«Ամաչում էի ինքս ինձնից, որ թույլ եմ տվել կործանել երազանքներս, բայց հետո հիշեցրի ինքս ինձ՝ ուժեղ ես, կարող ես». Աննա Ավակովան՝ ֆիթնես բիկինիի դափնեկիր

«Առաջին անգամ բեմում կիսամերկ կանգնած զգում էի՝ ինչպես են ոտքերս դողում։ Այդ ոլորտում ինձ ոչ ոք չէր ճանաչում։ Ընդհանրապես, մարզիչները հաճախ չեն մասնակցում ֆիթնես բիկինիի մրցույթների։ Երբ զբաղեցրի երկրորդ տեղը, շատ ուրախ էի, բայց նաև գիտեի՝ սա այն արդյունքը չէ, որին ձգտում եմ․ ինձ բացարձակ հաղթանակ էր պետք»,– ասում է Աննա Ավակովան՝ Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ֆեդերացիայի (IFBB) ֆիթնես բիկինիի միջազգային մրցույթի հաղթողը։

2 տարեկանում փախուստ Բաքվից, պատերազմ, ծնողների ամուսնալուծություն, անհաջող ամուսնություն, ամուսնալուծություն, սեփական բիզնես, միայնություն, մեծ երազանք ու հաղթանակ՝ միջազգային մրցույթում։ Այս բառերն ամբողջացնում են մի կյանքի պատմություն, որի ուղին տանում է դեպի հաղթանակ՝ չափազանց փշոտ ճանապարհներով։

«Ծնողներիս ամուսնալուծությունից հետո Մեղրիից տեղափոխվեցինք Երևան։ Բարձր դասարաններում երազում էի ճարտարապետ դառնալ, բայց գիտակցում էի, որ մորս համար շատ դժվար կլինի իմ և քրոջս ուսման վարձը վճարել։ Այդ պատճառով էլ ընդունվեցի Եվրոպական համալսարան՝ ՏՏ մենեջմենթի ֆակուլտետ։ Համակարգիչ չունեինք, և դասերին պատրաստվելու համար աշխատում էի ինտերնետ ակումբներից։ Սոցիալական ցանցեր չկային, միակ հասանելի տարբերակը ICQ-ն էր։ Հենց այդ չաթում էլ ծանոթացա ապագա ամուսնուս հետ։ Երկու տարի անց ամուսնացանք»,– պատմում է Աննան։

Ընտանիքը, սակայն, երկար կյանք չունեցավ։ Անգամ երեխայի ծնունդը չփրկեց օրեցօր օտարվող հարաբերությունը:

«Ես ինձ անտեսանելի էի զգում։ Մի օր, երբ ամուսինս աշխատանքի էր, մտա բաղնիք ու սափրեցի մազերս, ճիշտ գլխիս կեսը։ Երբ վերադարձավ, անգամ չնկատեց դա։ Այդ ժամանակ հստակ որոշեցի՝ մենք այլևս իրար հետ կիսելու կյանք չունենք»,– հիշում է նա։

Ասում է, որ չնայած շատ ծանր է տարել ամուսնալուծությունը, այնուամենայնիվ, հավաքել է իրեն, քանի որ հիշել էր՝ ծնողների բաժանվելուց ու հոր գնալուց հետո ինքն իրեն խոստացել էր՝ հույսը միայն իր վրա դնել։ Աշխատանքի փնտրտուքի մեջ հասկացավ, թե ինչով է ուզում զբաղվել․

«Տարիներ առաջ քաշիս վերաբերյալ ամուսնուս արած վիրավորական արտահայտությունը ինձ շատ էր նեղացրել։ Որոշեցի մարզասրահ գնալ, նիհարել։ Երկուսով էինք գնում։ Շուտով հասկացա, որ մարզասրահն այն վայրն է, որտեղ ես ինձ իրոք լավ եմ զգում։ Ինձ դուր է գալիս մարզվելը, յուրաքանչյուր մկանիս ձգումը զգալը։ Շուտով դա ինձ համար կենսակերպ դարձավ։ Միևնույն ժամանակ, ես հասկանում էի, որ մարզիչների խորհուրդները ինձ առանձնապես չեն օգնում, և ես սկսեցի ինքս ուսումնասիրել, կարդալ, հետաքրքրվել։ Հասկացա՝ իմ կազմած մարզումները շատ ավելի արդյունավետ են ոչ միայն ինձ համար, այլև ամուսնուս․ մեկ տարվա ընթացքում իմ կազմած ծրագրի շնորհիվ ամուսինս մոտ 70 կգ նիհարեց։ Արդեն ամուսնալուծությունից հետո, երբ աշխատանք էի փնտրում, հասկացա՝ ուզում եմ անհատական մարզիչ դառնալ։ Քնում ու արթնանում էի այդ մտքով։ Բայց նաև ուզում էի համապատասխան կրթություն և հավաստագիր ունենալ։ Փնտրեցի, գտա վճարովի մի դասընթաց՝ Ռուսաստանում»,– պատմում է Աննան։

Ստավրոպոլում երեք ամիս սովորելուց հետո Աննան Հայաստան վերադառնալով՝ հայտնի մարզասրահներից մեկից աշխատանքի առաջարկ է ստանում։ Հիշում է՝ կարճ ժամանակ անց մարզասրահի այցելուների մեծ մասը հենց իր մոտ էր մարզվում:

«Որոշ ժամանակ անց գործընկերներիցս մեկն ասաց, որ Հայաստանում կազմակերպվելու է IFBB-ի ֆիթնես բիկինիի միջազգային մրցույթ, և առաջարկեց մասնակցել: Ես իհարկե ամաչում էի լողազգեստով բեմ բարձրանալ, մեր հասարակությունում շատ են կարծրատիպերը… բայց ես սովոր եմ ինքս իմ առջև նպատակներ դնել և հասնել դրանց։ Այդ մրցույթում հաղթելը դարձավ իմ ամենամեծ նպատակը»,– պատմում է Աննան։

6 ամսվա քրտնաջան մարզումներից հետո Աննան բարձրանում է բեմ ու միանգամից զբաղեցնում երկրորդ տեղը։ Ոլորտում, որտեղ նրան դեռ ոչ ոք չէր ճանաչում, ասում է՝ սա մեծ հաղթանակ էր: 

«Ես միշտ մտածել եմ, որ պիտի հաջողության հասնեմ ու օգնեմ մարդկանց՝ փոխել իրենց կյանքը։ Որևէ մեկը չէր հավատում, որ դրան կհասնեմ, բացի ինձանից։ Բայց իմ հավատն իմ ուժերի նկատմամբ երբեք չի պակասել, և դա արդեն իսկ բավարար էր։ Հաջորդ օրը ես արթնացա արդեն հայտնի․ հեռախոսազանգերը չէին դադարում, բոլոր հայտնի մարզասրահներն ինձ աշխատանքի էին հրավիրում։ Բայց ինձ համար կարևոր էր, որ աշխատանքս մոտ լինի տանը, քանի որ իմ խնամքին էին փոքրիկ երեխաս և հիվանդ տատիկս։ Եվ ես որոշեցի, որ ինքս կարող եմ իմ մարզասրահն ունենալ»,– ասում է Աննան։

Փոքրիկ մարզասրահը, որ վարձել էր Աննան, շուտով հաճախորդների պակաս չուներ։ Չնայած զբաղվածությանը՝ Աննան չի դադարում երազել միջազգային մրցույթի մասին։ Հաջորդ տարի կրկին բեմում էր՝ իր վախերի ու հասարակական կարծրատիպերի դեմ՝ սակայն ավելի ուժեղ ու ինքնավստահ։ Այս անգամ ևս երկրորդ տեղն իրենն էր, բայց ասում է՝ կիսատ հաղթանակներն իր համար չեն:

«Միջազգային այդ մրցույթի բացարձակ հաղթող դարձա երրորդ փորձից միայն։ Շատերը չէին հասկանում համառությունս, բայց ինձ համար դա չափազանց կարևոր էր»,– ասում է նա։

Իրականացված նպատակին հաջորդեց նորը՝ ունենալ մարզասրահ՝ լավագույն մարզասարքերով։ 2 ամիս անց մարզասարքերն արդեն Հայաստանում էին, տարածքը՝ վարձակալած, երազանքը՝ իրականացած։ Ամիսներ անց, սակայն, ասում է՝ գերհոգնածությունն ու էմոցիոնալ սպառվածությունն իրենց զգալ տվեցին։ Մեկ օր տևած նյարդային ցնցումը հիմնովին փոխում է Աննայի կյանքը։ 

«Շատ ծանր վիճակում հայտնվեցի մեկ օրում, մեկ օրում ամեն ինչ կորցրեցի՝ հույսեր, հավասարակշռություն, ինքնատիրապետում։ Նյարդային, առողջական նման վիճակում, բնականաբար, չէի կարողանում հետևել բիզնեսին և որոշեցի մարզասրահը ժամանակավորապես փակել՝ գոնե վարձավճար չտալու համար։ 

Նախկին ամուսինս, իհարկե, օգնում էր, բայց շատ բարդ ժամանակներ էին, երբ տանն անգամ հացի խնդիր ունեինք։ Ես շուրջ մեկ տարի ոչինչ չէի զգում, դատարկությունից բացի։ Ես բոլորովին մենակ էի, մարզասրահը՝ փակված, մարզասարքերը՝ վարձակալված ավտոտնակում ժանգոտում էին»,– պատմում է Աննան։

Բախվելով հոգեբանական նման խնդիրների՝ Աննան ասում է, որ մեկ տարվա ընթացքում 25 կգ քաշ էր հավաքել։ 

«Չէի կարողանում նայել հայելուն, մարզասարքերին, ամաչում էի ինքս ինձնից, որ թույլ եմ տվել կործանել երազանքներս։ Աշխատանքի վերադառնալն անհնար էր՝ համավարակի տարածման պատճառով։ Բայց հետո ինձ հավաքեցի, հիշեցրի ինքս ինձ՝ ուժեղ ես, կարող ես»,- դժվարին պահերն է հիշում Աննան։ 

Երեք ամսվա ընթացքում կորցրեց հավաքած բոլոր կիլոգրամները, վերադարձրեց երբեմնի մարզավիճակը ու հաճախորդներից մի քանիսին, որոնց մարզում էր վարձակալած բնակարանի փոքրիկ նախասրահում։ Ասում է՝ ներդրած մեծ ջանքերի շնորհիվ կարողանում է իր կյանք վերադարձնել ներդաշնակությունը, նորմալ կյանքի հունով առաջ շարժվել։ 

«Երազանքներ ունեմ, իսկ դա շատ կարևոր է։ Վստահ եմ՝ մի օր երազանքս իրականանալու է, ես ունենալու եմ մարզասրահների իմ ցանցը, որովհետև ինքս ինձ համար որոշել եմ՝ կինն ուզում է՝ կինը հասնում է։ Ես կյանքի այլ կերպ չունեմ և չեմ ունենա»,– ասում է Աննան։


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.