Սեռական բռնության ենթարկվելուց մինչեւ իրավապաշտպանություն. «Հասկացա, որ իմ իրավունքները միայն ես կարող եմ պաշտպանել» / Լյուսի Աաբդել Ահադ / ԴԱՓՆԵ

«Ամբողջովին քարացել էի, ոնց որ մեռած մարդ լինեի, ու հոգիս դուրս եկած լիներ մարմնիս միջից: Այնքան վատ էի ինձ զգում, որ մտածում էի` ինքնասպան կլինեմ, սենյակի պատուհանից դուրս կգցեմ ինձ: Այդ պահին ոչինչ էլ չէի զգում, ամեն ինչ ջարդվել էր իմ ներսում, ապագա այլևս չկար»,- անցյալն է վերհիշում 28-ամյա Լյուսի Աբդել Ահադը:

Բեյրութում ծնված ու մեծացած, այնուհետեև Հայաստան տեղափոխված Լյուսին 20 տարեկան էր, երբ սեռական բռնության ենթարկվեց իր դասախոսի կողմից։ Տեղի ունեցածը շոկային էր նրա համար, անհասկանալի ու անբացատրելի։ Աղջկա կյանքում ամեն ինչ կանգ էր առել, ու թվում էր՝ ինքն էլ երբեք առաջ չի շարժվելու:

«Դա շատ մեծ տրավմա էր ինձ համար, ես կյանքում չէի մտածի, որ հենց այս մարդը, ով հոր նման էր ինձ վերաբերվում, փոքրուց ինձ գիտեր, նման արարքի կդիմի: Չէի հասկանում, թե ինչու նա ինձ հետ այդպես վարվեց»,- ասում է Լյուսին:

Նրան բռնության է ենթարկած դասախոսը հայտնի կոմպոզիտոր է, որը Լյուսիին ջութակ է դասավանդել փոքր տարիքից, երբ դեռ Բեյրութում էր ապրում: Ութ տարեկանից ջութակի դասերի հաճախած Լյուսին երաժշտության նկատմամբ սիրո ու աշխատասիրության շնորհիվ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սովորում էր պետպատվերով:

«Դեպքը տեղի է ունեցել մեր տանը, Երևանում: Կոնսերվատորիայի առաջին կուրսում էի սովորում, քննություններին պատրաստվելու համար այդ կոմպոզիտորը խոստացել էր գալ մեր տուն, որ հետս ջութակ պարապի: Վստահությունն ու հարգանքն այնքան մեծ էր այդ մարդու նկատմամբ, որ երբևէ չէի մտածի, թե ինձ հետ նման բան կանի: Ու հենց առաջին օրը եկավ մեր տուն պարապելու, ինձ սեռական բռնության ենթարկեց»,- պատմում է Լյուսին:

Նա խոստովանում է, որ դեպքից հետո սկսում է ատել ջութակը: Մինչդեռ երաժշտությունը նրա կյանքի կարևոր մասն էր՝ մինչ այդ դեպքն օրը 4-8 ժամ ջութակ էր պարապում:

«Բայց դրանից հետո զզվում էի ջութակից, հենց գործիքը վերցնում էի ձեռքս, որ նվագեմ, այդ մարդուն էի հիշում, այդ դեպքը, վերապրում այդ ահավոր զգացումները ու չէի կարողանում պարապել: Ընդամենը մեկ օրում ամեն ինչ կոտրվել էր, փշրվել…»,- ասում է Լյուսին:

Հուսահատության ու անզորության ալիքն այնքան մեծ էր, որ Լյուսին դադարեց անգամ կոնսերվատորիայի դասերին հաճախել:

«Ամեն օր ցավ էի ապրում, շատ է մտածում ինքնասպանության մասին։ Մտածում էի, որ ես ոչ մի բանի պետք չեմ, չէի ուզում ապրել, ոչ մի իմաստ չէի գտնում իմ ապրելու, իմ կյանքի մեջ… Անքուն գիշերներ, նյարդային լարված վիճակ, սարսափելի, վատ երազներ, հուսահատություն ու միայնություն»,- պատմում է Լյուսին:

