«Որքան էլ ցավը մեծ լինի՝ պայքարել, չվախենալ, չստորանալ, գնալ մինչև վերջ». Թագուհի Մանսուրյանը՝ կացնի հարվածներից դեպի կյանքի նոր հորիզոններ / Թագուհի Մանսուրյան / ԴԱՓՆԵ

Աչքերը փայլում են արցունքներից, դիմագծերը՝ դողում, ձեռքերը` ձեռք փնտրում ամուր բռնելու, չհուսահատվելու համար։ Մինչդեռ ամիսներ առաջ է հասկացել. իրեն բաժին ընկած ողբերգությունը մենակ պիտի վերապրի ու հաղթահարի:

«Երբ մենակ վերադարձա տուն հիվանդանոցից, հարևանները կանգնած նայում էին, մտա մուտք ու քայլեցի դեպի մեր դռան շեմը։ Անտանելի դժվար էր… Հասկացա, որ մենակ եմ քայլում դեպի տուն ու պետք է այդպես էլ այս կյանքում մենակ շարժվեմ առաջ ու չնայած ներքին խռովքիս ու ապրումներիս՝ կարողանամ հասնել նպատակներիս՝ հանուն տղայիս: Չունեի մեկին, որ կաջակցեր ինձ: Մայրս մահացել էր, հայրս՝ ինձ նման ողբերգություն ապրած, տարիքով մարդ, եղբայրս՝ հեռու, տղաս՝ երկու տարեկան… Ես չէի կարող իմ թուլությամբ բեռ լինել նրանց վրա»,- պատմում է ամիսներ առաջ սեփական դռան առջև նախկին ամուսնու կողմից կացնահարված ու հրաշքով ողջ մնացած 37-ամյա Թագուհին:

Չնայած մուտքի դռները փոխել են, պատերը՝ վերանորոգել, Թագուհին ամեն օր վերապրում է տեղի ունեցածը. «Ամեն անգամ դուռը բացելիս ուզում եմ կրկին վերհիշել դեպքը, թե ինչպես արեց, որ կյանքից զրկեց մորս, բայց չեմ կարողանում հիշել…»:

Զգացմունքներն ու հույզերը զսպելով՝ վերհիշում է իր ծննդյան օրը.

«Հուլիսի ութը անցկացրեցի բալիկիս հետ: Երեկոյան գնացի հաճախորդի տուն`սպասարկելու, մասնագիտությամբ դիմահարդար-մատնահարդար եմ, հաջորդ օրն այդ աղջկա հարսանիքն էր: Վերադառնում եմ տուն 1։30-ի կողմերը, նա արդեն մեր բակում է ու աղմկում է: Ինձ նկարում է հեռախոսով ու ասում, թե երեխային թողել եմ մենակ և ուշ ժամի տուն եմ գալիս: Մայրս է դուրս գալիս, սկսում է խփել ինձ ու մայրիկիս: Հետո նույն պահին զանգում է ոստիկանություն ու ասում, որ մենք ենք իրեն ծեծում: Ոստիկանությունը գալիս է մեզ տանում բաժանմունք, ինքը փախչում է: Շատ լավ գիտեր, որ մի ժամից բաց են թողնելու, նախապես մտածված զանգեց ոստիկանություն, որ այդ ժամանակահատվածում հասցներ իր սև գործն անել»:

Թագուհի Մանսուրյանի ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց հանրապետությունը: Ոստիկանությունից գիշերվա չորսին վերադարձող մայր ու աղջկան շքամուտքում կացնահարում է Թագուհու նախկին ամուսինը` 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը:

«Ձեռքիս հեռախոսով լուսավորում եմ, որ դուռը բացեմ, ու հանկարծ՝ հարված ուսիս։ Շուռ եմ գալիս, տեսնեմ՝ Վլադը` սև վերնաշապիկով, կացինը ձեռքին։ Սկսում եմ ահավոր ձայնով գոռալ: Մայրս մտնում է իմ ու Վլադի մեջտեղը, դեմքով դեպի Վլադը, մեջքով դեպի ինձ: Էլ ոչինչ չեմ հիշում…. Հիշում եմ՝ ընկնում եմ գետնին, ու մեկ էլ՝ հորս աղոտ դեմքը, հետո հիվանդանոցի առաջին հարկը` լույսերի մեջ, ու սայլակի վրա նստած հորս արյունոտ դեմքը»,- կրկին վերապրելով տեղի ունեցածը՝ պատմում է Թագուհին:

Նրա մայրը`65-ամյա Կարինե Մանսուրյանը, կացնի բազմաթիվ հարվածներից մահանում է տեղում, Թագուհուն և հորը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոց:

Թագուհին գլխի երկու վիրահատություն է տանում: Կացնի հարվածներից սպիներն ամենուր են` մեջքին, փորին, ուսերին, թևին, ականջին, գլխին, թիակին: Գրեթե մեկ ամիս ապաքինման շրջան է անցնում հիվանդանոցում։ Այդ ընթացքում նրան չեն ասում, որ մայրը մահացել է:

«Հասկացա, երբ տեսա հորս արցունքները: Քարացել էի: Հետո հավաքեցի ինձ` «հետո» ապրելու համար»,- պատմում է Թագուհին:

Անկեղծանում է. տեղի ունեցած ողբերգությունը, որքան էլ սպանել է իրեն, մյուս կողմից ուժ է տվել, որ շարունակի ապրել վաղվա օրվա ու որդու համար:

Մասնագիտությամբ նկարիչ-դիզայներն աշխատում է գեղեցկության սրահում՝ որպես մատնահարդար-դիմահարդար։ Հոգում թանձրացող ցավը մեղմում է նաև աշխատանքով, իրեն տանը սպասող տղայով ու հորով:

Ափսոսում է, որ պայքարն ուշացրեց, ինչի հետևանքով կորցրեց մորը: Խոստովանում է. ցանկացել է ընտանիքը պահել, որ դեռ չծնված երեխան անհայր չմեծանա։ Հիշում է, թե որքան երջանիկ էր, երբ իմացավ, որ մայրանալու է: Առաջին ամուսնությունից երեխա չէր կարողացել ունենալ, երկրորդ ամուսնության հետ էր կապում ընտանիքի ու երջանիկ կնոջ իր բոլոր երազանքները:

«Բայց անգամ հղի վիճակում ինձ խփել է, վրաս դանակ պահել, ու ես էլի լռել եմ՝ մտածելով, որ կփոխվի, բայց անգամ Նարեկիս ծնունդը ոչինչ չփոխեց մեր կյանքում: Այդ ընթացքում առանձին էինք ապրում: Մի օր էլ ծնողներս եկան երեխային տեսնելու, փոխարենը տեսան ինձ կապտուկների մեջ կորած: Ծնողներիս հետ հեռացա: Ոստիկանություն բողոք ներկայացրի, մինչդեռ ինձ անընդհատ նույն ոստիկանները հորդորում էին չբողոքել»,- հիշում է Թագուհին:

2014 թվականի փետրվարին ամուսնացած զույգն ամուսնալուծվում է 2015-ի փետրվարին: Թագուհու համար սկսվում է սպառնալիքների շրջանը, երբ ամեն քայլափոխի դիմացը կտրող նախկին ամուսնուց միայն հարվածներ ու սեռական բնույթի հայհոյանքներ էր ստանում:

«Երբ երեխան դարձավ 5 ամսական, ես սկսեցի աշխատել՝ թե սրահում, թե այցելում էի հաճախորդների տները։ Երբ տուն էի գալիս, բակում կանգնած ինձ էր սպասում ու գոռում, թե էս որ ժամին եմ տուն գալիս, որ ես անբարոյական եմ: Դիմել էր դատարան, որ ինձ զրկեն մայրական իրավունքներից, ես էլ հակընդդեմ հայց ներկայացրեցի՝ պահանջելով ամուսնալուծություն ու ալիմենտ: Դատարանը երկու կողմի հայցն էլ բավարարեց: Երեխային կարող էր հանդիպել միայն ԴԱՀԿ-ում, բայց դա էլ չօգնեց: Առայսօր ոչ մի կոպեկ ալիմենտ չի վճարել իր երեխայի համար»,- ասում է Թագուհին:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ներկայումս ընթանում է Թագուհի Մանսուրյանի գործով երկրորդ դատական նիստը:

