«Դո՛ւ ես անցնելու այդ ամենի միջով, ոչ մեկը չի կարող քո փոխարեն որոշումներ կայացնել». Անի Հայկունին՝ վերածնվածը / ԴԱՓՆԵ

«Քաղցկեղից հետո ես կարծես վերածնված լինեմ, ստեղծվել է մի Անի, որը հիմա շատ ավելի լավ գիտի թե՛ իր ճանապարհը, թե՛ իր նպատակը, թե՛ իր առաքելությունը, և ավելի լավ գիտի գնահատել իր էներգիան, ուժն ու կարողությունները»,- ասում է Անի Հայկունին ու ժպտում:

Երեք տարի առաջ, երբ Անիի մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ, ասում է, որ չհուսահատվեց. հուզմունքը, վախը, սթրեսները խորթ էին իրեն: Անին դիմավորեց քաղցկեղը լայն ժպիտով, հիվանդությանը ձեռնոց նետեց իր դրական էներգիայով, խենթություններով ու համարձակ քայլերով:

«Հիմա որ հետ եմ նայում, ես իմ ամբողջ բուժման ընթացքը տեսնում եմ վառ գույներով՝ կապույտ, կարմիր, դեղին, կանաչ… Անկեղծ եմ ասում, ինձ մոտ չի եղել ոչ մի սև գիծ»,- ասում է Անին:

Անին ընդունվել էր Օքսֆորդի համալսարանի բիզնեսի կառավարում բաժինը, սակայն հիվանդության պատճառով մեկ տարով հետաձգում է ուսումը: Երբ բժիշկները հայտնում են քաղցկեղի լուրը, Անին միանգամից սկսում է մտածել բուժման հնարավոր տարբերակների մասին: Ընտանիքում քննարկում են և որոշում, թե որո՛նք են լինելու հետագա քայլերը, և անմիջապես սկսում են բուժումը:

«Իմ կողքին էին իմ ընտանիքի անդամները, իմ ընկերները, ու ողբերգություն չէր մեզ մոտ, բոլորս էլ հասկանում էինք, որ շատ դժվար խնդրի ենք բախվել: Ուռուցքը համարյա 3-րդ փուլում էր, չափսերով՝ 4-6 սմ, բայց մենք չէինք լացում, հուսահատված չէինք: Ես շատ լավ էի հասկանում խնդրի լրջությունը, բայց չէի պատրաստվում հանձնվել ու տրագիկ նստել տեղս: Իմ տրամադրությունը միշտ շատ բարձր էր, ես շատ դրական էի տրամադրված և կարծում եմ, հենց դա էր գաղտնիքը, դա էր իմ բանալին, որ այս բարդ խնդիրը լուծվեց, ու ես բուժվեցի»,- անկեղծանում է Անին:

Քիմիաթերապիա, դեղամիջոցներ, երկու վիրահատություն, հետվիրահատական բուժում՝ այս բոլոր փուլերն Անին անցել է և շարունակում է անցնել՝ ակնկալելով կյանքից միայն դրականը:

Երբ քիմիաթերապիայից մազերն սկսում են թափվել, Անին ասում է, որ դրան վերաբերվում է որպես կերպարի փոփոխության:

«Մտածում էի՝ ժամանակավոր է մազեր չունենալը: Ինձ դուր էր գալիս այդ ոճը: Հիշում եմ՝ մի օր գնացի քիմիա ստանալու հիվանդանոցում, ու նույն սենյակում մի քանի կին ինձ հետ միաժամանակ քիմիա էր ստանում: Տեսա, որ լացում են, անտրամադիր են, ես էլ այդ ժամանակ արդեն մազեր չունեի ու գլխարկով էի: Հանեցի գլխարկս ու ասացի՝ նայե՛ք, ե՛ս էլ մազ չունեմ, ե՛ս էլ ձեզ նման հիվանդ եմ, բայց պետք չի էդքան նեղվել, այնպես չի, որ լացելով կարող ես մի բան փոխել: Ասացի՝ չէ՞ որ դուք երբեք այլևս հնարավորություն չեք ունենալու մազ չունենալու, ձեր մազերն աճելու են, սա ձեր միակ տարբերակն ու շանսն է, որ դուք ձեզ առանց մազերի տեսնեք»,- հիշում է Անին ու ծիծաղում:

Նա նշում է, որ Հայաստանում քաղցկեղը համարվում է դատավճիռ, կարծրատիպերով են վերաբերվում քաղցկեղ ունեցող մարդկանց:

