«Եզդի համայնքում կրթված աղջիկ տեսնելով, ասում են` հպարտ ենք ձեզանով, բայց իրենց աղջիկներին արգելում են սովորել». Զուզան Խուբոյան՝ խիզախը

Առաջին օրը նոր կուրսում դասախոսներին անակնկալ է սպասում. Զուզան Խուբոյան: Տառասխալ չէ, խիզախություն է: Եզդի Զուզանը քաղաք է եկել իր ու մոր երազանքի՝ կրթության հետևից: Այսօր Զուզանը սովորում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում: Սա նրա երկրորդ բարձրագույն կրթությունն է.

«Մայրս ընդամենը 16 տարեկան է եղել, երբ հայրս նրան փախցրել է: Չնայած, որ այդ ժամանակ փոխադարձ սեր չի եղել, բարեբախտաբար՝ ընթացքում առաջացել է ու մինչև հիմա էլ այդպես է, բայց միևնույն է՝ մորս շատ երազանքներ անկատար են մնացել վաղ ամուսնության պատճառով»,- ասում է Զուզանը:

Եզդիական համայնքում կանանց կրթության արգելք, որպես այդպիսին, չկա: Հարցն ավելի շատ կարծրատիպերի և սովորույթների տիրույթում է: Կանանց կրթությունը չի խրախուսվում ոչ միայն համայնքում, այլև ընտանիքներում: Կրթության նկատմամբ նման մոտեցումը համայնքում շատ հաճախ արդարացնում են վաղ ամուսնությունների սովորությամբ, որը, սակայն, ևս ո՛չ օրենքով, ո՛չ ազգային ավանդույթներով հիմնավորված չէ:

«Ես արդեն ավարտում էի դպրոցս, երբ մայրս որոշեց, որ պետք է մասնագիտական կրթություն ստանա: Հայրս ամեն կերպ աջակցեց նրան, բայց մորս քայլը անհասկանալի էր ոչ միայն եզդիական համայնքում, այլև հայերի միջավայրում: Բոլորն ասում էին՝ այդ տարիքում ի՞նչ կրթություն, հիմա աղջկադ հերթն է, բայց մայրս գնաց իր երազանքի հետևից՝ կոտրելով կարծրատիպեր թե՛ մեր համայնքում, թե՛ հայերի մոտ»,- պատմում է Զուզանը:

Խուբոյանների ընտանիքում կրթության նկատմամբ ակնածանք միշտ է եղել: Դստեր կրթության հարցում առաջին շահագրգիռ մարդը տան հայրն էր: Զուզանն ասում է՝ հայրը բացառիկ լայնախոհ մարդ է, հավատում է կրթության ու ազգային առաջընթացի տրամաբանական կապին:

«Մեր ընտանիքում կանանց կրթությունը շատ կարևոր է: Տատիկս հայտնի բանաստեղծուհի է, մայրս՝ միշտ գիրքը ձեռքին: Ես հավատում եմ, որ ապագա ունի միայն այն ազգը, որի մայրերը կարդում են»,- ասում է Զուզանը:

Եզդիական համայնքը Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունն է. 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում ապրում է 35.272 եզդի (ոչ պաշտոնական տվյալներով՝ 45-50 հազար): Վիճակագրական տվյալները փաստում են՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արագածոտնի մարզերի 15 եզդիաբնակ գյուղերում 2004-2015 թվականներին դպրոց է ընդունվել 473 եզդի աղջիկ, որոնցից հիմնական՝ 9-ամյա դպրոցն ավարտել են միայն 234-ը, և միայն 122-ն են իրացրել միջնակարգ պարտադիր կրթություն ստանալու իրենց իրավունքը: 2018-2019 թթ. ՀՀ ողջ տարածքում դպրոցների ավագ դասարաններում սովորել են միայն 369 եզդի աշակերտներ:

«Ես ափսոսում եմ այն ժամանակը, որ անցկացրել եմ՝ չիմանալով իմ ազգային ինքնության շատ սիրուն տարրերի մասին: Ափսոսում եմ, որ միայն վերջերս եմ սովորել խոսել եզդիերեն: Ափսոսում եմ, որ չունենք գրավոր աղբյուրներ մեր ազգային կրոնի մասին, որովհետև հավատում եմ, որ մարդ իր ինքնությունը կարող է սիրել միայն այն ժամանակ, երբ ճանաչում է այն: Այդ ճանաչողության ամենակարևոր բաղադրիչը կրթությունն է»,- ասում է Զուզանը:

Զուզանը զարմանում է, որ իրեն տեսնողներից շատերն ասում են, թե հպարտանում են իրենով, իր նպատակասլացությամբ, իր առջև բացվող հնարավորություններով, բայց միևնույն ժամանակ սեփական երեխաներին զրկում են դրանից.

«Ես չեմ հասկանում մարդկանց, ովքեր ամուսնացել են 15 տարեկանում, կրել են վաղ ամուսնության բոլոր դժվարությունները, բոլոր զրկանքները և այսօր նույն արարքին մղում են նաև հարազատ երեխաներին: 15-ամյա աղջիկը ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես պատրաստ չէ կին ու մայր լինելու: Իհարկե, բոլոր ծնողներն իրենց զավակների համար լավն են ցանկանում, բայց արդյոք դա՞ է լավագույն ապագան, որ կարող են ունենալ այս երեխաները»,- ասում է Զուզանը:

Իր համար Զուզանը հաստատ որոշել է՝ կյանքը կապելու է եզդի տղայի հետ: Միայն ուզում է, որ նա ունենա նույն արժեքներն ու երազանքները, ինչ ինքն ունի:

«Մեր ազգի պատմությունը շատ հարցերի պատասխան է տալիս. նախկինում մտածել են, որ աղջիկների վաղ ամուսնությունը ազգապահպանման խնդիր է լուծում: Կրթությունը համարում էին ուծացման վտանգ, բայց այսօր իրավիճակն այլ է: Այսօր այլևս ազգապահպանությունը հնարավոր չէ միայն սովորույթի ուժով: Ես համոզված եմ, որ կիրթ, մրցունակ ազգ դառնալու համար կրթված անհատ է պետք»,- ասում է Զուզանը:


  • Լրագրող՝ Սոնա Մարտիրոսյան
  • Տեսանյութը՝ Action Studio

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.