«14 տարեկանում հայրս ինձ տնից դուրս հանեց, որի համար շնորհակալ եմ». Վարդա Ավետիսյանը՝ հակասական կյանքից մինչև խելահեղ ռեստորատոր / ԴԱՓՆԵ

«Ես միշտ զգացել եմ, որ անտեր եմ, որ ծնող չունեմ, ու դրա համար ես ինքս ինձ տեր կանգնեցի, ինքս ինձ աճացրեցի ու մտածում էի, եթե ինչ-որ բան չկարողանամ անել՝ իմ մեղքն է լինելու»,- ասում է ռեստորատոր Վարդա Ավետիսյանը, ով Դիլիջանում հեղինակային խոհանոցով հայտնի «Կճուճ», «Լոշ» և «Թավա» ռեստորանների հիմնադիրն է:

«10 տարեկանում կորցրեցի մորս, իսկ 14 տարեկանում հայրս ինձ տնից դուրս հանեց: Հիմա, երբ հետ եմ նայում, հաշտ եմ մանկությանս հետ, նույնիսկ շնորհակալ եմ հորս, հակառակ դեպքում այս ձեռքբերումներին, գուցե, չհասնեի»,-ասում է Վարդան:

Բարձրահասակ, սևահեր, ինքնավստահ քայլվածքով ու խռպոտ ձայնով այս կնոջ կյանքըողջ մնալու երկարաժամկետ դասընթաց է հիշեցնում: Տան երեք երեխաներից առաջինն էր, ըմբոստ ու ընդունակ, բայց անընդհատ ստիպված էր գոհացնել ծնողներին:

«Հայրս խանդի հողի վրա ծեծում էր մորս, տանը` անընդհատ վեճեր, ծեծ, ջարդ: Ոսկորներս ջարդելու աստիճանի ծեծում էր նաև ինձ: Մայրս էլ շատ խիստ կին էր, իսկ ես անընդհատ փորձում էի գոհացնել նրանց: Ընդունակ երեխա էի, մաթեմատիկայից ուժեղ, բայց եթե հանկարծ տգեղ գրեի կամ ջնջումով, մատներս կջարդեր մայրս»,-հիշում է Վարդան:

Անընդհատ դարձած ֆիզիկական բռնությանը գումարվեց նաև մոր մահից հետո հոգուն ծանրացած մեղքի զգացումը: Տասնյակ տարիներ փոքրիկ աղջիկը հիշում էր մորը՝ աստիճանների վրա կանգնած, ծննդատուն գնալիս ու մահից առաջ իրեն ասված վերջին խոսքերը.

«Վերջին բանը, որ մորիցս հիշում եմ, այն էր, որ աստիճանների վրա կանգնած գոռաց վրաս, ասաց՝ գնամ հիվանդանոց, քո դարդից էլ հետ չգամ:Ստացվեց՝ դա վերջին բանն էր, որ մայրս ինձ ասաց: Դրանից հետո մի ամբողջ դեռահասության տարիք ապրել եմ մեղավորության զգացումով: Ինձ թվում էր` երբեք ինձ չեն սիրել»:

Մոր մահից հետո երեխաների խնամքով զբաղվում էին հայրը և տատը: Հպարտ աղջկան ստիպում էին օգտագործել իր որբությունը՝ խղճահարություն առաջացնելու, օրվա հացի խնդիրը լուծելու համար.

«Մեզ սկսեցին նորմալ չհագցնել, ասում էին՝ դուք որբ եք, խեղճ, ով ինչով կարող է՝ թող օգնի: Տատս տանում էր մեզ շուկա,ասում էր՝ դուք որբ եք, վիզներդ ծուռ արեք, որ շուկայից մթերք վերցներ: Դա ինձ ամենաշատն էր կատաղացնում: Ես շատ հպարտ էի և ընդհանրապես ցույց չէի տալիս, որ որբ եմ կամ ինչ-որ բանի կարիք ունեմ: Ինչքան ուզում էին մտցրած լինեին իմ մեջ զոհի հոգեբանությունը, միևնույն է՝չէր ստացվում»:

8-րդ դասարանում էր, երբ ընդունվեց «Իմաստասեր» վարժարան: Դասընկերներից ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող, որ աղջիկը գալիս է անբարենպաստ ու խնդիրներով լի ընտանիքից, որտեղ օրվա հաց հայթայթելու խնդիր կա: Իրավիճակը փոխվեց, երբ Վարդան 14 տարեկան էր.

«Հորս ընտանիքը արգելում էր մեզ շփվել մորս կողմի հետ, բայց ես կապը պահում էի, երբեմն գնում էի մորաքույրերիս տուն: Երբ իմացան այդ մասին, ինձ մի լավ ծեծեցին, հետո տնից դուրս հանեցին՝ փոքր քրոջս հետ միասին: Արդեն խորթ մայր ունեինք, նա էլ հորս որոշման վրա ազդել էր: Վարժարանում անունս միանգամից փչացած դրեցին,երբ իմացան, որ ինձ տնից դուրս են հանել»:

Մորաքույրն իր տանը ժամանակավոր ապաստան տվեց Վարդային, փոքր քրոջը հետ ուղարկեցին հայրական տուն: Մորաքրոջ ընտանիքում ապրելու ընթացքում ևս աղջիկն իրեն ճնշված էր զգում, չէր ցանկանում որևէ մեկի համար բեռ լինել: 16 տարեկանում ընդունվեց ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետ: Ուսմանը զուգընթաց սկսեց աշխատել տարբեր ՀԿ-ներում, սոցիոլոգիական հարցումներ և թարգմանություններ անել:

