«Պատերազմն ինձ սովորեցրել է սիրել՝ այս պահին, առանց պայմանների». բժշկուհի Մանյան՝ երկրի, կրակի և երկնքի արանքում
Բժշկուհի Մանյա Սարգսյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ 25 տարեկան էր, Երևանի պետական բժշկական համալսարանի օրդինատոր: Երբ պատերազմը սկսվեց, քննության էր պատրաստվում, որը հանձնեց ոչ թե տեսական, այլ գործնական միջավայրում:
Քննությունը չկայացավ. այդ օրը «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցը, որտեղ Մանյան հերթապահ-ռեանիմատոլոգ էր աշխատում, ընդունեց առաջին երեխաներից մեկին, որը տուժել էր Մարտակերտի ռմբակոծության ժամանակ: Երեխային հասցրել էին Մարտակերտի, ապա՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, հետո սահմանված կարգին հետևելով՝ հասցրել էին Երևան: Մանյան մանկական անեսթեզիոլոգ֊ռեանիմատոլոգ է:
Մանյան շատ լավ է հիշում իր մեկնելու օրը. առողջապահության նախարարությունից թույլտվություն ստացավ, մորն ասաց, որ կզանգի օրական ընդամենը մեկ անգամ, զգուշացրեց, որ հետ գալու ժամկետներ չդնի իր առջև, ու մեկնեց Գորիս:
Ասում է՝ ճանապարհին չէր մտածում պատերազմի մասին. ինքը բժիշկ է, իր մտածմունքը մարդկային կյանքերն էին, չէր ուզում որևէ մեկի կյանքի կիսատվելը տեսներ: Մտածում էր այն երեխաների մասին, որոնք հավանաբար տեղահանման պատճառով տարբեր տրավմաներ էին տարել, իսկ ինքը մանկաբույժ է, հաստատ կգտնի օգնելու ելքը: Ավտոբուսի մեջ բժշկական համալսարանից ծանոթ ուսանողներ կային, որոնց հետ երգելով էին ճամփա գնում՝ հաղթելու փափագը պահած:
Հիշում է՝ Գորիսի հիվանդանոցում աշխատակիցները ձմեռվա ողջ պաշարը՝ կոմպոտներն ու պահածոները բերում, հյուրասիրում էին, այնպիսի հոգատարությամբ հետևում Երևանից եկած ջահել բժիշկներին, որ նրանք էլ չզգային, թե տնից այդքան հեռու են:
«Գորիսի հիվանդանոցում էի, որը բացի վիրավորներ ընդունելուց, նորմալ աշխատանքային ռիթմով գործում էր, մի օր գնացի ծննդաբերություն նայելու: Մինչև հիմա պահում եմ այդ տեսագրությունը, որտեղ նորածինը զրնգուն ձայնով ճչում է՝ ազդարարելով, որ ինքը լույս աշխարհ է եկել այն ժամանակ, երբ մեռնում են: Դա հույս էր, հիշեցում էր, որ մեկ է, այս ամենին զուգահեռ կյանք կա. տե՜ս՝ երեխա ծնվեց:
Պատերազմն ինձ սովորեցրել է սիրել՝ այս պահին, առանց պայմանների:
Հա՛, ու ոչ միայն սիրել, այլև ասել, որ սիրում ես, սիրելիների հետ լինել ամբողջությամբ ու անմնացորդ: Սովորեցրել է գնահատել մանրուքները: Հիշում եմ, որ զրահաբաճկոնս 17 կիլոգրամ էր՝ անտանելի ծանր, այնքան, որ ինձ թվում էր՝ բոլորի դարդերը շալակած նստած էի: Մի օր հոգնատանջ, հալից ընկած էի, չէի կարողանում այդ ծանրության տակ շարժվել, երբ մեր ռադիոլոգներից մեկը եկավ, թեթև վերցրեց վրայիցս ու գնաց: Այս պատմությունը եթե առանց նախաբանի պատմեմ, կասեն՝ հա, հետո՞ ինչ: Բայց սա հոգատարության դրսևորում է ինձ համար»:
Պատերազմից հետո եթե հարցնեին՝ ո՞ւր կուզենար գնալ, կասեր Իշխանաձոր՝ երկինքը տեսնելու: Մանյան հիշում է, որ Հարդագողն այնքան հստակ, պարզ ուրվագծած էր երևում, որ հեռվում թնդացող արկերի պայթյունն անգամ չէր կարող լղոզել այդ պատկերը: Այդ երազկոտ տեսարանը կարող էր ստիպել անգամ ապագայի ծրագրեր կազմել:
