղափարական առաջնահերթությունն է:

«2005 թվականից մենք ֆինանսավորում ստացանք Երեխայի աջակցման ցերեկային կենտրոնի ստեղծման համար, սկսեցինք իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ծրագրեր, անցանք դեպի ավելի ներառական և գլոբալ նախաձեռնություններ, տարբեր մարզերի ութ համայնքներում ներդրեցինք մոբիլ մանկապարտեզների նորարարական համակարգը, որն ամբողջությամբ լուծում էր գյուղական համայնքներում ապրող երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու խնդիրը, իրականացրեցինք կանանց հզորացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր»,– պատմում է նա։

Հարկադրված ամուսնությունը տևեց 8 տարի։ Ընտանիքի հիմքը ճաք տվեց մեկ նախադասությունից, որի վրա կուտակվեցին վիրավորանքը, տխրությունն ու կյանքը փոխելու խիզախությունը․

«Երևի առողջական խնդրով բոլոր երեխաների մայրերն անցնում են մի փուլով, երբ սկսում են պատճառներ փնտրել, մեղադրել իրենց։ Մտածում ես՝ ինչի՞ց եղավ, ինչպե՞ս եղավ, ի՞նչը սխալ արեցի, ո՞ր մեղքիս համար, ինչո՞ւ հենց ես։ Հետո հասկանում ես՝ իսկ ո՞վ, ո՞վ է երազում այդ փորձության մասին։ Հասկանում ես, որ ունես այն, ինչ ունես և պետք է սովորես դրա հետ ապրել։ Հազիվ էի հաղթահարել այդ փուլը, երբ մի օր, վեճի ժամանակ ամուսինս մի բան ասեց, որ մինչև այսօր էլ չեմ կարողանում մարսել։ Ասաց՝ դո՛ւ ես մեղավոր։ Հետո նա, իհարկե, ներողություն խնդրեց, բայց խոսքը իր հետքը թողել էր։ Այդ խոսքը, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, այլևս հնարավոր չէր մոռանալ։ Այդ օրը մեր ընտանիքի համար, ցավոք, ճակատագրական էր»,– հիշում է Իրինան։

Ամուսնալուծությունը հերթական փորձությունն էր, որ պետք է անցներ։ Չափազանց դժվար էր լինել գեղեցիկ, երիտասարդ, ամուսնալուծված կին, մայր՝ այն էլ գյուղական համայնքում, որտեղ լինել ամուսնալուծված, մեծամասնության պատկերացմամբ, նշանակում է լինել անբարոյական, և դա չէր վիճարկվում:

«Ես երիտասարդ կին էի, որն ուներ երկու փոքր երեխա, որոնցից մեկը՝ առողջական խնդրով։ Ես անընդհատ վազքի մեջ էի, որովհետև պետք է երեխաներիս ոտքի կանգնեցնեի։ Ես ունեի ընտրություն՝ դառնալ նպաստառու կամ ուժերս հավաքել և առաջ գնալ։ Չափազանց բարդ է բավարարել «բարոյական կնոջ» հանրային ակնկալիքը, երբ շրջապատում գրեթե բոլորն անում են ամեն ինչ՝ հակառակ պատկերն ունենալու համար։ Նման պահերին, երբեմն, ուղղակի ուզում ես կախվել։ Մինչ մարդիկ չարախոսում կամ ենթադրություններ էին անում, թե ես ուր մտա, քանի րոպեով, ում հետ, ես լեզու էի սովորում, ես աշխատում էի, շատ էի աշխատում, շատ-շատ էի աշխատում, և «Աստղացոլքն» իմ փրկությունն էր»,– հիշում է նա։ 

Միակ բանը, ինչի համար հիմա ափսոսում է Իրինան, զավակների հետ չանցկացրած ժամանակն է ու չափազանցված խստությունը, որ հիմա համարում է ոչ մայրական։ Բայց անգամ դրանում դրական կողմեր է գտնում․ զավակները մեծացել են ինքնուրույն ու անկախ։ 

«Ճամբարակի անտառտնտեսության» տնօրեն դառնալու առաջարկը անակնկալ էր Իրինայի համար։ Ասում է՝ վախ ու խուճապ երբեք չի ունեցել։ Մայրն անհանգիստ էր, ասում էր՝ քեզ կուտեն, բայց ինքը հիշեց հոր խոսքը՝ ինչո՞ւ ոչ:

«Պաշտոնը ստանձնելուց առաջ ժամանակ խնդրեցի՝ մտածելու, ուսումնասիրելու համար։ Այդ ընթացքում ինչ հնարավոր էր՝ կարդացի։ Շատ լավ հասկանում էի, որ բարդ ու չափազանց կոռումպացված ոլորտ եմ գալիս, բայց կյանքն ինձ սովորեցրել է հաղթահարել դժվարությունները։ Ես խնդիրներ լուծող մարդ եմ։ Ինձ համար որքան բարդ՝ այնքան լավ։ Երբեմն, երբ հասկանում եմ, որ խնդիրներ չկան, բոլորը լուծված են, ինձ համար լճացման գործընթաց է սկսվում։ Թվում է, թե սկսում եմ հետզարգացում ապրել, թվում է՝ իզուր է անցնում ժամանակս։ Նշանակվելուց հետո իմացա, որ բավական երկար քննարկումներ են եղել, ու եզրակացությունը, որին հանգել են պատասխանատուները, եղել է այն, որ կոռուպցիոն շղթան կարող է կոտրել կինը, և քանի որ Ճամբարակում կային խնդիրներ, քննարկվել էր իմ թեկնածությունը»,– ասում է Իրինան։ 

Ոլորտը, իրոք, բարդ է։ Իրինան ասում է՝ այն նման է հիվանդի, որին միացրել են արհեստական շնչառության սարքի, բայց ուղեղն արդեն անդառնալիորեն վնասված է։ Հիմա ոլորտի բարեփոխման առաջարկների «կեսկիլոմետրանոց» ցուցակ ունի, որն անպայման ներկայացնելու է վերադասին։ Նրա համար մեծ ու փոքր խնդիրներ չկան, կան իրավիճակներ, որոնք պետք է ընդունել և մտածել՝ ի՞նչ օգուտ կարելի է քաղել դրանք հաղթահարելուց:

«Կատակում էինք, թե ինձ ինչ է տալիս «Հայանտառում» աշխատանքը։ Ասացի, որ հիմա վստահ կարող եմ պնդել, որ ես այլևս ոչնչից չեմ վախենում՝ աշխատել եմ «Հայանտառում»․․․ աշխատել եմ «Հայանտառում»՝ պատերազմի ժամանակ»,– ժպիտով ասում է Իրինան։


  • Լրագրող՝ Սոնա Մարտիրոսյան
  • Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.