Ծանրամարտի Եվրոպայի, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը 2011 թվականին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կարող էր չքայլել, իսկ նա ոչ միայն քայլեց, այլև ողջ Եվրոպայի առաջ գլխից վերև պահեց ծանրաձողն ու հաղթեց: 

«Այդ պահին աշխարհը գլխիս փուլ եկավ, ոչինչ չէի մտածում, ոչինչ չէի զգում: Բայց երբ հաջորդ օրը բժիշկն ասաց՝ կքայլես, վիրահատությունը հաջող է անցել, ես արդեն գիտեի, թե ինչ եմ անելու հետո: Այս 2016 թվականին, երբ բժիշկն ինձ ասաց՝ Նազիկ, պիտի թողնես ծանրամարտը, քեզ հակացուցված է որևէ սպորտով զբաղվել, իսկ դու տես ինչ ես ընտրել, ես նրան ասացի՝ ե՞րբ եք ինձ վիրահատում, ես առաջնության եմ պատրաստվում»: 

Անկախ Հայաստանի ծանրամարտի աշխարհի առաջին չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի բացառիկ ֆենոմենը միայն տաղանդին ու օժտվածությանը վերագրելը չափազանց միամիտ կլինի: 

Որևէ տաղանդավոր կամ «բախտավոր» աստղի տակ ծնված մարդու առանց ջանքի, առանց խոչընդոտների հաղթահարման և առանց սեփական ուժերի նկատմամբ հավատի դեռ չի հաջողել դառնալ ծանրամարտի չեմպիոն: Գուցե զարմանալի թվա, բայց Նազիկն այս մարզաձևը բնորոշում է որպես նուրբ ու անսահման գեղեցիկ, և պատահական չէ, որ իր ծանրաձողին միշտ ասում է՝ «սիրունս», «իմ աղջիկ», կհաղթենք, չէ՞, կկարողանանք, չէ՞: 

17 տարեկանում նա աերոբիկայով էր զբաղվում: Եթե այդ ժամանակ մեկն ասեր, թե ծանրամարտը սիրուն սպորտաձև է, հաստատ չէր համաձայնի: Մի օր ծանրամարտով զբաղվող ընկերուհիներից Քրիստինեն Գյումրիի փողոցներից մեկում հանդիպեց Նազիկին: 

— Ասաց՝ Նազ, խնդրում եմ, էլի, գոնե մի անգամ արի, հաստատ կհավանես: Ես էլ հակաճառեցի, թե ի՜նչ ես խոսում, ես ինչպե՞ս կարող եմ սիրել ծանրամարտը, այն էլ աերոբիկայից հետո, որը գեղեցկության ու նրբության մարմնացում է: 

Համոզեց, բայց երբ Նազիկը հայտնվեց խոնավ, հնամաշ պատերով դահլիճում, մարմնով սարսուռ անցավ: Որևէ գրավիչ բան չկար, անգամ՝ մեծ ու փոքր ծանրաձողերը: Որոշ ժամանակ անց ծանրամարտի մարզիչներից մեկը գնաց աերոբիկայի պարապմունքի ու Նազիկին բացատրեց, որ նրա ֆիզիկական տվյալները լրիվ համապատասխանում են ծանրամարտին:

«Հիշում եմ՝ ասաց, դու կարող ես աշխարհի չեմպիոն դառնալ, ինչո՞ւ ես համառում, փորձի՛ր, եթե չես հավանի, մի՛ արի: Ես իսկապես չէի ուզում գնալ, բայց այդ ժամանակ նա մի բեկումնային նախադասություն ասաց՝ եթե վաղը եկար պարապմունքի, ուրեմն դու որոշել ես չեմպիոն դառնալ»: 

Մեկ տարի հետո՝ ծանրամարտով զբաղվելուց ընդամենը մեկ տարի անց, 2007-ին Նազիկ Ավդալյանը կատարեց մարզչի ու իր խոստումը՝ դառնալով սկզբում Եվրոպայի փոխչեմպիոն, ևս մեկ տարի անց՝ Եվրոպայի չեմպիոն: 2009-ին արդեն Նազիկն աշխարհի առաջնության չեմպիոն էր:

Ի՞նչ են մարդիկ տեսնում առաջնությունների ժամանակ՝ անհատին, որը կա՛մ դառնում է չեմպիոն, կա՛մ տապալում է: Մեզնից որևէ մեկը ականատես չի դառնում ափերի մեջ հայտնված կոշտուկներին, լացին, հուսահատությանը, մարդկանց թերահավատ կամ հաճախ՝ մեղադրող հայացքներին: 

Չեմպիոնն է, որ դրան դիմանում է արժանավայել, անկոտրում: Նազիկն ասում է, որ որևէ մեկը կողմ չէր, որ ծանրամարտով զբաղվի, մայրը լացում էր, հորդորում էր դադարեցնել պարապմունքները, բարեկամները, հարազատները անվերջ հիշեցնում էին, որ նա աղջիկ է, իսկ դա աղջկա սպորտաձև չէ: 

