«Ձեզնից բացի, ոչ մեկը ձեր կյանքը փոխել չի կարող». Ալինա Վարդանյանը՝ ստրկությունից ազատություն / ԴԱՓՆԵ

Ալինան չի ափսոսում անցած 12 տարվա համար, քանի որ այդ ամուսնությունն իրեն պարգևել է երկու հրաշալի աղջիկ։ Փոխարենն ափսոսում է ուշացած պայքարի ու կորցրած ինքնավստահության համար:

«Ոչ ոքի չեմ մեղադրում, թե ինչու ամուսնացա նրա հետ: Վերջապես իմ կյանքն է եղել ու իմ ընտրությունը: Ասում եմ՝ փառք Աստծո, աղջիկներս առողջ են, ինձ հետ են, մենակ չեն, հարկավոր չէ ափսոսալ: Խորհուրդս ընտանեկան բռնության պայմաններում ապրող կանանց` մի ոտ էլ շուտ ազատվեք այդ կապանքներից, փոխեք ձեր կյանքը: Հիշեք, որ ձեզնից բացի, ոչ մեկը ձեր կյանքը փոխել չի կարող»,-ասում է 37-ամյա Ալինա Վարդանյանը:

Արդեն երեք տարի ամուսնալուծված Ալինան անկեղծանում է. հիմա իրեն ինքնավստահ կին է զգում, կայացել է, միայնակ որոշումներ է կայացնում ու ապրում իսկապես երջանիկ՝ չնայած բազմաթիվ հոգսերին ու խնդիրներին:

«Ամենակարևորը՝ հանգիստ են աղջիկներս: Մեծս 13 տարեկան է, դարձել էր ինքնամփոփ, կաշկանդված, տխուր, հիմա բոլորովին այլ վիճակում է: Հոր պատճառով նա անընդհատ սթրեսի մեջ էր, դարձել էր հոր ծառան, ես գոնե կարողանում էի ըմբոստանալ, խոսել, Սյուզաննան լուռ էր տանում ամեն ինչ: Հիմա բոլորովին այլ մարդ է դարձել: Փոքրս այն ժամանակ դեռ 3 տարեկան էր, հաճախում էր մանկապարտեզ ու տան բացասական մթնոլորտը, հուսամ, շատ քիչ էր զգում»,-պատմում է Ալինան:

2002 թվականին է ամուսնանում՝ հույսերով ու կյանքով լի, բայց ընդամենը երկու ամիս անց հասկանում է, որ սխալ ընտրություն է կատարել: Ասում է, որ հղի լինելու հանգամանքն ստիպել է հարմարվել կյանքին ու շարունակել ապրել:

«Հիմար մտածողության հետևանք էր, մինչդեռ կարելի էր հենց այդ ժամանակ հրաժարվել ամեն ինչից: Սկզբում մտածում էի, որ նրա մայրն է խանգարողը, քանի որ արգելում էր տղան շփվի սեփական երեխայի հետ, նրա ազդեցությունը շատ մեծ էր տղայի վրա: Հետո մայրը գնաց Իսպանիա: Վեց տարի անց ունեցա երկրորդ աղջկաս՝ Սոնային, մտածելով որ գուցե փոխվի, բայց՝ զուր: Մոր բացակայությունը նրան տվեց լիակատար ազատություն, և նա մոռացավ ոչ միայն ինձ, այլև սեփական երեխաներին»,- հիշում է Ալինան:

Պատմում է, որ ամուսինը՝ Մհերը, ցերեկները քնում էր, իսկ գիշերները տաքսի վարում, կասկածելի մարդկանց հետ շփվում, նրանց նույնիսկ իրենց տուն բերում:

