«Պետք է դնել նպատակներ, աշխատել ու հասնել դրանց». Անժելան՝ առողջ սննդի հայտնի սրճարանի տիրուհին

Առաջնեկի ծննդից հետո առաջ եկած ավելորդ քաշից ազատվելու համար Անժելան սկսում է լուծումներ փնտրել: Կարճ ժամանակ անց նա հիմնում է Երևանում այսօր արդեն յուրահատուկ կոնցեպտով հայտնի, առողջ սնունդ մատուցող գողտրիկ ռեստորանը՝ «Իթ ընդ ֆիթ»-ը (Eat & Fit), որտեղ կարելի է առողջ, համեղ սնվել և, ինչպես անվանումն է հուշում՝ բարեկազմ մնալ: 

«Առաջին հերթին կոտրեցի կարծրատիպը, որ առողջ սնվելը կարող է համեղ լինել: Երկրորդը՝ որ մայր լինելով՝ կարող ես մեծ հաջողությունների հասնել և ստեղծել քո աշխատանքը: Եվ, ամենակարևորը՝ որ միշտ ժամանակ կա քեզ համար»,- ասում է նա: 

Ռեստորանի խոհանոցում տիրող եռուզեռը, տրամադրությունը և յուրահատուկ մթնոլորտը Անժելիկային գերել էին դեռևս, երբ նա ընդամենը 15 տարեկան էր: 

«Հայրս Մոսկվայում ռեստորան ուներ: 16 տարեկանում արդեն հորս ռեստորանում մատուցող էի աշխատում և ամեն ինչին՝ ռեստորանային բիզնեսին, նրբություններին, ներսից էի ծանոթ: Հետո արդեն կրթություն ստացա, հմտություններ ձեռք բերեցի, որը և օգնեց հիմնելու «Իթ ընդ ֆիթ»-ը, իսկ հորս մահից հետո որոշեցինք տեղափոխվել Հայաստան»,-պատմում է Անժելիկա Իլյինիխը: 

Վերջին տարիներին թեև երևանյան ռեստորանային իրականության մեջ բազմաթիվ հետաքրքիր կոնցեպտով ռեստորաններ և ժամանցի հետաքրքիր վայրեր են բացվել, այնուամենայնիվ, մի քանի տարի առաջ «Իթ ընդ ֆիթի» համար ճանապարհ հարթելը, ինչպես Անժելան է պնդում, այնքան էլ հեշտ չի եղել:

Ասում է՝ դժվար էր Հայաստանում առողջ սննդի սրճարան բացել, քանի որ այստեղ այնքան էլ ընդունված չէր առողջ սննդակարգը, և մտածելակերպն այլ էր: Նա նշում է, որ երբ բացեցին ռեստորանը, շատերը մտածում էին, որ այստեղ միայն խոտ են տալիս, ու առողջ սնունդն անհամ է: 

«Գրեթե ոչ ոք չէր հավատում, որ սրճարանը կարող է հաջողություն ունենալ և թերահավատորեն էին մոտենում մեր գաղափարին»,- նշում է նա: 

Անժելան հիշում է՝ հեշտ չէր, եւ առնվազն մեկ տարի պահանջվեց, որ հաղթահարեն եւ առաջ շարժվեն: 

«Բարդ էր, խոհարար չէինք կարողանում գտնել, այն մթերքը, որ ուզում էինք օգտագործել, հարցազրույցի եկող խոհարարները չէին ընդունում: Շաուրմա, քաբաբ պատրաստող խոհարարների հետ երբ խոսում էիր ավոկադոյով աղցանի մասին, զարմացած նայում էին: Այդ հիմա է, որ գրեթե բոլոր վայրերում օգտագործում են ավոկադո կամ քինոա, իսկ առաջ նման բան հնարավոր չէր գտնել»,- այսօր արդեն ժպիտով է դժվարությունների մասին հիշում 34-ամյա Անժելան:

Արամի փողոցի մի անկյունում գտնվող Eat and fit փոքրիկ սրճարանում օրվա գրեթե բոլոր ժամերին մշտապես երիտասարդներ են, օտարերկրացիներ և, ընդհանրապես, առողջ ապրելակերպը և առողջ սնունդը գնահատող մարդիկ:

Ժամանակակից ձևավորմամբ սրճարանում հաճելի մթնոլորտ  է, բազմատեսակ բույսերի շնորհիվ բուրում է թարմությամբ, իսկ այցելուն առողջ սնվելու լայն ընտրություն ունի:

Գանգրակաղամբ (քեյլ), խնձոր և կիվի՝ Eat and fit-ի բրենդային սմուզին է, որը հաճախորդներին առաջարկվում է որպես առողջ սնունդ: Սա սրճարանի տիրուհու՝ Անժելիկայի ֆիրմային ըմպելիքն է սեփական բաղադրատոմսով: 

