Մեղրի պես քաղցր, արցունքի պես աղի. զրոյից սկսելով ավելի լավ կյանքը. Իննա Սարգսյան / ԴԱՓՆԵ

Բարձրահարկ շենքի առաջին հարկի փոքր փռում ամեն ինչ իր տեղում է՝ գրտնակը, ալյուրը, վառարանները: Ամեն ինչ կա, բայց միևնույն է, Իննայի սրտով չէ: Իր սիրտն իր տանն է, տունը՝ թուրքի ձեռքին:

Վառարանում թեժ կրակի վրա բարձրանում է փափուկ խմորը ու պնդանում՝ ճիշտ Իննայի կամքի նման, որ կարծրանում է ամեն հարվածից:

«Ես նեղացած եմ, բայց ոչ մարդկանցից, ես բախտից եմ նեղացած: Կորցրածիս մասին չեմ մտածում՝ տուն, տեղ, խանութ, բիզնես… Մարդիկ պատերազմին ամենաթանկը տվեցին՝ իրենց երեխաներին, ես ինչի՞ց բողոքեմ, քար ու շենքի՞ց: Նորից կստեղծենք, նորից կանենք: Մարդիկ էլ չկան, մարդիկ… Ես այդ մարդկանց երեխաների աչքերին ինչպե՞ս նայեմ, այրիացած, ջահել կանանց»,- ասում է Իննան, որ Հադրութից Երևան է բերել միայն որդու նվիրած գերմանական կարմիր հարիչը, երեխաների լուսանկարները ու բաղադրատոմսերի երկու տետրերը:

Տիկին Իննան պատմում է, որ Հադրութի իրենց մեծ տանը երբեք մենակ սեղան չեն նստել: Իր տան դռները միշտ բաց էին եկողի համար: Ասում է՝ աշխարհի տարբեր ծայրերից հյուրեր էին ունենում, բոլորին ընդունում էր բաց սրտով ու լիքը սեղանով: Հադրութ մտնելիս առաջինն իրենց խանութն էր: Այն նաև վերջինը դարձավ պատերազմի օրերին:

Հադրութը Արցախի հարավարևելյան ուղղությամբ գտնվող ամենամեծ շրջաններից էր՝ շուրջ 1900 քառակուսի կմ, որն իր պատմության ողջ ընթացքում երբեք ադրբեջանաբնակ չի եղել: 15 հազարից ավելի բնակչություն ունեցող Հադրութը Արցախի ամենաճանաչված զբոսաշրջային ուղղություններից էր և տնտեսապես ամենաապահովվածներից: Արցախյան երրորդ պատերազմում հրադադարի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Հադրութը՝ իր 43 բնակավայրերով, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Երբ պատերազմը սկսվեց, երեխաներին ուղարկեցինք Երևան, ես և ամուսինս մնացինք Հադրութում: 10 օր մնացի քաղաքում ու դուրս եկա միայն այն ժամանակ, երբ հասկացա, որ այլևս հնարավոր չէ: Ողջ ընթացքում խանութը մի օր չենք փակել: Քաղաքում երկու փուռ կար, որ հաց էին թխում ու բերում մեզ մոտ, միակ բաց խանութը Հադրութում, որում այլևս ոչինչ չէինք վաճառում: Ներսում մեծ սեղան էինք դրել՝ հացը վրան, տնից բերված պահածոներով, խանութում եղած մթերքով: Մտնողը մինչև կուշտ չուտեր, չէի թողնի գնար: Հիմա մտածում եմ զոհվածների մասին, որ պատերազմից առաջ գրեթե ամեն օր խանութ էին գալիս, մեկն ընտանիքի մասին էր պատմում, մեկը նեղված էր լինում, սիրտն էր բացում, մյուսը դիրքերից զանգում էր, խնդրում ընտանիքի համար վարձով տուն գտնել… Շատ դժվար է մտածել, որ այդ տղաներն այլևս չկան: Միակ միտքը, որից սիրտս մի քիչ հովանում է, այն է, որ քանի դեռ ես Հադրութում եմ եղել, նրանք սոված չեն մնացել: Ո՞վ գիտի, գուցե վերջին անգամ իմ պատրաստածն են կերել»,- ասում է Իննան:

Սեպտեմբերի 27-ին գաթայի պատվեր ուներ: Երեկոյան խմորը պատրաստել էր, որ առավոտյան գնդի, գաթա թխի: Պատերազմը սկսվեց, խմորը հունցած մնաց: Խանութում ամսվա կեսից ապրանքը սկսում էին պարտքով տալ: Հոկտեմբերի սկզբին նախորդ ամսվա պարտքն այդպես էլ չհավաքեցին՝ 10 մլն դրամ: Այսօր Երևանում ժամանակ առ ժամանակ հիշում է, թե որ դարակում ինչ է թողել, մտածում է, թե այգում ո՞ր միրգը հասավ, ծառերին մնաց: Երբեմն՝ գործերով տարված, նոր փռի կիսադատարկ դարակներում փնտրում է բաներ, որ ուներ տանը:

«Հիմա այստեղ գնում եմ խանութ՝ մի բան գնելու, բայց աչքս միայն նրան է կպնում, ինչ ունեի Հադրութում, նույն գրտնակը, նույն դանակը… Հետո մտածում եմ՝ գրողը տանի, ի՞նչ եմ մտածում: Մի քանի օր առաջ ամուսինս մտել էր պատահական խանութ, վաճառողը մոտեցել, հարցրել էր՝ Հադրութի՞ց եք: Երբ ամուսինս ասել էր այո, տղան հիշեցրել էր, որ վերջին օրը Հադրութի մեր խանութում ամուսինս նրան մի տուփ ծխախոտ էր տվել»,- պատմում է Իննան:

Առանձին թասի մեջ իրար է խառնում կտրտած ընկույզը, շաքարավազը, մի փոքր ալյուր ու շաղախում իր հայտնի փախլավայի քաղցր միջուկը: Խմորը ծածկել է Հադրութից բերված ծածկոցով: Հենց այս թխվածքն է այսօր պահում մի ողջ ընտանիք: Հադրութ վերադառնալու մասին Իննան չի մտածում, իր տանն արդեն թշնամիներն են, սոցցանցերում է տեսել: Բայց, միևնույն է, խոստովանում է՝ վերջին օրը՝ տնից դուրս գալիս, դռները բաց է թողել՝ մի օր վերադարձի հույսով:

«Հիմա ծանր է, շատ ծանր: Մենք երկրորդ անգամ ստիպված ենք մեր կյանքը զրոյից սկսել: Բայց կան մարդիկ, որոնք շատ ավելին են կորցրել: Ես չեմ վախենում զրոյից, որովհետև դա էլ կետ է, որից կարելի է սկսել: Մենք միշտ էլ զրոյից ենք սկսել: Ես այս անգամ էլ եմ սկսելու, վստահ եմ: Հադրութում թողած մեր տնից լավն այստեղ եմ կառուցելու: Երեխաներիս հարսանիքով եմ ամուսնացնելու: Կարևորը՝ իրար հետ ենք, ողջ, առողջ: Մնացած ամեն ինչ հնարավոր է, եթե աշխատես: Մենք կաշխատենք: Նրանց հաջողվեց մեզանից խլել մեր տները, մեր հայրենիքը, մեր անցյալը… Բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեզանից նաև մեր ներսի լույսը խլեն»,- ասում է Իննան:


  • Լրագրող՝ Սոնա Մարտիրոսյան
  • Տեսանյութը՝ Action Studio
  • Պրոդյուսեր՝ Էմմա Գրիգորյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.