«Չեմ սիրում, երբ ինձ ընկալում են որպես զոհ, ես դժվար ճանապարհ եմ անցել, բայց ես հաղթած կին եմ». Հասմիկ Խաչատրյանը՝ բռնությունից ազատ բիզնես լեդի / ԴԱՓՆԵ

Ազատությունն աշխարհի ամենաթանկ ձեռքբերումն է Հասմիկ Խաչատրյանի համար, որը 9 տարի շարունակ ապրել է ընտանեկան բռնության, ծեծի և խոշտանգման պայմաններում:
Հինգ տարի առաջ, երբ իր մեջ ուժ գտավ փոխելու սեփական կյանքն ու պաշտպանելու իր իրավունքները, չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կունենա սեփական բիզնես, երեխաները կլինեն իր կողքին, կշարունակի կրթությունն ու կկարողանա օգնության ձեռք մեկնել բռնության ենթարկված այլ կանանց:
«Չեմ սիրում, երբ ինձ ընկալում են որպես զոհ, ես դժվար ճանապարհ եմ անցել, բայց ես հաղթած կին եմ»,- ասում է Հասմիկ Խաչատրյանը, որի աղմկահարույց պատմությանը ծանոթ են շատ-շատերը:
Հայացք գցելով անցյալ տարիներին՝ Հասմիկն ասում է. այնքան ձեռքբերումներ է ունեցել բռնարար ամուսնուց ազատագրվելուց հետո, որ երբեմն իր հավատն էլ չի գալիս:
«Եթե կինը բռնության մեջ ապրում է ու կարողանում է գոյատևել, ինքը դրսում ինքնուրույն ավելի լավ կապրի… Երբեք իմ այս մեկ օրվա ապրածը չեմ փոխի 9 տարվա ապրածիս հետ: Հիմա վայելում եմ ամեն մի օրս ու փորձում լրացնել կորցրած տարիներս»,- մեծ ոգևորությամբ պատմում է Հասմիկը, որը փորձում է քայլ առ քայլ դասավորել իր ապագան ծնողների, դստեր և որդու հետ:
Տեղի ունեցածից հետո ծնողների հետ Գավառից Երևան տեղափոխվելով՝ Հասմիկ Խաչատրյանը վերջին երեք տարիներին սեփական գործ է հիմնել՝ ընտանեկան փոքր բիզնես: Մայրաքաղաքի բնակիչներին Գավառի անուշահամ փախլավա և գաթա է հրամցնում՝ փոքրիկ թխարանից առաքելով խանութներ, սուպերմարկետներ, երբեմն էլ՝ անհատ պատվիրատուներին:
Այս ամենին հասնելու համար երկար ժամանակ, կամք ու համառություն է պահանջվել Հասմիկից, բայց հաջողությունները չէին լինի, եթե չլիներ մեկ գիշերվա շրջադարձային որոշումը՝ փախչել բռնարար ամուսնուց, որի հետ ապրում էր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
«Ես ուղղակի փախա տնից, այդ օրը նախկին ամուսինս այնքան էր խփել ինձ ոտքերով, որ ականջիս թմբկաթաղանթը պատռվել էր, արյուն էր հոսում, հարվածներ էր հասցրել նաև գլխիս, ծխախոտով այրել էր ձեռքս: Մի կերպ մազապուրծ եղա, փախա տնից ու ողջ գիշեր թաքնվեցի գյուղի գետի մոտ: Եթե այդ օրը չփախչեի, երևի կենդանի չէի մնա, ինձ կսպաներ»:
Դեպքից հետո առավոտյան նրան գտնում է մայրը: Հասմիկը հիշում է՝ այնքան կաշկանդված ու վախեցած էր, որ անգամ հիվանդանոցում ու ոստիկանությունում ամաչում էր պատմել իր հետ տեղի ունեցածը՝ թե իր ամուսինն ինչ բռնությունների է ենթարկել իրեն:
«Չեմ մոռանա Գավառի ոստիկանության քննչական բաժանմունքում ոստիկանների վերաբերմունքը, երբ ինձ ասացին՝ բաժանվում ես` ի՞նչ անես, հենա բաժանվածները անբարոյականությամբ են զբաղվում կամ էլ ռեստորաններում մատուցող են աշխատում: Այդ ժամանակ ես էլ չկարողացա որևիցե բառ ասել, գլխիս մեջ միայն աղմուկ էի զգում: Անզորությունից չգիտեի ինչ անել»,- հիշում է Հասմիկը:
ֆոտոպատմություն` Նազիկ Արմենակյան
Ընտանեկան բռնությունը հաղթահարած և բազմաթիվ դժվարությունների միջով անցած Հասմիկ Խաչատրյանն արդեն 3 տարի է, ինչ Երևանում սեփական փոքրիկ բիզնեսն ունի՝ «Hasmik’s Bakery»֊ն: Մայրաքաղաքի բնակիչներին նա ներկայացնում է Գավառի անուշահամ փախլավա և գաթա՝ փոքրիկ թխարանից առաքելով խանութներին, սուպերմարկետներին, երբեմն էլ՝ անհատ պատվիրատուներին:






