«Ուզում եմ հավատալ, որ իմ ապրելը կարևոր էր: Մի օր մի զինվորի ձեռքն ամպուտացրինք: Ես գնացի իր մոտ, արդեն արթնանում էր, ու պիտի ասեի, որ ձեռքը չկա: Չգիտեի՝ ինչպես սկսել, որ չնեղվի: Ասացի՝ դու ողջ ես, գիտե՞ս, մի քիչ էլ, ու հասնելու ես սիրելիներիդ: Քեզ փրկելու համար ձեռքդ պիտի ամպուտացնեինք, բայց ամեն ինչ լավ է, ամեն ինչ առջևում է»:
Հիշում է, որ ռեանիմատոլոգ ունեին, որի տղան Արցախում էր ծառայում, որտեղից վիրավորներ էին բերում: Երբ մեծ մեքենա էր գալիս, որում զոհված տղաներ էին, նա շունչը պահած հետևում էր, բայց շարունակում էր անխոս աշխատել: Նրա տղան հետ եկավ, բայց մի բուժքույր ունեին, որի որդին հետ չեկավ, ու ինքը գործ էր անում ժրաջան բզեզի նման՝ անտրտունջ: Այդ ամենին հետևելով՝ չես կարող չպայքարել, որ ապրես:
«Անհայտ զինվորներ էին լինում, որոնցից որևէ տվյալ չէինք ունենում: Նրանց համարակալում էին, գրում էին՝ Անհայտ զինվոր ու հիվանդության պատմության համարը: Մի զինվոր կար, որը այսպես էր համարակալված՝ «Կարմիր Շուկա, սեղան համար 5»: Նրան Կարմիր Շուկա գյուղից էին տեղափոխել, ու այդ հիվանդանոցային սրահում նա հինգերորդ սեղանի վրա էր պառկած: Այդ զինվորը հետո մահացավ Գորիսում… Մահեր էլի են եղել, բայց ես չեմ մոռանում այս տղային, որը մեզ համար այդպես էլ մնաց՝ Կարմիր Շուկա, սեղան համար 5, իսկ այն մեկի համար ինքը սիրելի էր»:
Երբ պատերազմն ավարտվեց, ու Մանյան եկավ տուն, միայն այդ ժամանակ մայրը, հետևելով Բժշկական համալսարանի զոհված ուսանողների մասին հրապարակումներին, խոստովանեց աղջկան, որ իսկապես չէր պատկերացրել, որ ամեն բան այդքան լուրջ էր, ու որ նա կարող էր մահանալ:
«Ես չէի ուզում մեռնել, որովհետև մտածում էի, որ վիրավոր զինվորս մնա, իրեն ո՞վ կօգնի: Մեկ էլ մտածում էի, որ մեռնեմ, մամաս կջղայնանա վրաս, որ մեռնեմ, ինձ կսպանի… Մաման այնքան համբերատար էր. չէր պահանջում ոչինչ: Ես գիտեի, որ Գորիսում եղած ժամանակն ամենահանգիստն է, առավոտյան ժամերին էի զանգում, կարճ ինֆորմացիա տալիս: Մաման մտածում էր, որ ես Գորիսից տեղ չեմ գնում, հետևաբար ապահով եմ: Իսկ ես գնում էի՝ ամեն տեղ ուր կասեին՝ Իշխանաձոր, Կուբաթլու,Խնձորեսկ, Ստեփանակերտ, Լաչին: Պատերազմի ավարտից հետո մամայի մոտ մի տեսակ վերարժևորում էր գնացել իմ արածի հետ կապված»:
Մանյան պատերազմ գնաց հոկտեմբերի 3-ին, վերադարձավ նոյեմբերի 11-ին: Հիշում է, որ գրկեց միայն պապին. շատ էր կարոտել, պապն իրեն երեխայի պես էր սպասում: Հիմա երազանքները ուրիշ են:
«Ընկերուհիս արծաթափայլ եղևնի է նվիրել ինձ՝ Մանյուշակը: Երազում եմ նրան մեծացնել: Ուզում եմ օգնել մարդկանց, այսինքն՝ լավ բժիշկ լինել: Ուզում եմ մեր կյանքն էլ սկսվի կինոների պես՝ թարմ քամած նարնջի հյութով, սիրուն նախաճաշով, սիրած մարդու հետ ու խաղաղ, շա՜տ խաղաղ»:
- Լրագրող՝ Կուշանե Չոբանյան

և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։