«Մի օր մորս ասացի՝ եթե ուզում ես, որ ես հաջողեմ, եթե իսկապես ուզում ես թև ու թիկունք լինել ինձ համար, բավական է լացես, փորձիր հասկանալ ինձ, եթե անգամ դժվար է: Ու մայրս իսկապես արեց անհնարինը, որ երբեմն ինձ որևէ կերպ չհասկանալով անգամ՝ պինդ կանգնեց իմ կողքին»: 

Բարեկամներից մեկը մի անգամ ակնարկել էր, թե ոչինչ չի ստացվելու, այ կտեսնի: Մեկ տարի անց, երբ սեղանի շուրջը հավաքված խմում էին Եվրոպայի փոխչեմպիոնուհու կենացը, ասել էր, թե փորձում էր «դուխ տալ», ոչ թե ցավեցնել: Իսկ Նազիկը ցավի միջից անգամ չմոռացավ երազելու ու նպատակին հասնելու մասին, կոտրվեց հազար անգամ, բայց երբեք չնահանջեց: 

«Քեզ կարող են բոլորը՝ ծնողներդ, ընկերներդ, անգամ մարզիչներդ, ասել՝ չէ՛, բան դուրս չի գալու, չի ստացվելու: Միակ մարդը, որ քեզ բոլորից լավ գիտի, դու ես, երբեք մի՛ թող, որ ուրիշների թերահավատությունը հաղթի երազանքիդ, երբեք դու ինքդ մի՛ պարտվիր քո երազանքին: Եթե ես հետևեի ինձ խորհուրդ տվողներին, ընկրկելու էի, ես պարզապես որոշեցի լռել՝ համբերատար, հաղթել՝ աղմուկով»: 

2011 թվականի ապրիլին Նազիկ Ավդալյանը ավտովթարի հետևանքով հայտնվեց հիվանդանոցում՝ սկզբում Գյումրու, հետո՝ Երևանի: Գիտակցությունը չէր կորցրել վթարից հետո, դա էր պատճառը, որ իրեն այս ու այն կողմ տանող մարդկանց փորձում էր հասկացնել, որ չտեղաշարժեն, ողնաշարը կարող է վնասվել: 

«Մի կերպ օգնող մարդկանցից մեկի ձեռքը պինդ բռնեցի՝ ինչքան այդ պահին ուժերս ներում էին, ու տարա դեպի ողնաշարս: Արագ կողմնորոշվեց, որ չի կարելի շարժել մարմինս, հասանք հիվանդանոց»: 

Բժիշկները պայքարում էին ոչ թե Նազիկի՝ սպորտ վերադառնալու, այլ քայլելու համար: Ամեն բան միլիմետրի տարբերությամբ լավ էր ավարտվել նրա համար՝ իսկական բախտավոր աստղի տակ ծնված մարդ: Վիրահատության հաջորդ օրն արդեն պարզ էր, որ Նազիկը կքայլի: 

«Հետո իմացա, որ բժիշկները նաև մտավախություն ունեին, որ կարող է երեխա չունենամ, բայց  ուրախ եմ, որ այդ ժամանակ ինձ խնայել էին, չէին ասել, թե չէ չգիտեմ՝ ինչպես էի հաղթահարելու թեկուզ միայն հավանականությունը, որ երեխա չեմ ունենա»:

Հիվանդանոցը մտորելու, կանգ առած ժամանակի ծանրութեթև անելու վայր է: Նազիկի միակ մտածմունքն այդ պահին այն էր, որ չի կարող պլանավորել, որ մեկ շաբաթ հետո կվերադառնա պարապմունքների, հետո ուսումնամարզական հավաքի կգնա. ամեն ինչ կանգ էր առել: Մտածում էր՝ գուցե հաշմանդամություն ունենա, հետո ինչ, լիքը մարդիկ հաշմանդամություն ունեն ու ապրում են: Մտածում էր՝ առաջվանը չի լինի, ոչինչ, կհաղթահարի ու կանցնի, բայց չէր մտածում ՝ ի՞նչ կլինի, եթե ծանրամարտը չլինի: 

Նազիկը քայլեց, մայրացավ ու նորից վերադարձավ սպորտ, երբ տղան՝ Վաչեն, երկու տարեկան չկար: Սա իր կյանքի ամենաբարդ փուլն է եղել: Մարդիկ կան, որ մտածում են, թե վթարն էր ամենածանր շրջանը: Այո, դա էլ էր ծանր, բայց երեխայից հեռու լինելը, այն էլ այն դեպքում, երբ նա այդքան փոքր էր, նրան անդադար ճնշում էր: Տեսազանգով էր շփվում երեխայի հետ, նա էլ երբեմն չէր ուզում, լացում էր, Նազիկի մայրը հետո պատմում էր, որ ջերմությունը բարձրանում էր Նազիկի կարոտից: 