«Սպասարկում էր մարմնավաճառներին, գիշերային ակումբների պարուհիներին: Նրանցից մեկն սկսել էր ապրել մեր փողոցի տներից մեկում վարձով, ու Մհերն ավելի շատ այնտեղ էր լինում, քան տանը: Այդ կինը գալիս էր մեր տուն, իսկ ես ընդդիմանում էի, ու սկսվում էր վեճը: Չէի ուզում աղջիկներս նման մարդկանց տեսնեն, լսեն նրանց խոսակցությունները: Վեճերը հանգեցնում էին նրան, որ անգամ հաց չէր բերում տուն, որ երեխաներն ուտելու բան ունենան»,- ասում է նա:

Ալինան հիշում է, թե ինչպես է օրեր շարունակ հավաքել մանրադրամներ՝ տասը կամ քսան դրամանոցներ, որ կարողանա երեխաների համար մի քաղցր բան գնել, կամ ինչպես են այցելել ամուսնու բարեկամների տներ, որ երեխաները գոնե ինչ-որ բան ուտեն:

«Ֆիզիկական բռնությունն ի հայտ եկավ վերջին տարիներին, երբ սկսեց վիրավորանքներին զուգահեռ նաև խփել, բայց ամուսնական կյանքի ողջ ընթացքում հոգեբանական ճնշումն այնքան մեծ էր, որ ես խելագարվում էի: Այն աստիճան, որ մտածում էի ինքնասպանության մասին։ Անգամ երեխաներս ինձ հետ չէին պահում այդ մտքից: Որոշել էի հոգեմետ դեղեր խմել, որ մահս շատ դաժան չլիներ: Հարևանուհիս թույլ չտվեց, ես տեղս չէի գտնում։ Ճիշտ է՝ ծնողներս ասում էին՝ թող և արի, բայց ես չէի ուզում բեռ դառնալ նրանց ուսերին, ինձ կաշկանդում էր այն հանգամանքը, որ չունեի աշխատանք ու առանձին ապրելու տեղ, հակառակ դեպքում մեկ օր էլ չէի մնա նրա հետ մի տան մեջ»,- ասում է Ալինան:

Հարազատներից ու ընկերական շրջապատից մեկուսացնելով ու հոգեբանական ճնշումների ենթարկելով կնոջն ու աղջիկներին՝ ընտանիքի կասկածելի վարքագծի տեր հայրն սկսում է տուն գալ ծեծված, արյան ու կապտուկների մեջ կորած:

«Սկսել էր տանից դուրս գալ փոքր աղջկաս ձեռքը բռնած, որ ապահովվի իր անվտանգությունը: Երեխան եթե հետն էր, նրան չէին վնասի: Այդպես էր մտածում: Ես փաստեր չունեի, բայց հստակ կասկածներ ունեի, որ նա թմրանյութ էր օգտագործում, ինչի մասին հուշում էր նրա վարքագիծը։ Անգամ կողքից էին մարդիկ նկատում: Մեզ համար իրոք դառնում էր վտանգավոր նրա հետ նույն հարկի տակ ապրելը»,- պատմում է Ալինան:

Ամուսնությունից 12 տարի անց պայքարի ճանապարհներ փնտրող կինն սկսում է աշխատել բուժքրոջ իր մասնագիտությամբ՝ բուժկետերից մեկում: Այդ ընթացքում արդեն հանդիպում է փաստաբանին, հասկանում ամուսնալուծության ամբողջ ընթացակարգը, ծանոթանում օրենքներին:

«Մի անգամ, երբ վառարանի մոտ դրված փայտի կտորը նետեց ուղիղ գլխիս կողմը, հասկացա, որ էլ տեղ չունեմ դիմանալու: Հավաքվեցի ու երեխաներիս հետ գնացի ծնողներիս տուն: Մի քանի օրից նորից հետ գնացի՝ ևս մեկ հնարավորություն տալով նրան, բայց ոչինչ չէր փոխվում»,- հիշում է Ալինան:

Տնից վերջնականապես հեռանում են, երբ ամուսնուն ասում է, որ եղբոր ծննդյան օրը գիշերելու են ծնողների տանը:

