«Աշխատանքս իմ փրկությունը դարձավ». Մարիամ Մելիքյանը՝ բռնությունից մինչև երջանկություն՝ հավերժ լռության մեջ / ԴԱՓՆԵ

photo by Emma Grigoryan

«Ամենօրյա ծեծն ու բռնությունը դարձել էին մեր ամուսնական կյանքի մի մասը: Ծեծվում էի ամեն առիթով ու նաև անառիթ՝ խանդի հողի վրա, նյարդայնացած պահերին, երբ կամենար: Համբերությանս վերջին կաթիլը դստերս աչքի առաջ ինձ ծեծելն էր: Դրանից հետո վերցրեցի երեխայիս և գնացի ծնողներիս տուն»,- իր կյանքն է վերհիշում Մարիամ Մելիքյանը:

Ընտանիքում բռնության ենթարկված կանայք դժվար են պատմում իրենց խնդրի մասին: Պատմում են ժլատ, դժկամորեն, երբ այլ ելք չկա: Պատմում են՝ ծածուկ հույս ունենալով, որ իրենց չեն մեղադրի, որ իրենց կհասկանան: Բայց կան կանայք, ովքեր ուղղակի չեն կարող պատմել: Նրանք միշտ լուռ են:

Մարիամ Մելիքյանը ծնվել է չլսող ծնողների ընտանիքում: Հայրը, մայրը, ինքը լսողական խնդիրներ ունեն, քույրն ու եղբայրը լսում և խոսում են: 19 տարեկան էր, երբ ապագա ամուսինը փախցրեց իրեն: Փախցրեց ոչ թե իր կամքին հակառակ, այլ՝ ծնողների:

«Այդ ժամանակ սիրահարված էի նրան, շատ գեղեցիկ էր: Ծնողներս կտրականապես դեմ էին: Նա ամուսնալուծված էր, դատվածություն ուներ: Նրանք համարում էին, որ նա չի կարող լավ ամուսին լինել: Ժամանակը ցույց տվեց, որ ծնողներս ճիշտ էին: Ես հույս ունեի, որ համատեղ կյանքի ընթացքում նա կփոխվի»,- պատմում է Մարիամը:

20 տարեկան էր, երբ ծնվեց դուստրը: Ամուսնական կյանքի ողջ ընթացքում ամուսինը չունեցավ կայուն աշխատանք: Մարիամը պատմում է, որ այն պահերին, երբ գումար էր գտնում, անհավանական պատճառներով վեճեր էր հրահրում և օրերով գնում տնից: Երբ գումարն սպառվում էր, վերադառնում էր տուն:

«Համատեղ կյանքի ընթացքում մենք այդպես էլ ընտանիք չունեցանք: Հաճախ առանձին էինք ապրում, բռնությունն ու սուտն անընդհատ էին: Ծեծի համար նրան պատճառ պետք չէր. երբեմն ուղղակի հարբած էր լինում, երբեմն խանդում էր: Հաճախ պատճառն այն էր լինում, որ պարտքատերերին չէի կարողանում ճանապարհել: Բայց ամենակարևորն այն էր, որ ես երբեք չպետք է հակառակվեի նրան, ոչ մի պարագայում: Մեր համատեղ կյանքի ընթացքում նա ևս երկու դատվածություն ունեցավ: Իր բոլոր անհաջողությունների համար ինձ էր մեղավոր համարում»,- ասում է Մարիամը:

Մարիամի ամուսնական կյանքը տևեց 6 տարի: Դուստրը 5 տարեկան էր, երբ հերթական բռնության ականատեսը եղավ: Դստեր սարսափը վերջակետ դրեց ծնողների հարաբերություններին:

«Ամուսնալուծությունից հետո առաջին բանը, որ մտածում էի, դուստրս էր: Նա 5 տարեկան էր դառնում, դպրոց պետք է գնար հաջորդ տարի: Վախենում էի, որ չեմ կարողանա ապահովել նրան այն ամենով, ինչի կարիքն ունի առաջին դասարանցին: Ամաչում էի, որ այդ ամենն իմ փոխարեն անելու են ծնողներս: Ամաչում էի, որ անօգնական եմ: Այդ ընթացքում նախկին ամուսինս մի քանի անգամ փորձեց ներողություն խնդրել, հետո բանը հասավ սպառնալիքներին: Սպառնում էր սպանել ինձ կամ ինքնասպան լինել: Բայց որոշումս արդեն կայացված էր, հետդարձի ճանապարհ չկար: Առաջին մի քանի ամիսը վեր էի թռնում ամեն մի շարժումից, երբ հասկանում էի, որ դուռը թակել են, կամ մերոնց դեմքին էի անհանգստություն նկատում։ Վախենում էի, որ ամուսնուս պարտքատերերը կարող են գալ իմ կամ դստերս հետևից»,- ասում է Մարիամը:

Ամուսնալուծությունից հետո Մարիամը դիմում էր բոլոր հնարավոր գործատուներին: Լսողության խնդիրներ ունեցողների համար Հայաստանում կրկնակի դժվար է աշխատանք գտնելն այն պարզ պատճառով, որ գործատուների շրջանում կարծրատիպ կա, թե նրանք չեն հասկանա գործընկերներին:

«Միակ աշխատանքը, որ կարող է գտնել լսողության խնդիր ունեցող մարդը, մաքրությունն է: Բնականաբար, այդ գումարը չի բավականացնում, չնայած դա էլ եմ արել: 2005 թվականն էր, երազ տեսա, թե, իբր, ինձ աշխատանքի են տանում ինչ-որ մարդաշատ, մեծ տարածք: Հաջորդ օրը մեր հարևանը եկավ և ասաց, որ իրենց ընկերությունն այսուհետ զբաղվելու է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մաքրման աշխատանքներով, իսկ իրենց աշխատակիցներից մեկն արձակուրդ է գնում, և ես կարող եմ փոխարինել նրան»:

Առաջին օրը, երբ Մարիամին ներկայացրեցին տնօրենին, նա միանգամից ասաց, որ հավանում է նոր աշխատակցին, երբ ասացին, որ նա չի լսում, ուղղակի հետաքրքրվեց՝ գրելով կամ ժեստերով կկարողանա՞ բացատրվել: Դրական պատասխանից հետո Մարիամն աշխատանքի անցավ: Մեկ ամիս անց, երբ արձակուրդ մեկնած աշխատակիցը վերադարձավ, և Մարիամը սկսեց հավաքել իր անձնական իրերը, նրան հրավիրեցին տնօրենի մոտ:

«Ներս մտա, ու տնօրենը միանգամից ասաց՝ մենք որոշել ենք, որ դու մնում ես: Ես ասացի, որ չեմ կարող աշխատել ուրիշի փոխարեն, որ դա արդար չէ, ես ուղղակի փոխարինող եմ: Ասացին, որ ինձ համար հաստիք են առանձնացրել,- պատմում է Մարիամը: — Օգոստոս ամիսն էր, գործընկերներս զգում էին, որ լարված եմ, տեղյակ էին իմ պատմությանը: Հասկանում էին, որ մտահոգ եմ աղջկաս դպրոցի համար: Ամուսինս նույնիսկ ապրուստավճար չէր վճարում: Ո՛չ նա, ո՛չ նրա ընտանիքը երբևէ այլևս չհետաքրքրվեցին մեզանով: Օգոստոսի վերջին գործընկերներս անակնկալ արեցին. դստերս համար դպրոցական պայուսակ և գրենական պիտույքներ էին գնել, այն ամենը, ինչ կարող է պետք գալ առաջին դասարանցուն: Տվեցին նվերն ինձ ու ասացին՝ դու միայն ժպտա»,- պատմում է Մարիամը:

Արդեն 13 տարի Մարիամն ապրում է առանց մշտական ու անվերջանալի վախի, հույսն իր ու մտերիմների վրա դրած, իր տաքուկ ու լուսավոր տանը: 2007 թվականից մաքրուհու աշխատանքից տեղափոխվեց խոհանոց՝ գործընկերների սնունդն ապահովելու:

«Շատերի համար ասածս անհասկանալի է թվում, բայց այդքանից հետո աշխատանքս իմ փրկությունը դարձավ: Խոսքը միայն աշխատավարձի մասին չէ, այլ վերաբերմունքի, իմ ուժերին հավատալու և ինձ ինքնավստահություն ներշնչելու: Ես հասկացա, որ մենակ չեմ, որ ես կարող եմ»,- ասում է նա:

Սկզբում դժվար էր. անորոշությանն ու ֆինանսական անկայունությանը գումարվում էր նաև երիտասարդ կնոջ՝ միայնակ լինելու թաքուն տագնապը: Բայց ամեն բան փոխվեց, երբ տարիներ անց Մարիամը հանդիպեց հին ծանոթներից մեկին՝ Սարիկին, ում հետ արդեն ընտանիք են կազմել: Նա հայրություն է անում Մարիամի դստերը, Մարիամը՝մայրություն Սարիկի որդուն: Նրանց ընտանիքում լռություն է տիրում, որում ապրում է երջանկությունը:





  • տեքստ`  Սոնա Մարտիրոսյան
  • լուսանկարիչ` Էմմա Գրիգորյան


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.