«Մի օր՝ հերթական ուսումնամարզական հավաքի ժամանակ, հուսահատությունից չգիտեի՝ ինչ անել: Մտածեցի՝ պետք է թողնեմ ու վերադառնամ երեխայիս մոտ: Հետո ինքս ինձ հարց տվեցի՝ չէ՞ որ Վաչեին այսքան ժամանակ թողել եմ, որ կարողանամ հասնել չեմպիոնության, հենց այնպես չեմ նրանից հեռու, ես նպատակ ունեմ, ուրեմն թեկուզ հանուն նրա պետք է հասնեմ, որ այսքան ժամանակ նրանից հեռու լինելն արդարացում ունենա»: 

Վթարից հետո Նազիկի կյանքը տարբեր շրջափուլեր է անցել մինչև Եվրոպան նվաճելը: Վիրահատության ժամանակ բժշկական միջամտություններ էին արվել, որոնք խանգարում էին նրան մարզվել: Երբ գնաց բժշկի մոտ ու ասաց, որ պետք է իրեն նորից վիրահատել՝ փոքրիկ սարքերը մարմնից հանելու ու մարմնին ազատ շարժվելու հնարավորություն տալու համար, բժիշկը, հասկանալով, որ դժվար է նրան համոզել, ասաց, որ պետք է խորհրդակցի Գերմանիայի ու Իսրայելի իր գործընկերների հետ: 

«Նայեց ինձ ու ասաց՝ Նազ ջան, իրենք ասել են՝ ոչ մի դեպքում, այս մարդուն հակացուցված է ծանրամարտով զբաղվել, ավելին՝ այս մարդուն առհասարակ չի կարելի սպորտով զբաղվել: Շունչը պահած ինձ էր նայում, աչքերում հույս կար, որ համոզել է, իսկ ես նայեցի նրան ու ասացի՝ դե, ե՞րբ եք նշանակում վիրահատությունս»: 

2016 թվականին, երբ մարդիկ, շունչները պահած, սպասում էին Նազիկի վերջին մոտեցմանը, նրանցից քչերը իմացան, որ հենց այդ պահին նա ու իր սիրունը հաղթեցին սեփական վախը, հաղթեցին բոլոր այն մարդկանց, որոնք ամեն կերպ համոզում էին չանել, չգնալ, չփորձել: Նազիկ Ավդալյանը չեմպիոն էր: 

Ամիսներ անց, երբ ընդամենը 10 օր ուներ հանգստանալու և ուսումնամարզական հավաքի վերադառնալու համար, որպեսզի վերջին անգամ մասնակցեր ծանրամարտի մրցումների, երեք տարեկան որդու հետ նստած խաղում էին տանը: 

«Մեդալներս վիզն էր գցել ու հրճվանքով խաղում էր: Ասացի՝ Վաչե, տեսնո՞ւմ ես, մաման հենց սրա համար էր քեզնից հեռու, որ չեմպիոն դառնար, որ դու հպարտանայիր ինձով: Վաչեն՝ իմ երեք տարեկան տղան, շեշտակի նայեց վրաս, մեդալները շպրտեց ու ասաց՝ ինձ պետք չի, որ դու չեմպիոն լինես, ինձ իմ մաման ա պետք»: 

Նազիկ Ավդալյանը այլևս չվերադարձավ սպորտ, և սա բնավ պարտություն չէ: Կյանքի տարբեր փուլերում մարդիկ ունեն տարբեր արժեքներ, և այս փուլում երեխայի հետ անցկացրած ժամանակն ավելի ծանրակշիռ էր, քան ծանրաձողը: 

17 տարեկանում, երբ նա առաջին անգամ մոտեցավ ծանրաձողին, այն ընդամենը 7 կգ էր: Կարիերան ավարտելու ժամանակ, երբ դարձավ Եվրոպայի չեմպիոն, ծանրաձողը 147 կգ էր կշռում: Սա երևի ամենապարզ մաթեմատիկական հաշվարկն է՝ հասկանալու, թե քանի տոննա պարապմունք (ծանրամարտում տարիների ընթացքում բարձրացրած կիլոգրամները վերածում են տոննայի) է արել Նազիկ Ավդալյանը, որքան ծանր հոգեբանական պատնեշներ է հաղթահարել, որքան շատ է սիրել սեփական երազանքը հաղթանակի հասնելու համար: Վաչեն արդեն 10 տարեկան է, ու երբ նրան հարցնում են՝ կուզենա՞ արդյոք ծանրամարտով զբաղվել, նա պատասխանում է. 

— Չէ, էդ աղջիկների սպորտաձև է:


  • Լրագրող՝ Կուշանե Չոբանյան
  • Լուսանկար՝ Khurshudyan Photography

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Trending