«Ասաց, որ ոտքս այլևս իր տանը չտեսնեմ: Ասացի՝ շատ լավ: Արդեն բավականին ինքնավստահ էի ու գիտեի ինչ եմ անում: Երկու օր անց գնացի զագս, զանգահարեցի իրեն ու ասացի, որ գա թղթերը ստորագրելու, որ ես բաժանվում եմ: Նա ապշած էր, երևի չէր հավատում, որ կգնամ այլ քայլին: Մեզ մեկ ամիս ժամանակ տվեցին, ես այդ ընթացքում էլ շարունակեցի նրա հետ ապրել նույն հարկի տակ,- հիշում է Ալինան։-Գիշերները բացում էր իմ ու երեխաների սենյակի դուռն ու ստուգում՝ քնած ենք, թե ոչ։ Գրպանում փոքրիկ դանակ էր սկսել պահել: Ես սարսափի մեջ անցկացրի այդ մեկ ամիսը, բայց կարևորն այն էր, որ ազատվելու էինք նրանից»:

Ալինան և Մհերը վերջնականապես բաժանվում են 2014 թվականին։ Հաջորդող տարիներին, ինչպես նշում է կինը, հայրն աղջիկներին տեսակցելու ոչ մի փորձ չի անում:

Ամուսնալուծվելուց հետո Ալինան վերապատրաստման դասընթաց է անցնում, կատարելագործվում իր աշխատանքում։ Այսօր որպես բուժքույր աշխատելը նրան հնարավորություն տալիս ինքնուրույն ապրել վարձակալած տանը, հոգալ իր և դուստրերի հոգսերը:

Դժվարություններով հանդերձ, խոստովանում է՝ երջանիկ են:

Նշում է, որ կյանքը լիովին փոխվել է, և դրա համար շնորհակալ է նաև իր ծնողներին, որոնք, ի տարբերություն հազարավոր ավանդապաշտ ընտանիքների, չփակեցին իրենց դռներն իր առջև, այլ աջակցության ձեռք մեկնեցին:

«Շատ կարևոր էր, որ ես ունեի ծնողներիս աջակցությունը: Շատ կարևոր է՝ վերադարձնել ինքնավստահությունդ, հաղթահարել խոչընդոտներն ու քայլել առաջ: Դու անձ ես, որը կարող է ոտքի կանգնել ու առաջ գնալ: Պետք է հիշենք, որ մենք կախված չենք նրանցից մեր ամբողջ կյանքում: Ոչ մի բանի չպետք է նայես, անգամ՝ ծնողներիդ ձեռքին: Ինքնուրույն լինել ամեն մի հարցում, որոշումներում ու հետագա քայլերում՝ սա ամենակարևորն է»,- ասում է Ալինան ժպտալով:

Հպարտությամբ է պատմում, թե ինչ նոր ապրանքներ է գնել տան համար ապառիկ՝ սառնարան, լվացքի մեքենա, հեռուստացույց։ Որպես իր ինքնուրույնության ապացույց՝ հերթով մատնացույց է անում տան եղած-չեղածը:

«Ես դուրս եմ եկել այն տանից առանց որևէ բան վերցնելու, միայն մեր անձնական իրերն ու հագուստն ենք վերցրել: Դեռ տանը ջուր չունենք, որ մեքենան միացնենք, բայց կարևորն այն է, որ ես կարողացել եմ գնել, ինքնուրույն, մեզ համար: Ու մենք երջանիկ ենք, ուրախ, չնայած բազմաթիվ մեր հոգսերին. ապրում ենք լիարժեք կյանքով, առանց մեզ որևէ մեկի ստրուկը զգալու»,- հպարտությամբ ասում է Ալինան:


  • տեքստը` Գայանե Մկրտչյան
  • լուսանկարը` Նազիկ Արմենակյան


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.