Հիվանդանոցից նրան ուղղորդում են Կանանց աջակցման կենտրոն, որտեղ նա ստանում է հոգեբանական, սոցիալական և իրավաբանական աջակցություն: Որոշ ժամանակ Հասմիկը մնում է բռնության ենթարկված կանանց ապաստարանում, որտեղ փուլ առ փուլ անցնում է վերականգման և խնդիրների հաղթահարման շրջանը:
Խոստովանում է, որ սկզբում շատ դժվար էր, և նշում, որ վերականգնումը միանգամից տեղի չի ունենում, բայց կինը պետք է ուժ գտնի իր մեջ և պաշտպանի իր իրավունքները:
«Ես մինչ այդ չեմ բարձրաձայնել, որովհետև վստահություն չունեի ոչ մեկի հանդեպ. երբ տեսնում ես տանդ անդամն է այդպես վարվում քո հետ, մտածում ես՝ դրսում ո՞վ պետք է լինի՝ քո համար այդպես պայքարի: Հասարակության կարծրատիպերը, հարազատների մոտեցումները նույնպես անընդհատ ճնշող էին, ասում էին՝ ամոթ է, բա քեզ պե՞տք է քո ընտանեկան խնդիրը բարձրաձայնում ես։ Բայց ամոթն այն մարդունն է, ով այդքան բռնությունների է ենթարկել ինձ»,- ասում է Հասմիկը:
Հասմիկին 9 տարի ֆիզիկական և հոգեբանական բռնությունների ենթարկած ամուսինը` Սարգիս Հակոբյանը, ըստ դատավճռի մեկ օր իսկ չենթարկվեց ազատազրկման, բայց Հասմիկը, վերջիվերջո, կարողացավ իր խնամքի տակ վերցնել երկու երեխաներին, որոնք մինչ օրս ապրում են իր հետ:
«Աղջիկս գրեթե միշտ ինձ մոտ է եղել, իսկ տղաս 4 ամիս է, ինչ վերադարձել է ինձ մոտ: Տղայիս ագրեսիվությունը գագաթնակետին էր հասնում, երբ ինձ տեսնում էր. չէր թողնում մոտ գնայի, չէր ուզում տեսնել ինձ ընդհանրապես, որովհետև հայրը իմ դեմ էր տրամադրել»,-պատմում է Հասմիկը:
Թեև վաղուց կար դատարանի որոշումը, ըստ որի՝ երկու երեխաներն էլ Հասմիկի խնամքի
ներքո պետք է գտնվեին, ԴԱՀԿ-ն երկու տարի շարունակ չէր հանձնում Հասմիկի որդուն: Հասմիկին երկար պայքարից հետո հաջողվեց վերադարձնել որդուն, որի հետ, նշում է նա, հարաբերությունների առումով մեծ առաջընթաց են գրանցել մի քանի ամսում:
«Երբեք չես մտածի, որ ինը տարի ոչինչ չես արել, չես աշխատել ու մեկ էլ միայնակ պետք է երկու երեխա պահես, կայանաս, ինքնուրույն կարծիք արտահայտես… Դա շատ դժվար է, ամենասարսափելի միտքն ինձ համար դա էր, թե ես ոնց եմ միայնակ ապրելու ու պահելու իմ երեխաներին… Բայց ես կարողացա»,- այսօր արդեն ինքնավստահ ասում է Հասմիկը:
Կանանց իրավունքների վերաբերյալ դասընթացներից բացի, Հասմիկը մասնակցում է բիզնես ուսուցման ծրագրի՝ ձեռք բերելով անհրաժեշտ հմտություններ:
«Երբ ինձ առաջարկեցին, որ իմ սեփական բիզնեսը կարող եմ ստեղծել, ու սկզբնական փուլում Մերձավոր Արևելքի հիմնադրամը կֆինանսավորի, մտածեցի, որ իմ ինը տարվա փակված վիճակից մնացել է այն, որ ես լավ խոհարար եմ դարձել, լավ պատրաստել գիտեմ: Ու որոշեցի Գավառի ավանդական գաթա ու փախլավա պատրաստել, ինչը շուկայում պահանջարկ ունի»,- պատմում է Հասմիկը:
Բիզնեսն սկսելիս Հասմիկը որոշ դժվարությունների ու խոչընդոտների է հանդիպում, սակայն կարողանում է հաղթահարել և այժմ վստահորեն ասում է, որ կայացած բիզնես ունի: Աշխատանքում նրան օգնում է մայրը:
«Սկզբում շատ դժվար էր, երբ բոլոր ծանոթներն ու հարազատները կողքից ասում էին՝ չի ստացվի, բոլոր խանութները փակվում են, արտադրամասերը փակվում են, դու մենակ կին, առանց մեծ ներդումների ոչ մի բանի չես հասնի։ Ես էլ այդ ժամանակ ավելի կաշկանդված էի, ավելի խեղճ, ամաչկոտ, միշտ դիմացինից վտանգ էի սպասում: Ու երբ որ սկսեցի իմ բիզնեսը ներկայացնել տարբեր խանութների, միայն մերժումներ էի ստանում»,- դժվարությունների մասին պատմում է Հասմիկը:
Օրական հարյուր խանութ էր մտնում ու ներկայացնում իր արտադրանքը, բայց հազիվ մեկն էր համաձայնում վերցնել:
«Մտնում էի գործնական առաջարկությամբ, խմորեղենի տեսականին առաջարկում ու թողնում այցեքարտ, որ եթե ուզեն, զանգահարեն, մեկ էլ տեսնում ես տղամարդիկ երեկոյան ժամերի զանգում են ու ասում՝ գիտես, այ տես, որ լավ ընկերություն անես մեր հետ, քո ապրանքը կվերցնենք, մի քանի խանութ էլ ավել կգտնենք քո համար: Դա ինձ համար շոկ էր»,- ասում է Հասմիկը:
Հիշում է, որ ամեն երեկո հուսահատ և ուժասպառ գալիս էր տուն ու մտածում, որ էլ չի շարունակելու, չի առաջարկելու իր արտադրանքը խանութներին, բայց առավոտյան արթնանում էր ու նորից թարմ խմորեղենը ձեռքին, հոգու խորքում հույս փայփայելով՝ շրջում խանութներով ու առաջարկում Գավառի համեղ փախլավա ու գաթա:
Մեկ ամիս անց Հասմիկին ժպտում է հաջողությունը՝ համառության և անկոտրում կամքի շնորհիվ:
«Ես հասկացա, որ ինչքան էլ կնոջ ինքնագնահատականն իջեցնում են, ինչքան էլ տարիների ընթացքում ստիպում են հավատալ, որ ինքն անզոր է, ոչ մի բանի պիտանի չէ, միևնույն է՝ կինը պետք է հավատա իր ուժերին»,- ասում է Հասմիկը:
Սեփական բիզնեսը հիմնելուց բացի, Հասմիկը վերականգնել է ուսումը Գավառի համալսարանում և սովորում է ինֆորմատիկայի բաժնի երրորդ կուրսում: Ամուսնության հենց առաջին տարում ամուսինն արգելել էր իրեն ուսումը շարունակել, և Հասմիկի՝ բարձրագույն կրթություն ստանալու երազանքը մնացել էր անկատար: Այսօր նա ունի ազատություն և հնարավորություն՝ կրթություն ստանալու, աշխատելու, սեփական կարծիքն անկաշկանդ արտահայտելու և իր իրավունքները պաշտպանելու:
Չնայած ժամանակի սղությանը՝ Հասմիկը հասցնում է նաև օգնություն ցուցաբերել բռնության ենթարկված այլ կանանց՝ զուգահեռ աշխատելով Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում:
Մրցանակակիր լուսանկարիչ Էմմա Գրիգորյանը կոնցեպտուալ լուսանկարչության միջոցով բացահայտել է Հասմիկ Խաչատրյանին՝ ստեղծելով այլ աշխարհի պատրանք:



«Եթե ես հիմա բաժանված լինեի ու գյուղում մնայի, չէի կարող հաղթահարել այս բոլոր խոչընդտոները ու ոչ էլ հաջողությունների կհասնեի, որովհետև գյուղում մարդիկ քեզ նայում են որպես դժբախտ մի կնոջ, եթե ամուսնալուծված ես: Բայց ես այն ժամանակ էի դժբախտ, հիմա ես երջանիկ եմ: Հասարակ մի բան. հիմա որ ես առավոտները արթնանում եմ, ժպտում եմ: Իսկ դա բռնություն տեսած, բռնության մեջ ապրած կնոջ համար մեծ ձեռքբերում է»,-անկեղծանում է Հասմիկը:
Խոստովանում է, որ անգամ սեփական երեխաներն են այժմ իրեն այլ հայացքով նայում. «Երեխաներս ինձ անկարող ու խեղճացած էին տեսել՝ մարդ, որին միշտ աշխատացնում էին կամ հալածում։ Հիմա ես բոլորովին այլ եմ: Նրանք իրենց կողքին տեսնում են ավելի կայացած, ուժեղ, ինքնավստահ և ֆինանսապես կայուն մայրիկի»:
Արդեն իրեն լիարժեք ու երջանիկ մարդ համարող Հասմիկը վայելում է կյանքի ամեն օրը։
«Փորձում եմ հնարավորինս շատ բան սովորել, բիզնեսս ավելի զարգացնել, առաջ գնալ, օրինակելի երեխաներ մեծացնել: Ու երբ համեմատում եմ ինձ մի հինգ տարի առաջ ու հիմա, հասկանում եմ, որ ես ապրում եմ արդեն իմ նպատակների ու երազանքների աշխարհում»,-ուրախությամբ ասում է նա:
- Լրագրող` Լիլիթ Առաքելյան
- Լուսանկարները` Էմմա Գրիգորյան, Նազիկ Արմենակյան