«Նույնիսկ, եթե ուժերիցս վեր էր, ցանկացած աշխատանք կատարում էի: Ինձ համար չկար որևէ խնդիր, որը ես չէի կարող լուծել: «Հնարավոր չէ», «չեմ կարող» բառերը երբեք ինձ համար չեն եղել»,- ասում է Վարդան:

Երկրորդ կուրսում դիմեց ԱՄՆ-ի փոխանակման ծրագրի և հաջողեց: Ուսման նպատակով մեկնեց և հաստատվեց այնտեղ հաջորդ 13 տարիներին: Ամերիկայում 19-ամյա աղջիկը և՛ աշխատում էր, և՛ սովորում: Իր նկատմամբ ոչ մի կանխակալ վերաբերմունք չկար, ոչ ոք չէր թերագնահատում, ոչ ոք ավելին չէր պահանջում, ոչ մեկի համար ինքը զոհ չէր: Ինքն այն էր, ինչ կար: Հենց այստեղ աղջիկն առաջին անգամ հայտնվեց ռեստորանում ու գտավ իր ուժերն ու երևակայությունը դրսևորելու ճիշտ տարածքը. սկսեց աման լվացողի ու մատուցողի գործից, կարճ ժամանակ անց դարձավ մենեջեր: Սիրում էր մտնել ռեստորան ու նոր ճաշացանկ գրել, նոր աշխատակազմ հավաքել ու հատկապես հեղինակային խոհանոցով ներկայանալ: Այս բիզնեսում իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում:

ԱՄՆ-ում Վարդան ծանոթացավ նաև ապագա ամուսնու հետ, ով ազգությամբ մարրոկացի էր: Համատեղ ընտանիքում երկու զավակ ունեցան:

«Մայրանալուց հետո ես հասկացա՝որքան սեր ունեմ իմ մեջ՝ փոխանցելու համար իմ երեխաներին: Ուզում էի, որ նրանք ունենան լավ ընտանիք, լավ ծնողներ, ինչը ես երբեք չեմ ունեցել: Ես Ամերիկայում հասա ամեն ինչի, ինչ երազում էի: Ունեի հրաշալի ընտանիք, երեխաներ, ամուսին, լավ կարիերա, շատ լավ եկամուտ, Չիկագոյի արվարձաններից մեկում՝ լճի ափին, սեփական տուն, սեփական ավտոմեքենաներ…Բայց ներսս ինչ-որ բան դատարկ էր»,- ասում է նա:

Այդ դատարկությունը լցնելու համար Վարդան երեխաների հետ տեղափոխվեց Հայաստան, 2012-ին հաստատվեց Դիլիջանում: Այդ ընթացքում արդեն սկսվել էին վեճերն ամուսնու հետ. նա չէր ուզում հեռանալ ԱՄՆ-ից, անընդհատ համոզում էր՝ վերադառնալ, սպառնում էր, որ երեխաներին Հայաստանից կտանի: Վարդան արդեն ամուսնալուծվելու միտք ուներ:

«Դիլիջանում ես կտրվեցի հասարակական թոհուբոհից և իմ ակտիվ կյանքից: Առաջին անգամ դադար տվեցի ու ավելի հանգիստ սկսեցի վերլուծել իմ կյանքը, գնալ դեպի մանկություն, թե ուր եմ վազում և ինչ եմ անում: Այդ ընթացքում ամուսնուս հետ դեռ փորձում էինք վերամիավորվել: Նա Չիկագոյից եկել էր Դիլիջան, փորձում էինք համատեղ ապրել, բայց միևնույն է՝ չստացվեց»,-ասում է Վարդան:

Ամիսներ անց, երբ փորձեց ամուսնու հետ անկեղծ խոսել իրենց խնդիրների, իր նոր սիրո մասին, ամուսինը վերցրեց երեխաներին և տեղափոխվեց ԱՄՆ: Դրանից հետո նրանց արգելված է շփվել մոր հետ:

«Ես 2 ամիս ուղղակի տնից դուրս չեկա, օրերով հաց չէի ուտում, մարդկանց չէի ուզում տեսնել: Սա ինձ համար շատ ցավոտ հարված էր: Աշխատանքս դարձավ իմ փրկությունը: Ես գիտեի, որ միայն ինքս կարող եմ ինձ օգնել»,- ասում է Վարդան ու խոստովանում՝ իր ցավի համար չէ այդքան մտահոգ, որքան այն մտքի, որ զավակներն իրենց հանկարծ մեղավոր չզգան:

«Ես իմ երեխաների համար հրաշալի մամա եմ եղել, ես ընկեր եմ եղել իրենց համար: Իմ երեխեքը իմն են ու միևնույն է՝ հետ են գալու, իրենց ժամանակ է պետք, ու իրենք կհասկանան: Երեխաներս իրենց կյանքում ոչ մի խնդիր սկզբից մինչև վերջ չեն լուծել, ոչ մի դժվարություն չեն տեսել, ոչ մի զրկանք չեն կրել, հիմա սա իրենց համար փորձություն է: Ես գիտեմ, որ իրենց սիրտը կապված է իմ հետ, երեխաներս հետ են գալու, ու մենք շատ ավելի մտերիմ հարաբերություններ ենք ունենալու»,-հուզմունքի ու ժպիտի միջից փայլում է ուժեղ կինը:


  • Լրագրող՝ Լիլիթ Առաքելյան
  • Լուսանկարները՝ Էմմա Գրիգորյան
  • Տեսանյութը՝ Սոնա Մարտիրոսյան, Action Studio


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.