«Բացի սմուզիներից, մենք քեյլն օգտագործում ենք մեր գրեթե բոլոր աղցաններում, այն շատ օգտակար է: Իսկ մեր սմուզին շատ պահանջված է հաճախորդների շրջանում»,- պատմում է Անժելան և հավելում, որ քեյլը B-12 վիտամինի, բջջանյութի լավ աղբյուր է, բարերար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա: 

«Այս ռեստորանը Երևանի կենտրոնում թաքնված իսկական գոհար է, որտեղ մատուցում են առողջ սնունդ, ուտելիքը հագեցնող է, ճաշացանկը՝ բազմազան»,- այցելուներից մեկի գնահատականն է ռեստորանին:

Մեկ այլ օտարերկրացի հաճախորդ էլ հավելել է. «Արդեն գիտեք, թե Երևան այցելելիս ուր գալ: Անպայման մտապահեք այս հասցեն»:

Իսկ մի այցելու էլ դժգոհել է և ամենացածր միավորը դրել՝ 1: «Սնունդը շատ լավն է, սակայն ռեստորանը փակվում է ժամը 22.00-ին, արդյոք սա և՞ս ռեստորանի մոտեցումն է, որ բարեկազմ մարդիկ 22.00-ից հետո չպետք է ուտեն»: 

Անժելան պատմում է, որ հենց բարեկազմ դառնալու մղումն է իրեն դրդել բացել առողջ սննդի ռեստորանը, իսկ առողջ սննդի սկզբունքները գործնականում կիրառելով ինքը եւս կորցրել է  26 կգ:

«Միշտ չէ, որ կողքիդ պետք է մեկը լինի, ինքդ քեզ վրա պետք է վստահ լինես: Իմ նիհարելու ճանապարհին հասկացել եմ, որ ես ինքս եմ իմ մոտիվացիան: Երբ հայելու մեջ տեսնում եմ իմ արտաքինը և հասկանում, որ հասել եմ ինչ-որ կետի, ուրեմն հանձնվել չկա, պետք է շարունակել: Ոչ ոք չի կարող կանգնել կողքիդ և ասել՝ դու կարող ես: Այո՛, շատ հաճելի է, երբ քեզ հավատում են, բայց դու ինքդ պետք է քեզ հավատաս, ինքդ քեզ օգնես, թե չէ այլ կերպ առաջ չես գնա»,- ասում է երիտասարդ ռեստորատորը:

Ուսումնասիրելով մարզական դիետոլոգիա, սննդագիտություն՝ նա կազմում է սրճարանի ճաշացանկը, խոհարարի հետ համագործակցությամբ տարբեր համերի  ու մթերքների համադրություններ անում: Եթե այդ համադրությունը համեղ չի լինում, փորձում են ստեղծել նոր համեր: Ասում է՝ ունեն մշտական հաճախորդներ, որոնց համար շատ հաճելի է, օրինակ՝ առավոտյան նախաճաշել Eat and fit-ում:

«Մեր ուտելիքների մեծ մասի և հատկապես նախաճաշի մեջ ավոկադո կա,- ասում է նա: — Ավոկադոն առողջ սննդի մեջ ամենաշատ օգտագործվող մթերքներից է, օմեգա 3-ի, օգտակար ճարպերի լավագույն աղբյուր»:

Անժելան նշում է այցելուների ամենանախընտրելի և սիրած ուտեստները՝ ավոկադոյի տոստ, ավոկադո բոլ, հավով բոլ, հնդկաձավարի լապշայով ուտեստ և այլ հետաքրքիր և օգտակար բաղադրիչներով ուտեստներ՝ հավի սուվլակի ծաղկակաղամբի խյուսով, հնդկաձավարի նուդլ բրոկոլիով և ավոկադոյով, կանաչ բուրիտո և այլն:

«Իթ ընդ ֆիթի» հիմնադիրը նշում է, որ երևանյան նորաձև և հետաքրքիր կոնցեպտներով սրճարաններով հարուստ իրականության մեջ փորձում են մրցակցության մեջ լինել՝ մշտապես ուշադրության տակ պահելով թե՛ ճաշացանկը, թե՛ ռեստորանի ինտերիերի գրավչությունն ու թարմությունը: 

«Եթե աշխատասեր ես, ապա շատ հեշտ է երազել, դնել նպատակ ու հասնել դրան: Չպետք է նստել ու ասել՝ չէ՛, ոչինչ չի ստացվի: Պետք է մարդն ունենա նպատակ, հավատա, որ նպատակին կարելի է հասնել ու շատ աշխատել դրա համար»:


Լրագրող՝ Հասմիկ Համբարձումյան


Հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը
և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Tags

«Դափնեն» նախագիծ է, որը բազում դժվարություններ եւ մարտահրավերներ հաղթահարած մարդկանց մասին է: Մարդիկ, ովքեր ի հեճուկս ճակատագրի հարվածների, զրկանքների, հուսախաբությունների կարողացել են դիմագրավել դժվարություններին ու առաջ գնալ:

NOT A VICTIM

BUT A WINNER

Daphne is a project about people who have overcome numerous hardships and challenges. People who despite the blows of the fate, despite deprivation and despair were able to withstand the difficulties and move forward.