Հիմա Թագուհու համար աշխարհը պտտվում է միայն տղայի` Նարեկի շուրջը. «Կարծես զրոյից կյանքս սկսած լինեմ: Չեմ դժգոհում, կարողանում եմ պահել ընտանիքս: Վաստակում եմ նորմալ՝ կախված օրից: Կանանց ռեսուրսային կենտրոնն օգնեց ինձ, ու ես հիմա նոր գործիքներով եմ աշխատում, ինչի համար շատ շնորհակալ եմ»:

Շարունակում է ապրել՝ հավատալով որդուն, որի մեջ տեսնում է ապագան: Փորձում է խոչընդոտներից մաքրել Նարեկին դեպի կյանք տանող ճանապարհը։

«Մտածում եմ, որ շուտով պարտեզ գնա, ինձ հարցնելու է, թե ուր է իր հայրը, կասեմ, որ գնացել է այլ երկիր աշխատելու ու չի վերադարձել: Երբ ավելի չափահաս դառնա, կպատմեմ ողջ ճշմարտությունը. ուզում եմ, որ ինձնից իմանա, ոչ թե ուրիշներից` փոփոխված: Կներկայացնեմ փաստերը, ու թող ինքը որոշի: Հիմա էլ նայում է սպիներիս ու ձեռք չի տալիս: Կցանկանա՞ հորը ճանաչել՝ իր իրավունքն է, չեմ կարող նրան պարտադրել, ինքն է լինելու որոշողը»:

Ընտանեկան բռնությանը «կուլ գնացող» կանանց խորհուրդ է տալիս. որքան էլ ցավը մեծ լինի՝ պայքարել, չվախենալ, չստորանալ, գնալ մինչև վերջ։

«Կինը ինքն իրենով պետք է ուժեղ լինի: Ոստիկանությունը որքան էլ ձեզ տարբեր հարցերով շեղի, թե՝ ընտանիք է, երեխա է, կինը պետք է հստակ որոշում կայացնի ու բողոքի մինչև վերջ: Երբ ինձ ասում էին՝ արդյոք բողոքո՞ւմ ես մինչև վերջ, ասում էի` այո: Հետո հասկացա, որ այդքան հարցերից հետո շատ կանայք են բողոքը հետ վերցնում: Ես պայքարելու եմ մինչև վերջ»,- վստահ ասում է Թագուհին:


  • Լրագրող` Գայանե Մկրտչյան
  • Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

«Ես իմ օրինակով ուզում եմ ասել, որ կանայք ուժեղ լինեն»

Ֆոտոպատմությունը և տեքստը` Նազիկ Արմենակյանի

Երիտասարդ կնոջ վրա դեռ թարմ են բռնության հետքերը: 2016-ի հուլիսի 7-ին Թագուհու ամուսինը կացնով հարձակվել էր նախկին կնոջ ընտանիքի վրա մահացու վիրավորանքները հասցնելով Թագուհու մորը, իսկ Թագուհին և նրա հայրը ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ֆիզիկական և հոգեբանական բռնությունները` Թագուհու և նրա նախկին ամուսնու Վլադիկ Մարտիրոսյանի կարճատև ամուսնության ընթացքում սովորական բնույթ էին կրում: Թագուհին փորձելով պահպանել ընտանիքը չէր բարձրաձայնում և ուղակի խուսափում էր կապտուկներով միջավայր դուրս գալ կամ ծնողների տուն գնալ:

Ամուսնալուծությունից հետո էլ Թագուհու նախկին ամուսինը նրան հանգիստ չէր թողնում. սպասելով շենքի մոտ մինչ Թագուհին աշխատանքից տուն գար ու հարձակվում էր: Դաժան բռնության հետքերն ու սպիերը դեռ չեն վերացել, սակայն Թագուհին ուժ է գտել ապրելու, աշխատելու և հոգ տանելու որդու և հոր մասին:  

— Կանայք Հայաստանում տարիներ շարունակ ապրում են` կրելով իրենց վրա ընտանեկան բռնության հետքերը, անկախ նրանից դրանք երևում են թե ոչ: Բայց ես իմ օրինակով ուզում եմ ասել, որ կանայք ուժեղ լինեն, բարձրաձայնեն իրենց նկատմամբ արված բռնությունների մասին, հետևողական լինեն ոստիկանություն կամ դատարան դիմելիս, — կոչ է անում 37-ամյա Թագուհի Մանսուրյանը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.