Չնայած այս դժվարություններին ու հոգեբանական ծանր վիճակին՝ Լյուսին որոշում է դեպքի մասին բարձրաձայնել կոնսերվատորիայում, սակայն որևէ աջակցություն չի ստանում: Ընկերներն ու հարազատները հորդորում են նրան լռել, չխոսել ու չբարձրաձայնել տեղի ունեցած բռնության մասին: Լյուսին աստիճանաբար մեկուսանում է, սկսում տեղի ունեցածի համար մեղադրել ինքն իրեն, իսկ Բեյրութում ապրող ընտանիքը՝ երկու քույրերն ու մայրը, առհասարակ չեն իմանում կատարվածի մասին:

«Կոնսերվատորիայում ասացին՝ դե շատ վատ բան է պատահել, բայց մենք ոչնչով չենք կարող քեզ օգնել: Հետո հասկացա, որ կարող էին գոնե ուղղորդել ոստիկանություն դիմել, բայց դա էլ չարեցին: Իսկ բարեկամներիցս մեկն ինձ ասում էր՝ դե տղամարդկանց 90 տոկոսն այդպիսին է, պետք չէ դրա մասին բարձրաձայնել, դու վաղը չէ մյուս օրը պետք է ամուսնանաս, ընտանիք կազմես, այնպես որ՝ լռիր, ոչ մեկի մի պատմիր այդ մասին»,- հիշում է Լյուսին:

Ուսումը կիսատ թողնելով և երաժշտության հետ կապերը խզելով՝ Լյուսին մեկուսանում է եւ միայն որոշ ժամանակ անց ընկերներից մեկի խորհրդով դիմում է կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններից մեկին՝ աջակցություն ստանալու ակնկալիքով:

«Անընդհատ լաց էի լինում, շատ հուզական էի: Կանանց ռեսուրսային կենտրոնում ինձ լսելուց հետո ասացին, որ ծառայություններ ունեն, կօգնեն ինձ, որ անպայման գնամ իրենց մոտ, բայց հաջորդ օրն էլ չգնացի, երևի դեռ պատրաստ չէի, այդ ուժը իմ մեջ չունեի: Ես ինձ ներսից բլոկ էի արել ու խուսափում էի խոսել, վերհիշել այդ ամենը: Բացի այդ, տեսնում էի, թե ինչպես են այդ մարդուն պարգևատրում, ոնց է նա շարունակում դասավանդել կոնսերվատորիայում, ապրել իր կյանքով, ու մտածում էի՝ ես անզոր եմ որևէ բան փոխել: Որոշեցի փախչել այդ ամենից, չխոսել այլևս՝ չհասկանալով թե այդ դեպքն ինչքան է իմ կյանքում խանգարում ինձ»,- ասում է Լյուսին:

Պահանջվեց 7 տարի, որ Լյուսին իր մեջ ուժ գտնի հաղթահարելու բոլոր վախերն ու հոգեբանական արգելքները, ինչը ենթագիտակցորեն դրդեց նրան պայքարի դուրս գալ ընդդեմ սեռական բռնության և դառնալ կանանց իրավունքների պաշտպան:

«Հիմա եմ հասկանում, թե ինչքան շղթայված է իրար հետ այս ամենը: Երբ ենթարկվեցի սեռական բռնության, իմ մեջ այդ օգնության կանչն էր՝ որ ինչ-որ մեկն իմ իրավունքները պաշտպաներ։ Հետո հասկացա, որ իմ իրավունքները միայն ես կարող եմ պաշտպանել, դրա համար էլ տարիներ անց մտա իրավաբանության ոլորտ»,- ասում է Լյուսին:

Սկիզբը Լյուսիի որոշումն էր՝ ընդունվելու համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

«Ինձ հետ եղած դեպքը հանգեցրեց նրան, որ ինքնաբերաբար սկսեցի հետաքրքվել մարդու իրավունքներով, մասնավորապես՝ կանանց իրավունքներով»,- ասում է Լյուսին, որն ուսման վարձը վճարելու համար սկսում է զուգահեռ աշխատել սպասարկման ոլորտում՝ որպես մենեջեր:

2015-ին կրկին դիմում է Կանանց ռեսուրսային կենտրոն, այս անգամ հստակ որոշմամբ, որ պետք է փոխի իր կյանքը: Լյուսիի կյանքում սկսվում է լուսավոր մի շրջան. նա ստանում է հոգեբանական աջակցություն, մասնակցում կանանց իրավունքների վերաբերյալ դասընթացների:

«Ես ինձ սկսեցի ապահով զգալ, լինել այն մարդը, որն իրականում կամ՝ իմ հույզերով, իմ ներքին աշխարհով, ու չկար այլևս մեկը, որ ինձ ասեր՝ դու սխալ ես, լռիր, մի խոսիր, մի բարձրաձայնիր: Ես հասկացա, որ ինչքան էլ քո իրավունքները ոտնահարված լինեն, պետք է պայքարել, պետք է բարձրաձայնել»,- շեշտում է Լյուսին:

Այսօր նա անձամբ է աջակցում բռնության և խտրականության ենթարկված կանանց, նրանց իրազեկում իրենց իրավունքների մասին: Արդեն մեկ տարի է՝ աշխատում է Կանանց ռեսուրսային կենտրոնում, այցելում մարզեր, կանանց համար կազմակերպում դասընթացներ, որոնց մի ժամանակ ինքն էր մասնակցում:

«Շատ եմ բարձրաձայնում սեռական բռնության մասին, կիսվում իմ փորձով, պատմում իմ պատմությունը: Եղել են դեպքեր, երբ բռնության ենթարկված կանայք տեսել են, որ ես չեմ ամաչում, համարձակ խոսում եմ, իրենք էլ են անկեղծացել ու բարձրաձայնել: Շատերին ուղղորդել եմ հոգեբանական աջակցություն ստանալու, ու դիմել են, հաղթահարել բոլոր դժվարությունները»,- ասում է Լյուսին:

Նա նշում է, որ մեր հասարակությունում տաբու է սեռական բռնության թեման, զոհի նկատմամբ մեղադրանքը շատ մեծ է, և հասարակությունն ավելի շուտ մեղադրում է բռնության ենթարկվածին, քան հանցանք գործածին:

«Մարզային այցելությունների ժամանակ, երբ ես պատմում էի իմ պատմությունը, հասկանում էի, որ շատերը չգիտեն՝ ինչ է սեռական բռնությունը, մարդիկ կային ասում էին՝ Հայաստանում չկա սեռական բռնություն: Տղաներն ինձ հարցնում էին՝ բա ուզում ե՞ս ամուսնանաս, բա ո՞նց ես ամուսնանալու, որ տենց դեպք է եղել, բա ինչի՞ ես պատմում դրա մասին: Աղջիկներն ավելի հուզական հարցեր էին տալիս, ուզում էին հասկանալ՝ ինչպես եմ դուրս եկել այդ իրավիճակից, ինչպես եմ հաղթահարել»,- ասում է Լյուսին:

Նա շեշտում է, որ հասարակությունը կանխակալ և խտրական մոտեցում ունի սեռական բռնության ենթարկված անձանց նկատմամբ. «Բայց ես շարունակում եմ բարձրաձայնել ու սիրում եմ օգնության ձեռք մեկնել բռնության ենթարկված կանանց»:

Լյուսին վստահ է, որ միշտ պայքարելու է կանանց իրավունքների ոտնահարման և սեռական բռնության դեմ:

«Կանայք պետք է իմանան, որ իրենք իրականում շատ ուժեղ են: Եթե կինը ենթարկվում է սեռական բռնության, դա ահավոր մի բան է, բայց միայն այն, որ դու գոյատևում ես, առավոտներն արթնանում ես ու բացում աչքերդ, արդեն ամենամեծ բանն ես հաղթահարել՝ դու պայքարել ես այդ խնդրի դեմ»,- ասում է Լյուսին ու անկեղծանում, որ գնալու է իր երազանքի հետևից՝ կանանց աջակցելու, ուժեղացնելու, կրթելու և իրազեկելու համար ստեղծելու է իր սեփական կենտրոնը:

  • տեքստը` Լիլիթ Առաքելյան
  • լուսանկարը` Նազիկ Արմենակյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.