«Մտածում են՝ եթե մարդը քաղցկեղ ունի, ուրեմն վե՛րջ, մեռնում է, նրա հետ ոչ մի լավ բան էլ չի լինի: Հիշում եմ՝ իմ ախտորոշումը նոր էին տվել, Լուսակերտում, որտեղ ապրում եմ, մարդկանց շրջանում լուրեր էին տարածվել, թե իմ վիճակն այնքան վատ է, որ ես պետք է մեռնեմ: Նույնիսկ ինձ, ընտանիքիս անդամներին փողոցում տեսնելիս չգիտեին՝ ի՛նչ խոսեն, իրենց ո՛նց պահեն: Բայց դա սխալ ինֆորմացիայի արդյունք էր, կարծում եմ»,- ասում է Անին:

Բուժման ընթացքում, ասում է՝ երբեք ուշադրություն չի դարձրել մարդկանց հայացքին ու արձագանքներին, բայց հենց բուժման ընթացքում քայլեր է ձեռնարկել ընդդեմ կարծրատիպերի, վախերի ու թյուր կարծիքների:

«Մի օր գործով գնացի բանկ, այդ ժամանակ արդեն մազեր չունեի, հոնքերս ու թարթիչներս թափվել էին, շպար էլ ընդհանրապես չէի անում: Բանկում սպասում էի, որ ինձ մոտենան սպասարկեն, ու հիշում եմ՝ բանկի աշխատողներից մեկն ինձ հեռվից տեսավ, երկար նայեց ու չմոտեցավ: Ինձ համար դա բացարձակ սթրես չէր, բայց ես մտածեցի, որ պատճառը երևի իմ տեսքն էր, որ չմոտեցավ սպասարկելու: Ես հասկացա, որ եթե ինձ հետ է նման բան պատահում, ուրեմն մյուսների հետ էլ է լինում: Հայաստանում մարդիկ չգիտեն՝ ինչպե՛ս պետք է շփվել, խոսել քաղցկեղ ունեցող մարդկանց հետ»,- ասում է Անին:

Այդ միջադեպից հետո ծագած գաղափարը Անին իրականացնում է իր ընկերների հետ. պրոֆեսիոնալ լուսանկարիչների առաջարկում է նկարել իրեն այնպիսին, ինչպիսին կա՝ առանց մազերի:

«Այդ նախագծի նպատակը քաղցկեղի շուրջ եղած կարծրատիպերը կոտրելն էր: Ես այդ լուսանկարներն իմ խոսքերով սկսեցի տարածել սոցիալական ցանցերով, մարդկանց ուզում էի ցույց տալ, որ եթե դու քաղցկեղ ունես, դա դեռ աշխարհի վերջը չէ, կյանքը շարունակվում է»,- ասում է Անին:

Նրա պատմությունն իմանալուց հետո Անիին սկսում են գրել հարյուրավոր մարդիկ՝ ծանոթանալու, ինչպես նաև իրենց աջակցությունն ու օգնությունն առաջարկելու:

«Մինչև քաղցկեղի մասին իմանալը, վերջին տարիներին ինձ երբեմն հարց էի տալիս՝ տեսնես այն կյանքը, որ ես ապրել եմ, իմաստ ունի՞, թե՞ չունի, ի՞նչ կլինի, եթե հանկարծ ես չլինեմ, ի՞նչ է փոխվելու: Ու երբ ախտորոշումս իմացա ու սկսեցի բուժվել, այնուհետև կազմակերպվեց դրամահավաք իմ բուժման համար, ես իմ հարցի պատասխանն ստացա: Ես հասկացա, որ իմ ապրելը զուր չի եղել, այն մարդիկ, որոնց հետ շփվել եմ թեկուզ մեկ րոպե, բոլորն սկսեցին արձագանքել, ուղղակի գրել ինձ, հետաքրքրվել, իրենց ջերմությունը ինձ փոխանցել»,- պատմում է Անին:

Այդ շրջանում նրան սկսում են գրել նաև քաղցկեղ ունեցող մարդիկ՝ նրա հետ պարզապես զրուցելու կամ հոգեբանական աջակցություն ստանալու ակնկալիքով:

Անին անմիջապես արձագանքում է նրանց խնդրանքին և շաբաթը մի քանի անգամ հանդիպում, զրուցում քաղցկեղ ունեցող տարբեր մարդկանց հետ:

«Մի կին կար, բուժումը թողել էր, չէր հավատում, որ կբուժվի, հոգեպես շատ ծանր վիճակում էր: Ես այդ կնոջ հետ հեռախոսով 3 ժամ խոսելուց հետո կարողացել եմ համոզել, որ բուժումը շարունակի, ու հիմա նա բավականին լավ է»,- ասում է Անին:

Մասնագիտությամբ անտառագետ-ինժեներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, այնուհետև Նյու Յորքի պետական համալսարանում ուսանած Անին պատմում է, որ դեռ փոքրուց՝ թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում խնդիրների բախվելիս չի սիրել նահանջել կամ պարտվել:

«Ես անպայման պետք է լուծեի, անցնեի այդ ճանապարհը, ինչ դժվարին իրավիճակ էլ լիներ: Նույնիսկ եթե ոչինչ չստացվեր, ես պետք է փորձեի լուծում տալ ինձ հանդիպած ցանկացած խնդրի: Երբեք չեմ ունեցել այն մոտեցումը, որ եթե ինչ-որ բան դժվար է, ապա ես չեմ կարող դա անել, կամ եթե ինչ-որ մեկի մոտ չի ստացվել, ուրեմն ինձ մոտ էլ չի ստացվի: Երբեք չեմ ընդունել այդ նույնականացումը ուրիշների հետ։ Իմ կյանքը իմ կյանքն է, և չկա «չի ստացվում» արտահայտությունը: Միշտ մտածել եմ, որ ինձնից շատ բան է կախված, ու արել եմ հնարավորը յուրաքանչյուր հարցում հաջողության հասնելու համար»,- ասում է Անին:

Նա խոստովանում է, որ քաղցկեղը հաղթահարելու ճանապարհին իրեն շատ են օգնել ընկերներն ու ընտանիքի անդամները, բայց որոշումներն ինքն է կայացրել։

«Կողքի մարդիկ ուզում են քեզ միշտ օգնել, ուզում են ինչ-որ բան անել քեզ համար, բայց դո՛ւ ես այն մարդը, որ իրականում անցնելու է այդ ամենի միջով: Դո՛ւ ես տեսնում, դո՛ւ ես զգում այդ ամենը, դո՛ւ ես անցնում դրա միջով, դո՛ւ գիտես քո ուժը, քո հնարավորությունները, ոչ մեկը չի կարող քո փոխարեն այդ որոշումները կայացնել: Նրանք այդքան հսկողություն չունեն իրավիճակի վրա, ինչքան դու, նրանք կարող են քեզ ոգեշնչել, կարող են լավ վերաբերվել, ոնց որ իմ ընկերներն էին միշտ անում տարբեր անակնկալներով՝ նրանք միշտ իմ մեջքին էին, մի՛շտ, բայց ես գիտեի, որ ես եմ այդ ամենի միջով անցնելու»,- անկեղծանում է Անին:

Հայաստանում վիրահատվելուց հետո 2016-ին նա հիմնում է «Անի Հայկունի» քաղցկեղի բուժման աջակցման հիմնադրամը, ապա մեկնում է Անգլիա և մեկ տարի սովորում Օքսֆորդի համալսարանում: Սովորելուն զուգընթաց Անին շարունակում է բուժումն Անգլիայում:

Նրա ստեղծած հիմնադրամն աջակցում է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող՝ սոցիալապես անապահով մեծահասակների, որոնք Հայաստանի քաղաքացի են և բուժում են ստանում հենց Հայաստանում: Բազմաթիվ մարդիկ են դիմում հիմնադրամ՝ թե՛ տեղեկություն ստանալու, թե՛ գումար հայցելու: Արդեն 18 անձի տրամադրվել է ֆինանսական աջակցություն քաղցկեղի բուժման համար:

«Քաղցկեղից հետո ես հասկացա՝ ո՛րն է իմ առաքելությունը: Ես լավ եմ զգում, երբ օգնում եմ մարդկանց, լավ եմ զգում, երբ գիտեմ, որ իմ աշխատանքով մի մեծ խնդիր եմ լուծում, որ իմ ապրելը օգնում է մարդկանց, որ իմ ապրելն արժեք ունի, որ ես կարող եմ ինչ-որ մի բան փոխել»,- եզրափակում է Անին:


  • Լրագրող` Լիլիթ Առաքելյան
  • Լուսանկարները` Էմմա Գրիգորյան


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.