«Երբեք հետ չնայեք, չհանդուրժեք բռնությունը, միշտ առաջ գնացեք… Կյանքը պայքար է». Մարիամ Գևորգյան՝ կին, որը հաղթեց / ԴԱՓՆԵ

Կանանց ապաստարանում քար լռություն է։

Ընտանեկան բռնության ենթարկված կանայք հայացքներն ուղղել են 27-ամյա Մարիամին՝ փորձելով որսալ նրա արտահայտած յուրաքանչյուր բառ ու միտք: Մարիամը խոսում է հանդարտ, բայց ինքնավստահ:

«Երբեք հետ չնայեք, չհանդուրժեք բռնությունը, միշտ առաջ գնացեք… Կյանքը պայքար է, դուք պետք է պայքարեք». Մարիամ Գևորգյանի այս խոսքերը շատ կանանց կյանք են փոխել, ազատել բռնության ճիրաններից և ապագայի համար նոր դուռ բացել:

Արդեն 5 տարի է, ինչ նա աշխատում է Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում՝ որպես սոցիալական աշխատողի օգնական: Մարիամը վերականգնողական աշխատանքներ է տանում բռնության ենթարկված կանանց հետ, կազմակերպում կանանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ և նրանց կենցաղավարության հմտություններ փոխանցում:

«Ես միշտ կանանց ասում եմ, որ առաջ գնան, չհուսահատվեն, որովհետև ամեն իրավիճակից ելք կա: Բռնության ենթարկված կինը պետք է իմանա, որ «չկարողանալ» բառը չկա: Ճիշտ է, սկզբում շատ դժվար է, բայց պետք է պայքարես, որ հասնես ուզածիդ»,- ասում է Մարիամը:

16 տարեկանից Մարիամը վարսավիրություն է սովորել և գումար վաստակել: Անարդարությունների դեմ ու հանուն հավասարության պայքարելու կամքը նրան դրդել է միշտ առաջ գնալ:

«Փոքր տարիքից պայքարել եմ, միշտ ընդվզել եմ, թե ինչո՞ւ պետք է տղամարդը սա անի, կինը չանի, հատկապես, որ մեր ընտանիքում այդպես չի եղել: Մենք 4 քույրիկ ենք, ու ծնողներս երբեք մեր առջև արգելքներ չեն դրել, թե՝ դու աղջիկ ես, սա պետք է անես, դա չանես: Այդ ավանդական, կարծրատիպային մոտեցումները մեր ընտանիքում բացակայել են»,- ասում է Մարիամը:

Դժվար է պատկերացնել, որ այսօր կանանց իրավունքների պաշտպան դարձած՝ այդքան համարձակ, ինքնավստահ և կյանքով լի Մարիամը 7 տարի առաջ անցել է ընտանեկան բռնության անասելի դժվար ու դաժան ճանապարհով: Սակայն դեմքի և մարմնի վրա սպիացած բռնության հետքերը վկայում են տարիներ առաջ նրա հետ տեղի ունեցածը:

«Երբ դա պատահեց ինձ հետ, մեծ շոկ էր: Մտածում էի՝ ո՞նց կարող են այդպես վարվել ինձ հետ»,- պատմում է Մարիամը:

Յոթ տարի առաջ ամուսնանալով ու Արարատի մարզի Տափերական գյուղից Սանկտ Պետերբուրգ մեկնելով` 20-ամյա Մարիամը չէր կարող պատկերացնել, թե իր հետ ինչ է տեղի ունենալու: Ամուսնության 9 ամիսների ընթացքում նա պարբերաբար ենթարկվել է դաժան ծեծի ու խոշտանգումների ամուսնու և սկեսրոջ կողմից, ինչի հետևանքով մարմնի տարբեր հատվածներին մնացել են պատառաքաղով ծակոցների ու արդուկից այրվածքների հետքեր:

«Անընդհատ ասում էին, որ ես ոչ մի բանի պիտանի չեմ, մարդ չեմ, իրենց ստրուկն եմ, որ իմ ծնողներին կսպանեն, մի վնաս կտան, ու ես դա ընկալում էի որպես ճշմարտություն: Դա բռնարարի ամենամեծ զենքն է՝ կնոջ ինքնագնահատականը իջեցնելը, վախի մեջ պահելը»,- նշում է Մարիամը:

Ամուսնության 9 ամիսների ընթացքում Մարիամին միշտ փակի տակ են պահել, բացի ֆիզիկական դաժան բռնություններից, նաև արգելել են աշխատել, անվերջ սպառնալիքներ հնչեցրել իր և իր ընտանիքի անդամների հասցեին:

Ամենատարբեր պատճառներով՝ «տունը դանդաղ ավլելու», «կանաչին սիրուն չդասավորելու», «դուռն ուժեղ ծածկելու»… ամուսինն ու սկսեսուրը Մարիամին դաժանորեն ծեծում էին՝ ամբողջ մարմինն ու դեմքը դարձնելով «կապույտ լողակ»:

«Ամեն անգամ մի պատճառ գտնում էին: Սկեսուրս մի քանի անգամ՝ կրակայրիչով, հետո արդեն թերթն էր կոլոնում ու կրծքերս վառում: Ստիպում էր, որ լեզուս հանեմ ու կրակայրիչով վառում էր: Ցավից հետ էի քաշում, գրտնակով խփում էր գլխիս, մազերս այնպես էր քաշում, որ տեղ-տեղ կաշվի հետ պլոկվում էր: Ստիպված լեզուս հանում էի, վառելուց հետո օճառը դնում էր բերանս ու ասում՝ որ լավ զգաս, թե մրմուռն ինչ ա: Բերանս պինդ փակում էր, թե հետո օճառը կուլ կտայի…»,- պատմում է Մարիամը:

Նա նշում է, որ ամուսնության միայն առաջին կես ամիսն է ամուսնու հետ անկողնում քնել: Հետո թույլ չեն տվել անկողին մտնել: Սկզբում անկյուն են կանգնեցրել, հետո, երբ ոտքերն ուռել են, աթոռ են դրել սենյակի անկյունում, ու ամիսներ շարունակ նստած է քնել: Լոգանք միայն սառը ջրով է ընդունել, լվացքը ձեռքով արել՝ չծեծվելու համար 2 րոպեում ավարտելու պայմանով: Հետո, երբ իր հագուստի արյան հետքերը երկու րոպեում չի մաքրել հագուստի վրայից, ծեծի է ենթարկվել նաև դրա համար:

«Ինն ամիս հետո ես փախա տնից: Այդ օրը տան դուռը պատահական բաց էին թողել ու գնացել տարբեր գործերով: Տեսա որ դուռը բաց է, ուրախությունից ինձ դուրս գցեցի, չեմ էլ մտածել՝ ուր եմ փախչում, կապտուկներից ուռած ոտքերով մի կերպ դուրս եմ վազել: Այդ ընթացքում միշտ պայքարում էի, որ վերադառնամ Հայաստան ծնողներիս մոտ: Որոշել էի, որ պետք է գամ, պայքարեմ, որ իրենք իրենց արածների համար պատիժ կրեն մինչև վերջ: Եթե իմ փախուստը չլիներ, Աստված գիտի՝ ես կենդանի կմնայի, թե ոչ»,- ասում է Մարիամը:

Փախչելով ու գալով Հայաստան՝ Մարիամը դիմում է Ոստիկանություն, որից հետո հարուցվում է քրեական գործ: Դեմքն ու մարմինն այնպես էին այլակերպվել, որ ծնողները նրան օդանավակայանում չեն ճանաչում:

Հայաստան գալուց հետո Մարիամն ստանում է հոգեբանական, սոցիալական և իրավաբանական աջակցություն Կանանց աջակցման կենտրոնում: Փուլ առ փուլ անցնում է վերականգնման շրջանը:

«Ես երբեք չեմ վստահել ոստիկաններին. առաջին օրերին ասում էին՝ վայ էս ինչ է եղել քո հետ, էս ինչեր են արել քեզ, հետո ծանր հոդվածը դարձնում են թեթև: Մինչև հիմա այդ փուլի մեջ եմ, քաղաքացիական հայցով ինձ դեռ վնասի փոխհատուցում չեն տվել»,- ասում է Մարիամը:

Ըստ դատավճռի՝ Մարիամին խոշտանգումների ենթարկած սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, դատապարտվում է 4 տարվա ազատազրկման, սակայն հայտարարված համաներման արդյունքում ազատազրկման մեջ է մնում ընդամենը մի քանի ամիս: Իսկ ամուսինը՝ Դավիթ Զիրոյանը, նույնիսկ մեկ օր անազատության մեջ չի անցկացնում:

Մարիամը նշում է, որ ոստիկաններին և ընդհանրապես՝ իրավապահ համակարգի աշխատողներին վերապատրաստելու անհրաժեշտություն կա ընտանեկան բռնության գործերը վարելու համար:

«Պետք է վերապատրաստել թե՛ ոստիկաններին, թե՛ բուժաշխատողներին, բայց միայն հասարակական կազմակերպությունները այդ ամբողջ աշխատանքը չեն կարող անել: Պետք է պետական մակարդակով լինի: Եթե «Ընտանեկան բռնության դեմ» օրենքն ընդունվի Հայաստանում, մեր կանայք իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին, մասնագետները վերապատրաստվեն, ու նման դեպքերը մշտապես բարձրաձայնվեն, ապա առաջընթաց կլինի, բռնության դեպքերն էլ կնվազեն: Մինչդեռ այսօր մեր հասարակության ընկալումներում մեկ ապտակը դեռ ծեծ չի, կամ հոգեբանական ճնշումը բռնություն չի համարվում, անպայման պետք է սպանեն կնոջը, որ համարեն բռնություն»,- ասում է Մարիամը:

Հասարակության վերաբերմունքն ու կարծրատիպերն են նաև ստիպել Մարիամին դառնալ կանանց իրավունքների խոսնակ: Այսօր նա փորձում է ոչ միայն աջակցել բռնության ենթարկված կանանց, այլև փոփոխություն մտցնել հասարակական ընկալումներում:

Ապաստարանում Մարիամը կանանց սովորեցնում է ոչ միայն ինքնուրույն ապրել, այլև վեր հանում նրանց լավ կողմերն ու կարողությունները, ապացուցում, որ նրանք կարող են հասնել իրենց նպատակներին, որ իրենք ուժեղ և հաղթող կանայք են:

Մարիամի օրինակով շատ կանայք են վերականգնվել, ապաստարանից դուրս գալուց հետո աշխատանք գտել, վերջնականապես հեռացել բռնարար ամուսնուց, տուն վարձել և սկսել ինքնուրույն կյանք վարել:

Ապաստարանի աշխատանքային զբաղվածությանը զուգահեռ, Մարիամը շարունակում է վարսավիրությամբ զբաղվել: Այս ընթացքում սովորել է նաև Էրեբունու քոլեջում ու վերապատրաստվել որպես կրտսեր բուժքույր: Խոստովանում է, որ վերջին 5 տարիներին շատ է փոխվել:

«Միշտ եմ ունեցել այդ համառ բնավորությունը, բայց հիմա շատ-շատ եմ փոխվել, ավելի պայքարող եմ դարձել, կյանքին ավելի պատրաստ ու ինքնավստահ»,- ասում է Մարիամը, որը նպատակ ունի մոտ ապագայում նաև բարձրագույն կրթություն ստանալու:

Նա ընդգծում է՝ ոչ մեկն ապահովագրված չէ բռնությունից, ոչ մի սոցիալական խավ, ոչ մի տարիքային կամ սեռային խումբ։

«Ամենակարևորը՝ չմնաս այդ իրավիճակում, չհանդուրժես բռնությունը ու հասկանաս, որ դու երջանիկ և ազատ ապրելու իրավունք ունես»,- ասում է Մարիամը:


  • Լրագրող` Լիլիթ Առաքելյան
  • Լուսանկարները` Էմմա Գրիգորյան

Tags

Categories

«Դափնեն» նախագիծ է, որը բազում դժվարություններ եւ մարտահրավերներ հաղթահարած մարդկանց մասին է: Մարդիկ, ովքեր ի հեճուկս ճակատագրի հարվածների, զրկանքների, հուսախաբությունների կարողացել են դիմագրավել դժվարություններին ու առաջ գնալ:

NOT A VICTIM

BUT A WINNER

Daphne is a project about people who have overcome numerous hardships and challenges. People who despite the blows of the fate, despite deprivation and despair were able to withstand the difficulties and move forward.